Դրամատիկ զարգացումները դեռ առջևում են

Դրամատիկ զարգացումները դեռ առջևում են

Մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները հետաքրքիր ու անսպասելի արդյունքներ ունեցան: Ապրիլի 7-ին կամփոփվեն վերջնական արդյունքները, սակայն երեկ արձանագրված իրողության վրա  դրանք էական ազդեցություն չեն ունենա: Այսպիսով՝ պայքարող 10 կուսակցությունից եւ 2 դաշինքից խորհրդարան անցան հինգը՝ Արայիկ Հարությունյանի  «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Վիտալի Բալասանյանի  «Արդարություն»-ը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ը: Մինչդեռ նախագահի 14 թեկնածուներից եւ ոչ մեկը չհաղթահարեց 50+1 բարիերը, ու ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ: 

Այս արդյունքը, որոշ տեղեկություններով, անսպասելի է եղել թեկնածուներից առաջատարի՝ Արայիկ Հարությունյանի համար, նա ստացել է 49,26 տոկոս ձայն: Նրա թիմը ընտրության օրվա կեսգիշերին նույնիսկ արդեն տոնել է հաղթանակը, սակայն Ստեփանակերտում ձայների հաշվարկը փոխել է իրավիճակը Մասիսի Մայիլյանի օգտին, ով 26,4 տոկոս է հավաքել: Ճիշտ հակառակ տրամադրություններն են իշխել վերջինիս թիմում, հաշվարկի կեսից Մայիլյանը լքել է իր կենտրոնական շտաբը՝ հասկանալով, որ կա անվիճելի հաղթող: Այդուհանդերձ, Արցախում շոկի մեջ են Մասիս Մայիլյանի, ինչպես նաեւ Վիտալի Բալասանյանի ստացած ձայներից, բոլորը սպասել են, որ երկրորդը Բալասանյանն է լինելու, սակայն 14,7 տոկոսով նա երրորդն է: Մայիլյանի ստացած ձայները պարադոքս են նաեւ մեկ այլ առումով․ որպես նախագահի թեկնածու՝ նա երկրորդն է, բայց նրան աջակցող «Նոր Արցախ» դաշինը 4,5 տոկոս ստացավ եւ դուրս մնաց խորհրդարանից, իսկ դա նշանակում է, որ Մայիլյանի  ձայների առյուծի բաժինն ապահովել է Սամվել Բաբայանը, ով աջակցում էր նրան: Ի դեպ, այդ փաստը ծանր է տարել հայաստանյան իշխանությունների սորոսական թեւը, որը գործուղվել էր Արցախ՝ աջակցելու Մայիլյանին:

Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը, ի դեպ, ստացել է մոտ 24 տոկոս ձայն: Սա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանի հետ երկրորդ փուլում մրցելու է Սամվել Բաբայանը, թեեւ Արայիկ Հարությունյանի կողմնակիցները վստահ են, որ այդ աջակցությունը կլինի ոչ նույն ուժգնությամբ, ինչպես եղել է առաջին փուլում: Քանի որ Հարությունյանի եւ Մայիլյանի տարբերությունն ակնհայտ է, երկրորդ փուլի ելքն էլ որոշակիորեն կանխատեսելի է, ապա մեծ է հավանականությունը, որ Բաբայանը կփորձի պաշտոն ստանալ նաեւ Արայիկ Հարությունյանից: Ի վերջո, երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է։

Բանն այն է, որ Արցախի Սահմանադրությամբ նախագահին լիազորում է միանձնյա կառավարություն ձեւավորել, ու չնայած Արայիկ Հհարությունյանի կուսակցությունը 50+ չի հավաքել, սակայն նախագահ ընտրվելու պարագայում Հարությունյանը կարող է միանձնյա ձեւավորել կառավարությունը: 

Նախագահական մրցապայքարից դուրս մնացած մյուս ուժերն ո՞ւմ կողմը կուղղորդեն իրենց էլեկտորատը, կախված է նաեւ այն հանգամանքից, թե պաշտոնական Երեւանն ինչ որոշում կկայացնի եւ ինչ ազդակներ կուղարկի Արցախ, որպեսզի  բոլոր ուժերը մոբիլիզացվեն Մայիլյանի շուրջ: Արայիկ Հարությունյանը հեղափոխությունից հետո թեպետ իր աջակցությունն է հայտնել ՀՀ իշխանություններին, բայց Մասիս Մայիլյանի հաղթանակով էլ պակաս հետաքրքրված չէր հայաստանյան իշխանության սորոսական թեւը: 

Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ Վիտալի Բալասանյանը, անկախ զարգացումներից, որեւէ պարագայում չի պաշտպանի Մայիլյանին ՝ նկատի ունենալով, որ Բալասանյանին աջակցող ուժերը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, դեմ են Սամվել Բաբայանի ցանկացած ներկայության: ՀՅԴ-ն եւս չի աջակցի Մայիլյանին, այլ կհայտարարի Հարությունյանին պաշտպանելու մասին։ Նույնը եւ Աշոտ Ղուլյանը։ Թեեւ Մայիլյանին աջակցող ուժերը, իհարկե, կփորձեն լայն կոնսոլիդացիա ստեղծել եւ անցկացնել, սակայն խնդիրն անլուծելի է թվում։
Երեկ Արայիկ Հարությունյանը շտապեց ասուլիս  հրավիրել եւ ուշագրավ հայտարարություններ անել՝ հերթական անգամ ռեւերանսներ անելով ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ խորհրդարան անցած մյուս ուժերին: Հարցին՝ եթե երկրորդ փուլում ինքը հաղթի, կոալիցիա կկազմի՞ այլ ուժերի եւ հատկապես Սամվել Բաբայանի հետ կամ պաշտոնի առաջարկ կանի՞ Մասիս Մայիլյանին, Հարությունյանը նախ պատասխանեց․ «Ես Արցախում հակառակորդ, թշնամի չունեմ: Մի փորձեք սեպ խրել: Մասիս Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ, Սամվել Բաբայանը եղել է մեր հրամանատարը, երբ ես ծառայում էի»։ Ապա հավելեց. «Թեկնածուներից երկուսը սանիկներս են: Բոլորի հետ ընկերներ ենք, մի փորձեք արհեստական սեպ խրել մեր մեջ: Մենք չպետք է բաժանվենք, եթե տրոհվենք, շատ բան ենք կորցնելու: Մեր քաղաքական ամբիցիաները պետք է մի կողմ դնենք, բացի Ադրբեջանից՝ բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել»։

«Կոալիցիա կկազմենք այն ուժերի հետ, որոնք կընդունեն Արցախի զարգացման սոցիալ-տնտեսական, անվտանգության օրակարգը: Եվ կա մի կարեւոր պայման, որի մասին հայտարարել եմ 2019 թվականին. Արցախը Հայաստան է եւ վերջ, Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել ՀՀ իշխանությունների հետ: Այսօր, փառք Աստծո, մեր քաղաքական ուժի եւ ՀՀ իշխանությունների միջեւ Արցախի խնդրի հարցով տարաձայնություն չկա: Այն ուժերի հետ, որոնք պատրաստ են այս ծրագրերի շրջանակներում համագործակցել, մենք համագործակցելու ենք»,- ասաց նա: