Արտոնյալների կայանատեղի. «Որ կարգադրեն, կտանենք»

Արտոնյալների կայանատեղի. «Որ կարգադրեն, կտանենք»

Օպերայի «կալցևոյի» տարածքում ավտոմեքենաների կայանումն արգելված է: Միայն տաքսիները կարող են կայանել և, ինչպես հասկացանք, նաև գոլդ համարներով շքեղ մեքենաները, օրինակ` Range Rover, Mercedes S-Class: Քիչ առաջ նկատեցինք, որ Սայաթ-Նովա-Մաշտոց խաչմերուկի օղակաձև հատվածում տաքսիների կողքին սև Range Rover է կայանած` «10 ?? 001» պետհամարանիշով: Երկու մետր այն կողմ էլ ՃՈ-ի հետ համագործակցող էվակուատոր է կայանած, վարորդն էլ` կողքը նստած, որ հենց հրահանգ լինի` արագ հասնի «դեպքի վայր» ու տարհանի օրենքի խախտումով կայանած ավտոմեքենան: Հարցրինք նրան` այստեղ թույլատրվո՞ւմ է մեքենա կայանել, ասաց` ոչ, միայն՝ տաքսիներին: Այդ դեպքում ի՞նչ գործ ունի տաքսիների տարածքում սև Range Rover-ը, ինչո՞ւ չեն տարհանում, եթե, իհարկե, Range Rover-ն էլ տաքսի չէ: Պատասխանը ուշագրավ էր. «Որ կարգադրեն, կտանենք»: Իսկ կարգադրելու համար նկատել է պետք գոլդ համարներով «արտոնյալներին», իսկ նկատելը ՃՈ-ի համար, այն էլ քաղաքի կենտրոնում` դժվար չէ, առավել ևս, որ դիմացի մայթին ՃՈ-ն մշտական ծառայություն է իրականացնում: Բայց իրենց քթի տակի օրինախախտներին, չգիտես ինչու, չեն նկատում: ՃՈ-ի աչքը կարծես թե սովոր է սովորական համարներով համեստ մեքենաների խախտումներն արձանագրելուն: Նշենք, որ նկարում երևացող Range Rover-ը միակը չէ, որ տաքսիների տարածքում ազատ կայանում է: Այս տարածքում մշտական բնակություն ունի հաստատած նաև «11 ?? 111» պետհամարանիշով մի Mercedes S-Class, որը ցանկության դեպքում կարելի է օրվա տարբեր ժամերի նկատել այստեղ կայանած` դարձյալ ոստիկանների աչքի առաջ: 

Ի դեպ, նկատենք, որ Range Rover-ի նման նաև տվյալ էվակուատորն է խախտումով կայանել, համենայնդեպս գրած չէ որևէ տեղ, որ տաքսիների նման էվակուատորների կայանումն էլ է թույլատրվում: Թերևս կայանումն արգելող նշանի տակ պետք է գրել` կանգառն ու կայանումն արգելվում է, բացառապես տաքսիների, էվակուատորների և գոլդ համարներով Range Rover-ների: Թե չէ՝ մի էվակուատոր էլ այս էվակուատորի համար է անհրաժեշտ, որ գա տարհանի: