Քանի՜  լույս խավարեց, իսկ նա ժպտում է․․․

Քանի՜  լույս խավարեց, իսկ նա ժպտում է․․․

Հայաստանն այնքան փոքր է, որ մեծ երկրների  կողքին տուն կարելի է անվանել։ Ցավն այստեղ ավելի խորն է՝ մի տու՜ն, հարազատ մարդիկ․․․ Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, երբ գիշերը թշնամին մտնի տուն և կոտորի տան երեխաներին, տան հայրը մարմինները չհողած, հաջորդ առավոտ  ժպիտով ու ծիծաղով դիմավորի զորակցության եկած հյուրերին։

Ուզում եմ որ պատկերացնեք։ Նիկոլ Փաշինյանն այդ մարդն է։ Նայեք նրա ժպտուն դեմքին։ 18 տարեկանների արյունը դեռ չի սառել հողի վրա, դեռ ոչ մեկին հողը չի ամփոփել, բայց նա ազգային ժողովում՝ դարեր թվացող ժամանակային անսահմանության մեջ, երբ թշնամին ժամ առ ժամ ավերում է Հայաստան աշխարհը, ժպտու՜մ է։ Կարևոր չէ՝ ինչ թեմայի շուրջ է ժպտում, կարևոր չէ ինչ է ասում և ընդհանրապես նրա ասած ոչ մի բառ ազգի վերքին դարման չէ և սին է, փուչ, դատարկ։

Քիչ առաջ էր ասում, որ հայկական կողմը 49 զոհ ունի։ Կա՞ մեկը , որ հավատում է այդ թվին և ընդհանրապես կա՞ մեկը, որ նրա ասած որևէ խոսքին հավատում է։ Եվ եթե նրա ասած թիվը ընդունենք առանց հավատալու, որ այդպես է՝ ո՞նց է ժպտում։ Երևի նույն ժամին կամ քիչ առաջ կամ պակաս զոհված զինվորի հայրը ինքնասպանություն է գործում։ Եթե զոհվածի հայրը իմանար, որ գերագույն հրամանատար ունենք, երկրի ղեկավար ունենք, որ ցավում է զինվորի համար, որ իր պես տառապում է զինվորի մահով, որ իր տղան թանկ է երկրի համար, ինքնասպանություն կգործե՞ր․․․ Գոնե մի ժամ չէ՞ր համբերի՝ իմանալու, որ իր որդու զոհվելու լուրը ճիշտ չէր։ Քանի՜ աչքի լույս խավարեց, իսկ նա ժպտում է։ Անտերության հոտ է փչում։ Անտերությա՜ն․․․