Ո՞ր ուժն է 5-րդ շարասյունը

Ո՞ր ուժն է 5-րդ շարասյունը

Իսկապես, հետաքրքիր հարց է, թե որ ուժն է 5-րդ շարասյունը Հայաստանում: Ընդհանրապես, այդ հասկացությունն օգտագործվում է գործող իշխանության դեմ հանդես եկող ընդհատակյա ուժերի կապակցությամբ: Այն ծագել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի (1936-1939 թթ.) առնչությամբ՝ երբ ազգայնական ուժերը չորս շարասյունով հարձակվում էին մայրաքաղաքի ուղղությամբ, իսկ Մադրիդում գործելու էին նրանց կողմնակիցների զինված խմբերը: Հետագայում «5-րդ շարասյուն» անվանումը տրվեց այն ուժերին, որոնք որևէ երկրի ներսում գործելով՝ նպաստում էին նացիստական Գերմանիայի ներխուժման հաջողությանը: Այնուհետև նման անվանում էր տրվում բոլոր այն ուժերին, ովքեր արտաքին վտանգի կամ հարձակման պարագայում գործում էին երկրի ներսում՝ ապակայունացնելով իրավիճակը: Ենթադրվում է, որ այդ երկրի գործող իշխանությունը պետք է ունենար հայրենասիրական և ոչ թե, ինչպես մեր դեպքում, ադրբեջանամետ կամ թուրքամետ դիրքորոշում: 

Հիմա գանք Հայաստան ու ներկայացնենք, թե մայրաքաղաքի ավագանու ընտրության հետ ինչ կապ ունի այդ չարաբաստիկ շարասյունը: Այդ երևույթը հիշատակել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զեյնալյան Արտակը՝ ասելով, որ իրենք «կոալիցա չեն կազմի այն ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն»: Եթե գործող իշխանությունը երկիրը պաշտպաներ օտար հարձակումից, ապա Զեյնալյանի ասածը տեղին կլիներ: Սակայն քանի որ իրականությունը 180 աստիճանով տարբեր է, ապա, որքան էլ անբնական հնչի, 5-րդ շարասյան ներկայացուցիչներին պետք է փնտրել ոչ թե ընդհատակում, այլ իշխանության դաշտում՝ նրա վերին օղակներում: Եվ որքան էլ մի ժամանակ հարգել եմ Զեյնալյանին՝ նրա հետ համաձայնվել չեմ կարող: Իսկ հարգել եմ որպես Արցախյան առաջին պատերազմի մասնակից բժշկի, որը սովորական սղոցով ինքնուրույն կտրել էր սեփական վիրավոր ոտքը:

Այժմ էլ անցնենք ավագանու քվեարկության արդյունքների՝ իշխող քաղաքական ուժի առումով քննարկմանը: Քաղաքապետի թեկնածու Ավինյանով այդ ուժը ստացավ 32.57% ձայն: 2018 թվականի համեմատությամբ դա երկուսուկես անգամ պակաս էր: Նորմալ ժողովրդավարական երկրների պարագայում իշխող կուսակցությունը կփորձեր վերակառուցվել: Ինչը նշանակում է, որ առաջին հերթին հրաժարական կներկայացներ քարոզարշավ անող թիմն իր ղեկավարով: Մեզանում, իհարկե, նման բան դժվար թե կատարվի, քանի որ 2018-ին հաստատված նիկոլական «ժողովրդավարությունն» ուրիշ է: Ով որպես այդպիսին՝ այն չի ենթարկվում նորմալ ժողովրդավարությունների կանոններին: Ավելին, իշխող քաղաքական ուժը հրաժարական կներկայացներ՝ գնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Որպեսզի մայրաքաղաքում ունեցած այդ տապալումից հետո վերահաստատեր երկիր կառավարելու իր լեգիտիմությունը:
Ի դեպ, որպես տեղական ու համապետական ընտրություններին մեկուկես տասնամյակի դիտորդական փորձ ունեցող անձնավորություն, խիստ կասկածեցի երկու դրվագի առումով: Նախ, քվեարկության ավարտից անցել էր արդեն 50 րոպե, բայց մասնակցության վերջնական պատկերը դեռևս չկար, ինչն անսովոր երևույթ էր: Եվ երկրորդ, կիրակի օրով ժամը 17.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում մասնակցությունն ավելի քան 7 տոկոսային կետով աճել էր՝ ըստ մեկ ժամ ուշացումով ներկայացված տվյալների. 21.36%-ից դարձել էր 28.46%: Կարծես թե մարդիկ գործից կամ էլ մեռելոցից եկել ու շտապել են ընտրատեղամասեր: Ենթադրում եմ, որ տեղի է ունեցել ընտրողների «բերման» ենթարկելու գործընթաց: Եվ այն իրականացվել է թաղային «նայողների» և վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ ընտրողներին այս կամ այն բարիքը (կամ գումար) տրամադրելու խոստումով: Ճիշտ այնպես, ինչպես նախկինում էր: Իսկ ենթադրությունս էլ, բնականաբար, հիմնված է նախկինների վարքագիծը քննադատող Նիկոլի՝ ամեն վատ նախկինն ընդօրինակելու վարքագծով:  

Քվեարկության արդյունքներին վերադառնալով՝ արձանագրեմ, որ 2018-ի համեմատությամբ ՔՊԿ-ի՝ երկուսուկես անգամ ձայների պակասելը նշանակում է, որ ընտրողները դժգոհ են, նախ, ձևականորեն փոխքաղաքապետ, իրականում քաղաքապետի գործառույթները կատարող Ավինյանից: Երկրորդ, մայրաքաղաքի ընտրողները դժգոհ են ընդհանրապես Փաշինյան Նիկոլից և նրա կառավարումից: Ինչը նշանակում է, որ նա կորցրել է լեգիտիմության այն պաշարը, որ պահպանել էր 2021 թվականի խորհրդարանական ընտրության արդյունքում: Դա արդեն պետք է նկատի ունենան նրա հետ բանակցող՝ վերջինիս կիրթ ու կառուցողական և ոչ այդպիսի՝ արտերկրի գործընկերները: 

Վերջում անդրադառնամ նաև «քվեաթերթիկ 2» կոչված երևույթին կամ ավելի ճիշտ՝ մանր ժուլիկությանը: Երևի «Հրապարակ»-ի ընթերցողների մեծ մասը տեղյակ է արդեն քվեաթեթիկների կապոցի սեղանի դեմը «քվեաթերթիկ 2» գրության առկայության մասին: Հայաստանյան օրենսդրությամբ նման բան թույլատրված է, բայց որքան հիշում եմ, երբեք չի օգտագործվել այդ գրությունը, քանի որ այդ սեղանի կամ սեղանի այդ մասի հետևից պատին միշտ ամրացված էր լինում «ցուցակ 1» կամ «ցուցակ 2» գրությունը, ինչը ևս ամրագրված է օրենսդրությամբ: Եվ ի տարբերություն այս ընտրությունում 2-րդ համարի ներքո հանդես եկող ՔՊԿ-ի՝ «ցուցակ 2»-ն, օրինակ, ընտրողների մոտ որևէ ասոցիացիա չէր կարող առաջացնել: 

Ինչ մնում է այդ երևույթի՝ օրենսդրությամբ թույլատերի լինելու վերաբերյալ ԿԸՀ-ի պարզաբանմանը, ապա նախկինում, նախ, նման մանր ժուլիկություն չէին անում: Ընդունում եմ, որ երևի դրա կարիքը չկար, բայց դե… Եվ որպեսզի նման հարցեր չառաջանային՝ ողջ գործընթացը նախապես ներկայացվում էր հանձնաժովականների համար հրատարակվող մեթոդական ձեռնարկում: Ավարտելով քպկականների վերաբերյալ հատվածը՝ կփորձեմ հաջորդ հոդվածում անդրադառնալ մնացած մասնակիցներին: