Հայկ Մարությանն ասել է՝ պրոբլեմ ունեմ, աջակցեք

Հայկ Մարությանն ասել է՝ պրոբլեմ ունեմ, աջակցեք

Հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կյանքում, այն ինչ արեց իշխանությունը՝ Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով չստեղծելու  նպատակով, ժողովրդավարության հետընթացի ու բազմակարծությունից հետընթացի արձանագրում է։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց  ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը կրկին շեշտեց, որ հանձնաժողովը պիտի ստեղծվեր իրավունքի ուժով, քանի որ համապատասխան թվով ստորագրություն արդեն իսկ ներկայացվել էր, եւ դրան որեւէ խոչընդոտ չպիտի լիներ։ «Մի քանի օր առաջ Լիլիթ Մակունցն իր հարցազրույցում ասում էր, թե ընդդիմության դիրքերը երբեք այսքան ուժեղ չեն եղել, բայց այսօր օրենքի, իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովի կազմի հաստատման քվեարկությունը իշխող քաղաքական ուժը տապալում է,ըստ էության, տապալվում է հանձնաժողովի գոյությունը»,- ասաց նա:

Մարուքյանը կարծում է, որ հանձնաժողովի տապալումը տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի խնդրանքով․« Երևի թե, Հայկ Մարությանը խնդրել ա, ասել ա՝ «տղերք և աղջիկներ, ես պրոբլեմներ ունեմ, աջակցեք, մի՞ թիմ չենք», իշխանությունն էլ ասել ա ՝«դու պրոբլեմ չունես։ Այդ հանձնաժողովը, որ ստեղծվեր, իշխանությունն ունենալու էր 7 անդամ, ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն իրար հետ՝ 4 անդամ: Մարդիկ վախենում են ստեղծել մի հանձնաժողով, որտեղ իրենք մեծամասնություն են և որտեղ առանց իրենց քվերակության հարցը հավանության չի արժանանա»։  

Էդմոն Մարուքյանը նաև անդրադարձավ ԱԺ նախագահի կողմից ընդդիմության նկատմամբ կիրառվող սանկցիաներին և ասաց․ «12 տարվա պատգամավոր եմ և չեմ հիշում, որ որևէ մեկի նկատմամբ սանկցիա կիրառվեր, այդ թվում իմ, այդ թվում Փաշինյանի»։