Ալիեւին ծեծել են, էլեկտրաշոկ տվել, ստիպել իր կամքին հակառակ փաստաթղթեր ստորագրի

Ալիեւին ծեծել են, էլեկտրաշոկ տվել, ստիպել իր կամքին հակառակ փաստաթղթեր ստորագրի

EPDE-ն (Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ) իր համերաշխությունն է հայտնել ապրիլի 18-ին Բաքվի միջազգային օդանավակայանում ձերբակալված գործընկերոջ՝ ընտրությունների դիտորդ և մարդու իրավունքների պաշտպան, ԱՄՆ-ից ժամանած Իմրան Ալիևի հետ եւ հայտարարություն է տարածել։ 

«Ադրբեջանի քաղաքացիական հասարակության նշանավոր դեմք Իմրան Ալիևը ձերբակալվելուց հետո ենթարկվել է դաժան բռնությունների և հարկադրանքի։

Ալիեւին ծեծել են, էլեկտրաշոկ են տվել, ստիպել են իր կամքին հակառակ փաստաթղթեր ստորագրել։ Նրա կալանավորումը, որը ենթադրաբար կապված է, այսպես կոչված, «Աբզաս Մեդիա գործի» հետ, վկայում է Ադրբեջանում քաղաքական ազատությունների վատթարացման մասին: «Աբզասի գործը» վերաբերում է օտարերկրյա դոնորներից դրամաշնորհների ենթադրյալ անօրինական ստացմանը, որը հաճախ օգտագործվում է անկախ լրատվամիջոցներին և ակտիվիստներին հետապնդելու համար: Տեսաուղերձում Ալիևը հայտարարել է, որ վախենում է իր անվտանգության համար. «Այն բանից հետո, երբ տեսա հոդված [Qafqazinfo-ում Abzas-ի լրագրողներին մեղադրանքների մասին], ես որոշեցի հեռանալ երկրից իմ անվտանգության համար և գնեցի Ստամբուլի տոմս: Բայց ինձ բերման ենթարկեցին»։
 
Այս միջադեպը եզակի չէ, այլ ավելի շուտ Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների անհանգստացնող օրինաչափության մաս է կազմում, ինչպես ընդգծում է EPDE-ի անդամ Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնը (EMDS): Պետք է դատապարտել Ադրբեջանի իշխանությունների անողոք հարձակումը խոսքի ազատության և քաղաքական բազմակարծության նկատմամբ։ 
EPDE-ն միանում է EMDS-ի կոչին միջազգային կառույցներին և դոնոր պետություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Իմրան Ալիևին և անարդարացիորեն ձերբակալված մյուս լրագրողներին։ Միջազգային ժողովրդավարական հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանում աճող քաղաքական բռնաճնշումները կանխելու համար։ Մենք պահանջում ենք ուժեղ միջոցներ՝ պաշտպանելու խոսքի ազատությունը և ապահովելու Իմրան Ալիևի նման իրավապաշտպանների պաշտպանությունը։
 
Կանգնեք մեզ հետ՝ պահանջելով արդարություն և պատասխանատվություն քաղաքացիների ընտրությունների դիտորդների և իրավապաշտպանների համար: Կիսվեք այս հաղորդագրությամբ՝ բարձրացնելով մարդկանց իրազեկվածությունը և հզորացնելով մեր բողոքի ձայնը»: