Շմավոնի կովն ու Փաշինյանի առեղծվածային հանձնարարականը

Շմավոնի կովն ու Փաշինյանի առեղծվածային հանձնարարականը

Գնացել էի գյուղ երևանյան նիկոլացավից մի երկու օր կտրվելու, մերոնց տեսնելու և, իհարկե, ձմեռային տեսարաններով զմայլվելու: Հայրական տան մարխոշ սառը ննջարանիս պատուհանը բացվում է այգու վրա: Չքնաղ պատկեր է: Ձնակոլոլ խնձորենիները կանչում էին, բայց մորս սարքած տաք տեղաշորից դուրս գալու մտադրություն դեռ չունեի: Մի ծիտ կանգնեց խնձորենու ճյուղին, կտուցը մաքրեց կեղևի վրա ու էլի թռավ… Մարդ աղքատ չլիներ, հաց ճարելու հոգս չունենար ու բնության մեջ անհոգ ապրող ծտերի նման լիներ… Ծիտը կտուցը մաքրելու համար խանութից անձեռոցիկ չի առնում, ոչ էլ նույնիսկ զուգարանի թուղթ է առնում, որովհետև շատ «կուլտուրական» է ծրտում… 

Մայրս ննջարանի դուռը բացեց.

-Պառկա՞ծ ես դեռ, մի վեր կաց, տես ինչ ա էղել, էն ի՞նչ կռիվ ա Շմավոնի գոմի մոտ: Մլիցեքը լցվել են ներս, Շմավոնին ու կնգան քաշքշում են…

Արագ հագնվեցի: Կիսամաշ շորերս տանում եմ գյուղ, որ այնտեղ դրանք հագնեմ և առինքնեմ ընդհանուր մթնոլորտին: Լուսահոգի հորս«բուշլատը» գցեցի վրաս,  «կիրզի» սապոգներն էլ քաշեցի ոտքերիս ու ելա փողոց: Շմավոնի գոմից եկող աղմուկը փոխնիփոխ սաստկանում ու թուլանում էր, մերթընդմերթ լսվում էին նաև կանացի ճիչեր… գյուղացիք խռնվել էին փայտե ցանկապատի դռնակի մոտ ու ականջ էին դնում` չհամարձակվելով միջամտել:

-Բարի լույս, ժողովուրդ, ի՞նչ է պատահել, Շմավոնն ինչո՞ւ է գոռում:

-Էրևում ա` մի «քաք» կերել ա, մլիցեքը թափվել են գոմը, բան-ման են ման գալիս,- գլխով Շմավոնի գոմը ցույց տալով` իր վերսիան շարադրեց Ստանանց Սողոն:

-Ա հերիք ա շաշ-շաշ դուս տաս, խեղճ Շմավոնն ի՞նչ պետք ա արած լինի, էստեղ սխալմունք կա հաստատ: 100 տարի էդ մարդուն գիտենք, մեկիս հավին էլա քշա ասած չկա,

- Սողոյին ընդհատեց Ռուբեն քեռին ու ձեռնափայտով բրթեց ցանկապատի դռնակը, որ ներսից «զրզեով» փակ էր:

-Ռուբեն քեռի, ես գնամ, տեսնեմ ինչ է եղել, կգամ, կասեմ:Առաջ ընկա ու ձեռքս տարա ճաղերի հետևը, որ զրզեն բացեմ: Գյուղացիք սիրով հետ քաշվեցին: Նրանք, որ մինչ այդ խառնիխուռն կանգնած էին, մի կանոնավոր կիսաշրջան կազմեցին դռնակի դիմաց` ակամա պաշտոնական արարողության շուք հաղորդելով իմ գործողություններին: Մերոնք լավն են էլի, հո զոռով չի…
Քայլեցի գոմի կողմը, որ Շմավոնի տան հակառակ թևում էր: Մեկ էլ դիմացս ելավ Շմավոնի կինը` անեծքը բերանին:

-Շուշան քույրի՞կ, ի՞նչ է պտահել, ո՞վ են, ի՞նչ են ուզում:

-Ուզո՞ւմ, գրողս ուտեն, ես Մարալ կտա՞մ որ տանեն:
Մեր գյուղի կովերի կեսի անունը Մարալ է:  Նրանց տարբերում են իրենց տիրուհիների անուններով` Անիչկի Մարալը, Շուշանի Մարալը, Ռոզիկի Մարալը… Դե լավ է, մտածեցի, Շմավոնին չեն տանում, կովն են ուզում տանել:

-Հանգստացիր, Շուշան քույրիկ, Մարալին ինչո՞ւ պետք է տանեն, երևի լավ չեք հասկացել: Ովքե՞ր են «տանողները»:

-Աստված գիտի ով են, պագոնով, «պապկով», ասում են` արձանագրություն ենք կազմելու, որ պարզենք, թե Մարալն ինչպես է հայտնվել ձեր գոմում, թուղթ են ուզում, էն ոնց ասե՞ց… Հա, հիմքեր: Գնամ «դամավոյ» գիրքը բերեմ, աչքը կոխեմ:
Ռուբեն քեռին ճիշտ էր, հաստատ սխալմունք կար այստեղ: Ես այդ կովի մասին մերոնցից լսել էի դեռ մի տարի առաջ: Մենք անասուն, հավուճիվ չէինք պահում: Երբ գալիս էի տուն, մայրս աննկատ գնում էր հարևանների տուն, կաթ ու ձու էր առնում, որ առավոտներն ինձ համար տնական նախաճաշ պատրաստի: Մի անգամ էլ բաժակով կաթը դրեց սեղանին, թե` խմիր, տես ո՞նց է, Շուշանի Մարալի կաթն է…

Հասա գոմ: Դուռը «ճարտակ» բաց էր: Դռան երկու կողմում համազգեստով մարդիկ էին կանգնած: Բարևեցի կեսժպիտ և ձայն տվեցի

-Շմավո՞ն, ներսում ե՞ս:

-Հա, բա էլ որդի՞ տեմ ըլի:
Նրա պատասխանից մեջս կատակելու անզուսպ ցանկություն առաջացավ.

-Բա նեղվածք չի՞ ներսում…

-Ա շուլուխի վախտ ես գտե՞լ, քաղաքից եկել, անասունս տանում են,- գոմի կիսամութից լսվեց Շմավոնի ձայնը:

-Չենք տանում, պարոն Շմավոն, կալանք ենք դնում, մինչև պարզենք կովի ձեռքբերման օրինականությունը,- լսվեց մի անծանոթ ձայն, ու դռների մեջ հայտնվեց «օֆիցերը»` «պլանշետը» ձեռքին:

-Բարև Ձեզ, պարոն…

-Առաքելյան…

-Պարոն Առաքելյան:

-Բարև Ձեզ, Դուք ո՞վ եք:

-Ես Շմավոնի հարևանն եմ, աղմուկ էր, եկա` տեսնեմ ինչ է պատահել:

-Հարգելի հարևան, իսկ այժմ մեզ մի խանգարեք աշխատել, մյուսներին էլ հավաքեք ու գնացեք տուն:

-Հարգելի պարոն…

-Առաքելյան:

-Պարոն Առաքելյան, ես Շմավոնի 100 տարվա հարևանն եմ և իրավունք ունեմ իմանալու, թե ինչու է նա աղմկում և ինչու է ճչում Շուշան քույրիկը:

-Իրավո՞ւնք…

-Այո, իրավունք: Բա մեր հարևանի անասունը դուրս եք քաշում, չիմանա՞նք ինչու: Մենք էլ անասուն ունենք, չիմանա՞նք ինչու եք տանում, պատերա՞զմ է սկսվել:

-Ոչ, պատերազմ չի սկսվել, բայց հերթը ձեզ էլ կհասնի, մի շտապեք, կոռուպցիայի դեմ պայքարը երկար պրոցես է: Նորից եմ ասում, հանգստացեք, անասունը չենք տանում, առայժմ կալանք ենք դնում վրան:

-Անասունի՞:

-Ոչ միայն: Նաև` ձեր հարևան Շմավոնի ողջ շարժական ու անշարժ գույքի վրա, մինչև նա չապացուցի, որ այս վերջին կովը ձեռք է բերել օրինական եկամտով:

-Իսկ Դուք կարծում եք, որ Շմավոնը կովն առել է անօրինակա՞ն:

-Ես իրավունք ունեմ մտածելու, որ այո, անօրինական, անաշխատ եկամտով:

-Իսկ Շմավոնի անմեղության կանխավարկա՞ծը, Դուք դրա մասին չե՞ք մտածում:

-Ոչ, կոռուպցիայի դեմ պայքարում մենք, ընդհակառակը, առաջնորդվում ենք մեղավորության կանխավարկածով,- իր գիտելիքներով փայլեց Առաքելյանը:

-Այ քեզ ապուշություն…

-Չհամարձակվեք այդպես խոսել, գնացեք թերթ կարդացեք, հեռուստացույց նայեք, երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, նոր արդարադատություն է իրականացվում, անձամբ Փաշինյանն է ասել` կոռուպցիայի դեմ պայքարում առաջնորդվել «մեղավորության կանխավարկածով»:

-Պարոն Առաքելյան, ինձ թվում է` Դուք հիմա շահարկում եք Փաշինյան ազգանունը: Վարչապետը, հավանաբար, նկատի է ունեցել հարուստ մարդկանց անօրինական ձեռքբերումները և ոչ թե Շմավոնի: Շմավոնն այդ կովը գնել է միանգամայն օրինական ճանապարհով, Գեղարոտի անասնաշուկայից: Բոլորը գիտեն: Համբարձումի բաց «Վիլիսով» են բերել գյուղ:

-Համբարձումն ո՞վ է:

-Մեր նախկին գյուղապետի վարորդը:

-Ուրեմն, նախկին գյուղապետի վարորդը «Վիլիս» ունի՞:

-Այո, մեքենան դուրս էին գրում, մրցույթ հայտարարեցին, և Համաբարձումը հաղթեց:

-Իսկ Ձեզ կասկածելի չթվա՞ց, թե ինչու հենց գյուղապետի վարորդը հաղթեց:

-Ոչ, որովհետև նրանից բացի ուրիշ ոչ մեկին այդ «չլած» ավտոն պետք չէր:

-Կստուգենք, կստուգենք,- Համբարձումի անունը գրելով` ծոր տվեց Առաքելյանը:

Այդ պահին Շուշանը հետ եկավ` տնային գրքույկը ձեռքին: Քամու պես անցավ մեր կողքով ու կանգնեց գոմի դռանը.

-Շմավո՛ն, այ մարդ, դուրս արի էդ գոմից, մաքրելու ժամանակ ես գտե՞լ, մի արի, տես` էս թղթերն են ուզո՞ւմ:
Շմավոնը քթոցով թրիքը հետևից քարշ տալով դուրս եկավ գոմից.

-Ես էդ թղթերը տեհել եմ, իրան շանց տուր, որ տենա` էս իմ պապական տունն ա, ես ըստեղ եմ ծնվել, ընտանիք կազմել…

-Բայց իմ ուզածը դա չէ, քաղաքացի Շմավոն, ինձ ցույց տվեք կովի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերը, ինչպե՞ս եք աշխատել այդ փողը, կովը կանխիկ եք գնե՞լ, թե՞ բանկային փոխանցումով, վերջապես ՀԴՄ-ն ցույց տվեք, որ իմանանք` ինչքան եք վճարել: Արդեն երկու ժամ է ձեր գոմում ենք, բայց այդ հասարակ բաները պարզել չենք կարողանում: Վերջ, ակտը գրում եմ, ձեր Մարալ կովի վրա այսօրվանից կալանք է դրված,- մեր կողքով դանդաղ անցնող Շմավոնի ականջի տակ ծղրտաց Առաքելյանը:

Մարալի անունը լսելով` Շուշանը մի անբնական ձայն հանեց ու ոտքով հարվածեց Շմավոնի հետևից քարշ եկեղ քթոցին… Թրիքը թռավ Առաքելյանի շալվարին ու մինչև ծնկները ծեփվեց, մնաց:
-Սա ի՞նչ անհարգալից վերաբերմունք է իրավապահ համակարգի նկատմամբ,- հետ ցատկելով` ճչաց Առաքելյանը,- Քաղաքացի հարևան, հենց դուք էլ վկայություն կտակ, որ աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ կասկածյալի կինը իմ համազգեստի վրա թրիք թռցրեց:

-Կներեք, պարոն Առաքելյան, գյուղ տեղ է, պատահում է` մենք էլ ենք թրքոտվում: Մեծ բան չէ, որ դրա համար գործ հարուցեք: Ելուշին կխնդրենք, անմարդ կին է, կլվա, մաքուր կհագնեք, կգնաք քաղաք:

-Ես մինչև կալանքը չդնեմ, ոչ մի տեղ էլ չեմ գնա:

-Մո՛ո՛ո՛,- լսվեց գոմից:

-Ջա՛ա՛ա՛ն, Մարալ ջան,- արձագանքեց Շուշանը:
Առաքելյանն արագ-արագ ինչ-որ բան գրեց թղթի վրա ու, հասնելով Շմավոնի հետևից, դեմ տվեց.

