Ադրբեջանում խիստ տագնապած են

Ադրբեջանում խիստ տագնապած են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան այցի օրն ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շաինօղլուն տեսակետ էր արտահայտել, թե արտառոց եւ Ադրբեջանին անհանգստացնող ոչինչ տեղի չի ունենա, քանի որ նախատեսված չէ հանդիպում Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեիի հետ: Ընդ որում, Շաինօղլուն հատուկ ընդգծել էր, որ Իրանի կրոնապետն էթնիկ ադրբեջանցի է: Այսինքն, Բաքվում կար տպավորություն, որ Հայաստան-Իրան հարաբերությունները եւ առհասարակ բոլոր խնդիրները կքննարկվեն բացառապես Ռուհանի-Փաշինյան ձեւաչափով եւ սկզբունքային նշանակության ոչինչ տեղի չի ունենա, քանի որ այաթոլլահ Ալի Խամենեին, պատկերավոր ասած, իր օրհնությունը չի տա: Ի՞նչ աղբյուրներից էր ադրբեջանցի քաղաքագետը տեղեկացված, որ Իրանի հոգեւոր առաջնորդն անուշադրության կմատնի Հայաստանի վարչապետի այցը՝ իր գաղտնիքն է: Բայց որ նրա կանխատեսումը չի արդարացել, դա փաստ է:

Բանակցությունների ավարտին Խամենեին ընդունել է  Իրանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին: Ըստ արարողակարգի՝ դա նշանակում է, որ Իրանի հոգեւոր առաջնորդը հավանություն է տվել հայ-իրանական բանակցություններին, հաստատել արված հայտարարությունները: Ավելին, Իրանի հոգեւոր առաջնորդն այդ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նշելով, որ կարգավորման այլ տարբերակ, քան Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների երկխոսությունն է, գոյություն չունի: Թերեւս հենց դա է պատճառը, որ ադրբեջանական մամուլը լայն ճակատով գրոհ է ձեռնարկել Իրանի դեմ՝ այդ երկրի քաղաքական համակարգն անվանելով ,,«մոլլապետություն»:

Այդ ամենը տեղի է ունենում Ադրբեջանի արտգործնախարարի Իրան կատարելիք այցի մասին տեղեկատվության համապատկերին: Ըստ երեւույթին, Ադրբեջանը Մամեդյարովի միջոցով փորձելու է Թեհրանում տեղեկանալ հայ-իրանական հարաբերությունների շուրջ իրանական կողմի տեսլականին: Որքանո՞վ դա նրան կհաջողվի՝ պարզ կդառնա ապագայում: Այսօր իրողություն է, որ Ադրբեջանը խիստ տագնապած է հայ-իրանական հարաբերություններում հնարավոր նախաձեռնությունների հեռանկարից, քանի որ այդ դեպքում տարածաշրջանում կարող է ձեւավորվել ուժերի բոլորովին նոր հարաբերակցություն: Քաղաքական առումով դա, կարծես, արդեն տեղի է ունենում:

Մնում է, որ գաղափարները մարմնավորվեն կոնկրետ տնտեսական եւ կոմունիկացիոն ծրագրերով: Այդ դեպքում հայկական գործոնի տարածաշրջանային, նույնիսկ աշխարհաքաղաքական դերը կամրապնդվի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում կունենանք սկզբունքորեն այլ, մեզ համար նպաստավոր քաղաքական միջավայր: