Հիմար հրամաններ տվողներն իրո՞ք հիմար են, թե՞…

Հիմար հրամաններ տվողներն իրո՞ք հիմար են, թե՞…

Որքան շատ եմ վերլուծում մեր իրականությունը, այնքան շատ եմ հայտնաբերում տարօրինակություններ: Տարօրինակություններ, որոնք ձեռնտու են հայերին վատը ցանկացողներին եւ կործանիչ վնասներ կարող են հասցնել մեզ: Դրանցից մեկն այն է, որ մեր իշխանությունները ոչ թե միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ղեկավարներին եւ աշխարհի հանրությանն են իրազեկում այն խնդիրների մասին, որոնց լուծումը կարող են տալ նրանք եւ միայն նրանք, այլ մեզ են ծանրաբեռնում այդ հոգսերով:

Ընդ որում, առավոտից իրիկուն: Բոլոր հնարավոր՝ լրատվության, ժողովների, գիտաժողովների, դասընթացների եւ այլնի միջոցով: Նաեւ կշտամբում են, թե պետք չէ հույսը դնել ուրիշների վրա, պետք է բոլոր հարցերը լուծել ինքնուրույն: Դա անում են ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ կուսակցապետերի եւ վերնախավի մեծ մասը: Մենք մտահոգվում ենք, գիշերները չենք քնում, ինքներս մեզ ենք մեղադրում, բայց … ոչնչով չենք կարողանում օգնել: Ինչը հանգեցնում է հուսահատության, ինքնախարազանման, նեւրոզների:

Բոլորի համար էլ պարզ է, որ հայկական բանակն ի վիճակի չէ միայնակ դիմակայել թուրք-ադրբեջանականին, որին միանում են նաեւ պակիստանցիներ, տարբեր երկրներից ժամանած մահմեդական վարձկաններ: Պետք է գտնել դաշնակիցներ: Ցավոք սրտի, հենց սկզբից էլ պարզ էր, որ ՀԱՊԿ-ն հայկական իրականության մեջ պետք է հնչեր որպես ԿԱՊԿ՝ կապկություն: Պետք չէր «կոլեկտիվ» բառը փոխարինել «հավաքական» բառով: Դրանից ավել ոչինչ չեմ ասի: Մյուս դաշնակցի մասին էլ կլռեմ: 

Պարզվեց, սակայն, որ հերիք էր՝ Միացյալ Նահանգներն անեին հասցեական հայտարարություն, Բաքու գործուղեին Կոսովոյին անկախություն շնորհելու հարցով որոշում կայացրած հանձնաժողովի նախկին անդամ դեսպանին, Հայաստանի Հանրապետությունը վերջապես օգտվեր ՄԱԿ-ի անդամ հանդիսանալու արտոնությունից եւ իր պատմության ընթացքում առաջին անգամ պահանջեր հրավիրել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ, որ Բաքուն խելքը գլուխը հավաքեր, եւ հաստատվեր հրադադար: 

Բայց կա այդ հարցին օժանդակելու մեկ այլ միջոց եւս: Դա Արեւմուտքի հանրային կարծիքն է, ինչից հմտորեն օգտվում են ուկրաինացիները՝ ցուցադրելով վնասված քաղաքացիական օբյեկտները, պատմելով տուժած բնակչության տառապանքների մասին: Մեր իշխանությունները, չգիտես ինչու, հրաժարվում են օգտվել այդ լծակից: Չեն թույլատրում նույնիսկ հայաստանցի լրագրողներին այցելել պատերազմից տուժած բնակավայրերը: Մինչդեռ պետք է անեին հակառակը՝ հրավիրեին այլ երկրների լրագրողների եւս, որ նրանք տեսանկարահանեին ադրբեջանական ռմբակոծությունների եւ հրթիռակոծությունների հետեւանքով ավերված մեր քաղաքներն ու գյուղերը, ձայնագրեին փախստական դարձած մարդկանց սրտաճմլիկ պատմությունները: Եվ իրենց երկրների քաղաքացիներին իրազեկեին այդ ամենի մասին: Որովհետեւ այդ երկրներում կարեւոր է հասարակական կարծիքը, ինչի հետ հաշվի են նստում դրանց իշխանությունները: Փոխարենը, այդ ինֆորմացիան մատուցվեց միայն մեզ: Եվ ցեղասպանության, 44-օրյա պատերազմի ու օրուգիշեր հնչող այլ հուսահատեցնող պատմություններին ավելացան նորերը: Ինչը հենց ադրբեջանցիների ուզածն է: Որ սարսափահար հայաստանցիները լքեն հայրենիքը: 

Հենց այդ, այլ ոչ թե մարդասիրական դրդապատճառներից ելնելով են ադրբեջանցիներն այս ագրեսիայի երկրորդ օրն իսկ հայտարարում, թե պատրաստ են վերադարձնել զոհված հարյուր հայորդիների դիակները: Դրանով նրանք ցանկանում են վախեցնել մեր բնակչությանը՝ միեւնույն ժամանակ Արեւմուտքին ցուցադրելով իրենց կեղծ մարդասիրությունը: Նրանց հոգեբանները, ցավոք, արդյունավետ են աշխատում:

Վերադառնանք լրագրողներին վերաբերող արգելքին: Նրանց իրավունքների այդ կաշկանդումն ինչո՞վ են բացատրում մեր հրամանատարները: Բավականին ծիծաղելի փաստարկով, թե թշնամին կարող է տեղեկանալ մեր դիրքերի տեղակայման մասին: 

Սիրելիներս, ադրբեջանցիներն ու թուրքերն ունեն արհեստական արբանյակներ, որոնք, ի տարբերություն մեր՝ վերջերս արձակածի, ի վիճակի են տեսնել ոչ թե 2 մետրից ավելի երկարությամբ, այլ շատ ավելի մանր օբյեկտներ: Բացի այդ, նրանք արդեն իսկ գրավել են ՀՀ տարածքում գտնվող կարեւոր բարձունքներ, որտեղից նույնպես դիտարկում են մեր դիրքերը: Ինչ վերաբերում է լրագրողների անձնական անվտանգության հարցին, քչերը, երեւի, գիտեն, որ լրագրությունն ընդգրկված է աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունների ցանկում եւ, ցավոք, զբաղեցնում է այդ ցանկի առաջին տեղերից մեկը: Եթե մենք պատրաստ ենք, վտանգելով մեր կյանքը, կատարել մեր մասնագիտական պարտականությունները, մի խոչընդոտեք մեզ:

Գրիգոր Էմին-Տերյան