-Ստորագրի:

Շմավոնը չտեսնելու տվեց Առաքելյանին ու, քթոցը քաշելով, շարունակեց ճանապարհը: Ինձ այլևս ուրիշ բան չէր մնում անելու, քան այս ծաղրուծանակը դադարեցնելը: Ես դիմեցի պաշտոնյային.

-Պարոն Առաքելյան, Դուք, հավանաբար, իմ հագուկապից սխալ հետևություններ արեցիք: Ես լրագրող եմ, Երևանից եմ եկել, ավելի կոնկրետ ասեմ` Նիկոլի ավագ ընկերն եմ: Էս ի՞նչ թատրոն եք սարքել այստեղ:

Շմավոնն այդ խոսքերիս վրա կանգնեց տեղում, Շուշանը ձեռքերը կանթեց կողքերին:

-Կոռ… Կոռ..,- կմկմաց Առաքելյանս:

-Ի՞նչ կոռ, պարոն Առաքելյան:

-Կոռուպցիայի դեմ պայքարի…

-Դե վերջ տվեք, խնդրում եմ, կոռուպցիայի դեմ պայքար… դարձրեցիք Հոռոմի էն իքը, մարդը երկու կով ունի մեկի վրա կալանք եք դնում, թե օրինական չէ, ո՞վ է ձեզ նման հանձնարարություն տվել, Նիկո՞լը:

-Հհհհ հա:

-Ցույց տուր…
Առաքելյանը Նիկոլ Փաշինյանի նկարով մի թերթ հանեց ծոցագրպանից ու մեկնեց ինձ: Շմավոնն ու Շուշանը մի տեսակ խեղճացան:

-Հրես:

Կարդացի. «Օրերս ԱԺ նիստում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի՝ գույքի վրա բռնագանձում տարածելու մեխանիզմը»: Ավելին, նա նաև հավելեց, որ «այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ, կոպիտ ասած, գործում է մեղավորության կանխավարկածը, և, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը օրինական է ձեռք բերել, ապա այն համարվում է ապօրինի»:

Աչքերիս չէի հավատում, բայց որ որոշել էի, գնացի մինչև վերջ:

-Եվ դուք սա համարում եք հանձնարարակա՞ն: Այստեղ գրված է` «կառավարությունը քննարկում է», այսինքն դեռ նման ապուշ որոշում չեն կայացրել, որ դուք էլ իրականացնեք: Հիմա ամեն ինչ հասկանալի է: Խոնարհաբար խնդրում եմ, հավաքեք ձեր ենթականերին և մեր գյուղից գնացեք:

-Մեր գյուղի՛ի՛ի՛ց… Գյուղը ձերն է, Նիկոլը ձեր ընկերն է…

-Մո՛ո՛ո՛,- Առաքելյանին ընդհատեց Մարալը…

-Շմավոն, էն շլորի արաղից մնացե՞լ է:

-Հա,- աշխուժացավ Շմավոնն ու վերջապես բաց թողեց քթոցը:

-Շուշան քույրիկ, դու էլ թթու բեր, ոտքի վրա մի-մի բաժակ խմենք, էս մարդկանց բարի ճանապարհ մաղթենք:

-Պետք չի, կգնանք, բայց էս երկրում մի օր կարգ ու կանոն պետք է լինի, թե՞ ոչ:

-Այո, իհարկե, պարոն Առաքելյան: Առանց կարգ ու կանոնի ի՞նչ երկիր: Մեր կառավարությունը բոլշևիկների հետքերով որ չգնա, ամեն ինչ լավ կլինի: Լևոնի «գյադեքը» մարդկանց ավտոներն էին տանում, դուք եկել` անասունն եք տանում: Այդպես կարգուկանոն չեն հաստատում:
Շուշանը օղու շշով, բաժակներով և խառը թթվով սկուտեղը դրց մեր կողքի քոթուկին.

-Գուցե գայիք տո՞ւն…
Առաքելյանը նայեց շալվարի փողքերին: Ես նրան թևանցուկ արեցի.

-Դուք բարձրացեք տուն, ես գնամ գյուղացիների մոտ, անհանգիստ են մարդիկ:

-Ա մի բաժակ հետներս խմի նոր,- ընդդիմացավ Շմավոնը` օղին բաժակների մեջ հավասար լցնելով:

-Իհարկե, Շմավոն ջան, քո շլորի օղուց ե՞րբ եմ հրաժարվել, որ այսօր հրաժարվեմ: Էհ, լավ լինենք, սրանից հետո էլ լավ առիթներով հանդիպենք: Պարոն Առաքելյան, ուրախ եմ ծանոթության համար…