Ի՞նչ ճակատագրի արժանացան բերձորցիները, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են նրանք ապրում

Ի՞նչ ճակատագրի արժանացան բերձորցիները, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են նրանք ապրում

Բերձորը՝ նախկին Լաչինը, որտեղով անցնում է Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, ինչպես նաև Սուս, Աղավնո համայնքները պատերազմի արդյունքում չէին գրավել, սակայն նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ համաձայնագրի համաձայն անցան Ադրբեջանի տիրապետության տակ: Հազարավոր մարդիկ բառի ամենաուղիղ իմաստով մնացին անօթևան: Դեռ 2022 թվականի օգոստոսին Արցախի Տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը թշնամուն հանձնվող գյուղերի բնակիչներին հորդորել էր դուրս գալ գյուղից` չայրելով տները, եթե գյուղացիները հետագայում ցանկանում են նոր բնակարաններ եւ փոխհատուցումներ ստանալ: Իջևանից Արցախ գործուղված նախարար Խանումյանը սպառնացել էր բնակիչներին եւ բնակիչների մեծ մասն իսկապես թշնամուն հլու-հնազանդ հանձնեցին իրենց տները, հույսով սպասելով, որ իշխանությունները կբարեհաճեն իրենց օգնություն ցուցաբերել: Սակայն եթե հաշվի առնենք, թե այսօր ինչ վիճակում են գտնվում թշնամուն հանձնված Հադրութի և Շուշիի բնակիչները, ինչ պայմաններում են գոյատևում, ինչպես են հանապազօրյա հաց վաստակում, թերևս այս իշխանություններից սպասելիք ունենալը միամտություն կլինի:

Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ Կառավարության որոշման համաձայն բերձորցիներին 10 միլիոն դրամի միանվագ հավաստագրեր են տրամադրել, որպեսզի մարդիկ կարողանան տանիք ստեղծել իրենց համար:

- Պարոն Ալեքսանյան, ավելի քան 2000 բերձորցի անօթևան մնացին: Հետաքրքրվո՞ւմ եք, թե այդ մարդիկ ինչպե՞ս են այսօր, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում են ապրում:

- Ամեն դեպքում պետք է նշեմ, որ Բերձորից միայն 2022-ին չեն մարդիկ հեռացել: 2020 թվականի պատերազմից հետո են հիմնականում հեռացել, նման դեպքերում որևէ տարբերություն թեպետ չկա, թե ով երբ է տեղափոխվել, սակայն փաստը սա է:

- Ամեն դեպքում Բերձորը հայաթափվեց 2022-ի ամռանը: Հայկ Խանումյանն այդ ժամանակ էր հրամայել տներ չայրել:

- 2020 թվականի պատերազմից առաջ Բերձորն ուներ 2000 բնակիչ, պատերազմից հետո 2000-ը դարձավ 200, շուրջ 1800 բանկիչ 2020-ի դեկտեմբերին է հեռացել Բերձորից:

- Մարդիկ ինչո՞ւ էին պատերազմից հետո հեռանում:

- Կային անվտանգության հետ կապված խնդիրներ: Սա էր պատճառը: Որևէ մեկին չէին կարող ստիպողաբար հեռացնել իր բնակավայրից: Մարդիկ իրենց կամքով գնացել էին: 2020 թվականին Բերձոր քաղաքի վերահսկողությունն անցել է ռուս խաղաղապահներին, քանի որ այն Լաչինի միջանցքի տարածքում է, սակայն ռուսները բնակչության անվտանգությունը չէին ապահովում, քանի որ իրենք պետք է միայն ապահովեին անխափան երթևեկության խնդիրը: 2022 թվականին Հայաստանի կառավարության որոշման համաձայն Քաշաթաղի շրջանի բնակչությանը պետք է ապահովեն բնակարաններով:

- Տեղյա՞կ եք քանի բերձորցի է ստացել Կառավարության տրամադրած այդ հավաստագրերը:

- Այո, հավաստագիր է ստացել Բերձորի բնակչության 99 տոկոսը: Դա հնարավորություն է որոշակի ծրագրերի շրջանակներում բնակարաններ ձեռք բերելու համար:

- Ի՞նչ ծրագրեր են, քանի՞ քաղաքացի է բնակարան ձեռք բերել այդ ծրագրերի շրջանակներում:

- Մոտ 50 ընտանիք բնակարան է ձեռք բերել: Հավաստագրերի հիմնական մասը նախորդ տարվա ավարտին է տրամադրվել: Հավաստագիրն իր մեջ ներառում է տասը միլիոն դրամ: Դա տրամադրվում է մեկ ընտանիքի համար, ոչ թե մեկ անձին:

- Ո՞ր քաղաքներում են մարդիկ ձեռք բերել բնակարաններ: 10 միլիոն դրամով ի՞նչ բնակարաններ են կարողանում գնել:

- Բոլորը ՀՀ մարզերում, տարբեր քաղաքներում: Ամեն դեպքում շատ դժվար է, եթե հաշվի առնենք, թե անշարժ գույքի շուկայում ինչպիսի թանկացումներ են:

- Արդա՞ր եք համարում, որ բոլորին միանվագ 10 միլիոն դրամի հավաստագիր են տրամադրում: Գուցե մեկի տունն ավելի թանկ արժեր, մյուսինը` ոչ:

- Սա որպես այդպիսին փոխհատուցման ծրագիր չի համարվում: Սա զուտ աջակցության ծրագիր է այն մարդկանց, որոնց կյանքը խաթարել է պատերազմը:

- Իսկ Դուք որտե՞ղ եք այժմ:

- Ես ապրում եմ Վայքում: