Կեղծիքների տոնը

Կեղծիքների տոնը

Ենթադրում եմ, մինչ 1918թ․ հայ ժողովուրդը չունենալով պետություն, բնականաբար չէր կարող ունենալ ազգային, պետական տոնական օրեր նույնպես։ Հավանաբար հայ ժողովրդը նշում էր միայն կրոնական տոները։ 1918թ․ հրաշքով ստեղծվեց հայոց նոր պետությունը։ Չգիտեմ, թե ինչ պետական տոներ են հաստատվել այն ժամանակ և արդյո՞ք մայիսի 28-ը հռչակվել է որպես տոն։ Հավանաբար։ Արդեն Խորհրդային Հայաստանում խորհրդային պետական, ոչ աշխատանքային  տոն օրերը բազմաթիվ էին՝ մարտի 8, մայիսի 1-2, 9,  նոյեմբերի 7- 8, դեկտեմբերի 5: Բուն հայկական տոն էր համարվում Հայաստանի խորհրդայնացման օրը՝ նոյեմբերի 29-ը, այն էլ, ի տարբերություն համամիութենական տոների, աշխատանքային օր էր։ Որքան էլ քննադատենք ԽՍՀՄ-ը, այդ կայսրության տոները  պետության համար իրական, ոչ շինծու օրեր էին։

1991թ․ Հայաստանը դառնալով անկախ պետություն, բնականաբար պետք հռչակեր նոր, պետական տոնական օրեր։ Նայելով  «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը, այսօր ընդունված են 17 տոնական և հիշատակի օրեր, մի մասը նախկինից մնացած, մյուսներն արդեն ընդունված՝ անկախության տարիներին։ Տոներից բնականաբար առավել արժեքավոր են համարվում  նրանք, որոնք հռչակված են որպես ոչ աշխատանքային օրեր։ Կուզենայի այդ տոներից անդրադառնալ մի քանիսին, հատկապես այսօրվա, հուլիսի 5-ի սահմանադրության օրվան։

Պետական կարևոր տոներից էր, այո՛ էր, ոչ թե՝ է, հունվարի 28-ը՝ հայոց բանակի օրը։ Հայոց բանակը մեր հպարտությունն էր, մեր հաղթանակներ կերտողն ու անվտանգության հիմնական, եթե ոչ միակ երաշխիքը։ Բայց այն այլևս, մեղմ ասած խամրած տոն է, խայտառակ պարտությունից և հայրենիքի մի մասի կորստից հետո։  Այսօր ունենք բարոյալքված բանակ և ահռելի ջանքեր են պահանջվում, որպեսզի մենք նորից շուքով նշենք հայոց բանակի օրը։
Զարմանքով նկատեցի, որ մայիսի 28-ը հռչակված է որպես հանրապետության, իսկ սեպտեմբերի  21-ը՝ անկախության օր։

Պարզ թվաբանություն է՝ եթե չլիներ Սարդարապատի հերոսամարտը և դրան հաջորդող Հայաստանի անկախության հռչակումը, չէր լինի ոչ Խորհրդային, ոչ  այսօրվա Հայաստանը։ Եվ միայն ու միայն մայիսի  28-ը պետք է հռչակվեր ոչ միայն որպես անկախության, այլև հայոց ամենակարևոր, գուցե նաև վերածննդի օր։ Ինչ վերաբերում է 1991թ․ սեպտեմբերի  21-ի անկախության հանրաքվեին, որպես անկախության օր հռչակելուն, ապա․․․ ապա այն որևէ առնչություն չունի Հայաստանի անկախություն ստանալու հետ։ Անկախ հանրաքվեի արդյունքներից, որևէ երկիր երբեք չէր ճանաչի Հայաստանի անկախությունը։ Անկախության հանրաքվեներ չարվեցին ԽՍՀՄ 15 հանրապետություններից ոչ մեկում, բայց նույն 1991թ․ դեկտեմբեր 8-ի Բելովեժյան համաձայնագրի արդյունքում, բոլորը դարձան անկախ պետություններ։ 

Սակայն, հոդվածի հիմնական թեման, այսօրվա, հուլիսի 5-ի  խորհուրդն է, այն օրվա, որը նույնպես ոչ աշխատանքային տոնական՝ Սահմանադրության ընդունման օրն է։ 1995թ․ հուլիսի  5-ը անկախ Հայաստանի իշխանության համար առաջին, պետական քննությունն էր, որը գնահատվում է անբավարար։ Այդ օրը զուգահեռաբար անցկացվում էին անկախ Հայաստանի առաջին համապետական, խորհրդարանական ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն։ Եվ հենց այդ օրը դրվեց ընտրակեղծիքների ավանդույթը, որը շարունակվեց և իր հերթական դեմքը ցույց տվեց ս․թ․ հունիսի 20-ին։ Մանրամասն կարելի է պատմել հուլիսի 5-ի կեղծիքների մասին, սկսած քվեարկության ժամերի երկարացումից, ահաբեկումներից, ծեծուջարդից, քվեատուփեր գողանալուց, լցոնումներ անելուց, էլեկտրականության անջատումներից, հեռախոսային պատվերներից, վերջացրած արձանագրություններ կեղծելուց։
Հուսանք, որ եթե հայոց պետությունը հրաշքով  հարատևի, ինչ-որ ժամանակ իշխանության կգան ազնիվ, նվիրյալ գործիչներ՝ զերծ կեղծիքներ անելու և ստելու մոլուցքից։

Եվ այդ նոր իշխանությունը ճիշտ կանի պահպանի այսօրը, բայց վերանվանելով այն որպես հայոց մեծ կեղծիքի օր և իհարկե ոչ աշխատանքային։ Եթե այդ օրվա միջոցառումները պատշաճ ձևով կազմակերպվեն, այն կարող է մթագնել ապրիլի 1-ը։Կառաջարկեի նաև հիմնադրել «Կեղծիքի ասպետ» պետական կոչում, որի առաջին, անվերապահ հավակնորդը կլինի Գագիկ Ջհանգիրյանը։

Ավետիք Իշխանյան