Գնանք «Ազատազէն»՝ կռիվ-կռիվ խաղալու 

Գնանք «Ազատազէն»՝ կռիվ-կռիվ խաղալու 

Ապրիլի 20-ին «Ազատազէն» ՀԿ-ն լրագրողներին հրավիրել է քաղաքացիական հրաձգարան՝ շրջայցի և հրաձգության։ Լրագրողներին սովորեցնելու են, թե ինչպես օգտվել զենքից և ճիշտ կրակել։ «Ազատազէնի» կրակադաշտը Ալավերդուց ոչ հեռու է։ Ամեն օր ՀԿ-ն այստեղ կազմակերպում է հրաձգության, առաջին բուժօգնության անվճար դասընթացներ, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր անձ։ 

«Ազատազէն» ՀԿ-ն ստեղծվել է 3 տարի առաջ, 44-օրյա պատերազմի կամավորների կողմից՝ Հրանտ Մանասյան, Իշխան Գևորգյան, Նաղաշ Բաղդասարյան։ Կրակադաշտում կա ամեն ինչ` «կռիվ-կռիվ» խաղալու համար.  դիրքեր, խրամատներ, զենքերի տարբեր տեսակներ, միակ հարցն այն է, թե որքանով է պետությունը լուրջ վերաբերվում նման գործունեությանը։ Վերջերս կարող է թվալ, թե լուրջ է վերաբերվում։  «Ազատազենի» անունը սկսել է հաճախակի շոշափվել Նիկոլ Փաշինյանի հայտարարած համապարփակ պաշտպանության կոնցեպտի ենթատեքստում։ 

Փաշինյանական ԶԼՄ-ները հաճախ են հարցազրույցներ վերցնում «Ազատազէն» ՀԿ խորհրդի անդամների հետ` այս կոնցեպտը քարոզելու համար, որը Փաշինյանը ձևակերպել է այսպես՝ «կամավորության հիմունքներով ամբողջ հանրությունը պետք է ներդրում ունենա կամավորության գործում»։ 

Բայց ինչպե՞ս անվտանգության խնդիրը դարձնել ամբողջ ժողովրդինը, եթե իշխանությունները ոչնչով չեն օգնում այդ գործին, գուցե, օգնո՞ւմ են, որքանո՞վ է իշխանությունը լուրջ վերաբերվում այս ամենին՝ նման հարցեր ուղղեցինք «Ազատազէն» ՀԿ նախագահ Հրանտ Մանասյանին։ 

- Չեմ կարող ասել։ Նման հարցերով չեմ զբաղում։ Մեր գործը հրաձգարաններ բացելն է, զենքի մշակույթ տարածելը։ Այլ բաներով չեմ զբաղվում։ Մենք հասարակության հետ ենք աշխատում, պետության ներգրավվածության մասով թողնում ենք պետութությունը որոշի։ Շահագրգռում ենք մեր օրինակով, ոչ մի այլ բան։

- Մարդիկ գնում են, կրակել են սովորում` դա լավ է, բայց էսօրվա տեխնոլոգիական պատերազմի պայմաններում դա ի՞նչ է տալու։ 

- Տալու է կրակելու գիտելիք, որը բոլոր տեխնոլոգիական դարերում անհրաժեշտ է եւ անհրաժեշտ է լինելու դեռ շաատ երկար։ Դուք ակնկալում եք հասարակական կազմակերպությունից որոշակի պետական մոտեցում եւ գործառույթներ։ Ցավոք, ոնց֊ որ նշեցի, մենք նման հարցերով չենք զբաղվում։

- Ես ընդամենը ակնկալում եմ գնահատական ձեզանից, ու կարծիք։ 

-Իմ կարծիքը հետեւյալն է, որ լավ պետություն ունենալու համար պիտի լինի մոտիվացված, խելացի եւ ուժեղ հասարակություն եւ զբաղվում ենք  դրանով։

- Արդյո՞ք պետությունը օգնում է ձեզ, եթե օգնում է, ապա ինչո՞վ։ Մենք Նիկոլ Փաշինյանից առայժմ միայն խոսքեր ենք լսել համապարփակ պաշտպանության մասին։ 

- Չի օգնում, բայց քանի որ չի էլ խանգարում, դա մենք արդեն իսկ համարում ենք օգնություն։ 
3 տարվա մեջ «Ազատազէնը» մոտ 50 000-ից ավելի այցելուներ է ունեցել, որոնք վերհիշել են կրակելու իրենց ունակությունները, 1400 քննություն է անցկացրել զենքի տիրապետման նոր օրենքի համաձայն, սակայն ամենամյա վարժանքների մասնակցողների թիվը կատաստրոֆիկ քիչ է։ Պետությունը որևէ արտոնություն չի տալիս նման վարժանքների մասնակցողներին, մինչդեռ ԱՄՆ-ում, օրինակ, նրանք տասնյակ առավելություններ են ստանում՝ բարձր թոշակ, զեղչ գնով բենզին ձեռք բերելու հնարավորություն, և այլն։