Արևմտամետներն էլ, ռուսամետներն էլ հակապետական են. Անդրանիկ Թեւանյան

Արևմտամետներն էլ, ռուսամետներն էլ հակապետական են. Անդրանիկ Թեւանյան

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

- Պարոն Թևանյան, այսօր երեկոյան, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանելու է Հայաստան: Փելոսիի այցից շատերը, կարծես, բավականին ոգևորվել են, անգամ որոշ ռուսամետ ուժեր վերջին օրերին կտրուկ արևմտամետ են դարձել և մեծ հույսեր են կապում Արևմուտքի հետ, նշելով, թե Փելոսիի այցը բացառիկ շանս է Հայաստանի համար:

- Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում համարվում են արևմտամետ, կամ ռուսամետ, նրանք նույն մեդալի հակառակ կողմերն են: Արևմտամետներն էլ, ռուսամետներն էլ հակապետական են, քանի որ Հայաստանի քաղաքական գործիչը պետք է լինի բացառապես հայամետ: Հայաստանի համար հավասար վտանգավոր են ռուսամետներն ու արևմտամետները, սակայն վտանգավոր է նաև հակառուսականությունն և հակարևմտականությունը: Այդ առումով ես կարող եմ ասել, որ Հայաստանում կան կատարյալ հակապետական և կատարյալ անգրագետ գործիչներ և այս առումով շատ վտանգավոր մթնոլորտ է մեզանում ձևավորվել: Տպավորություն է, թե բոլորն ուզում են այս փոքրիկ Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական կռվախնձոր, դնելով այն աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանին, այնքան քաշքշեն, մինչև տարբեր տեղերից պատառոտվի: Հայաստանն այս վիճակին հասցնողները, մասնավորապես գործող իշխանությունները պետական հանցագործներ են, քանի որ հենց նրանք Հայաստանն այս վիճակին հասցրին:

- Բայց այս պահին մեր շահերն առավել դեպի Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք է ուղղված:

- Հայաստանի գործող իշխանությունների թեթև ձեռքով Հայաստանն այլևս դարձել է մի կռվախնձոր, չպաշտպանելով իր շահերը որևէ մակարդակով: Այս պահին քանի որ որոշում կայացնողը մեր իշխանությունն է, ես ուղղակի սարսափով եմ պատկերացնում, թե ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը:

- ՀԱՊԿ-ի կեցվածքը շատերի կարծիքով մեր շահերից այլևս չի բխում: Հենց այդ պատճառով Հայաստանում ժամ առ ժամ աճում է հակառուսական ալիքը: Ձեր կարծիքով` սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

- Այլևս անիմաստ է մեկնաբանել այս հարցերը, քանի որ այն մթնոլորտը, որ այսօր Հայաստանում է տիրում, մեզ այլ տեղ է տանում: ՀԱՊԿ-ն ավելի շատ հայ-ռուսական հարաբերություններն է, որոնք մտածված փչացվել են 2018 թվականից սկսած: Այդ պայմաններում դժվար չէր կռահելը, թե ինչ է սպասվում Հայաստանին: Ցանկացած ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ վերածվում է գործուն մեխանիզմի, երբ դու ինքդ քեզանից ինչ-որ մի բան ես ներկայացնում: Երբ դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, ոչ ոք քեզ չի պաշտպանելու, ես չէի ցանկանա, որ մենք այսօր կրկնեինք 100 տարի առաջվա սխալները: Հիմա ավելի սարսափելի վիճակում ենք, քան 1920 թվականին:

- Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ կայացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի ներկայացրած դիմումը։ Ոչ մշտական անդամ Հնդկաստանի դեսպան Ռաչիրա Կամբոժը նիստի ընթացքում անուղղակի կերպով «ագրեսոր» է կոչել Ադրբեջանին՝ կոչ անելով վերջինիս «անհապաղ դադարեցնել բախումները և զսպվածություն ցուցաբերել»։ Հնդկաստանի այս հայտարարությունն ի՞նչ է նշանակում:

- Բոլոր պետություններն ունեն իրենց շահերը և այդ շահերը կարող են համընկնել մեզ հետ, երբեմն էլ չհամընկնել: Այս պահին տարբեր պետությունների կողմից, տարբեր հայտարարություններ են հնչում: Իհարկե մենք Հնդկաստանին շնորհակալ ենք իրենց այդ դիրքորոշման համար, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում ռազմական ռեալ հնարավորություն ունեն միայն Ռուսաստանն ու Թուրքիան: Երբ նման հայտարարություններ են հնչում, նշանակում է կա շահերի խնդիր, այլ հարց է, որ մենք չենք կարողանում այսօր այդ շահերը մեր շահերի հետ համադրել: Այս իշխանությունների պարագայում թերևս դա բացառվում է: Այս իշխանություններն ունեն խնդիր: Նիկոլ Փաշինյանն այսօր իր սեփական կաշվի խնդիրն է լուծում, բառի ամենաուղիղ իմաստով: Նա իր սեփական անվտանգության հարցը լուծելու համար Հայաստանը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի: Նիկոլ Փաշինյանը դարձել է աշխարհաքաղաքական մարմնավաճառ: Այսպիսի պայմաններում Հայաստանը պարզապես չունի շանս: Հայ ժողովրդի շահերն ու Հայաստանի իշխանությունները շահերն այսօր կտրուկ հակասության մեջ են գտնվում:

- Օրեր առաջ հայ ժողովուրդն այդ աշխարհաքաղաքական մարմնավաճառի, ինչպես Դուք եք ասում պատճառով դուրս եկավ փողոց: Ասում են` մոտ 40-50 քաղաքացի էր դուրս եկել փողոց: Ըստ որոշ շրջանակների` խորհրդարանական ըննդիմությունը տապալել է հանրային ընքնաբուք այդ ըդվզումը: Ինչո՞ւ է մի ստվար զանգված այդպես կարծում:

- Այդ հանրահավաքը ընդդիմությունը չէր կազմակերպել: Դա «մուտիլովկա» է ընդամենը: Ես այդ հարցի մասին չեմ ուզում խոսել: Կազմակերպիչներն անհետացան հավաքից հետո և պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: