Եթե տեղյակ չէիք, որ որս ենք, ինչու՞ վերցրիք դանակը

Եթե տեղյակ չէիք, որ որս ենք, ինչու՞ վերցրիք դանակը

Պառակտումը գիտե՞ք ինչ է։ Սովորական իմաստով այն մասնատել, բաժան- բաժան անել է նշանակում։  Երևի հներից շատերդ հիշում եք, թե ժամանակին ինչպես էր մորթը տեղի ունենում։ Կենդանին գցում էին գետնին, մորթում, հետո տաք, թարմ  վիճակում   մաս- մաս, փայ- փայ անում ու յուրաքանչյուր ընտանիք քանի փայ ուզում, վերցնում էր։ Ինչքան հիշում եմ, մի փայի մեջ հինգ կիլոգրամ էր։ Նայած թե ինչքան էին գնորդները։ Եթե շատ էին, ավելի քիչ բաժնով էին դնում։ Կենդանական աշխարհում էլ այդպես է։ Պառակտումը, մաս- մաս անելը  պատրաստի կեր է գիշատիչների համար։ Ես սա բացատրում եմ, որ թեկուզ ուշացումով հասկանաք՝ ինչու՞ հեղափոխական իշխանությունը պառակտմամբ եկավ իշխանության ու ինչու՞  նրա առաջին քայլը պառակտելն էր։

Քավ լիցե, գուցե հեղափոխականներից շատերը չգիտեին, որ պառակտումը, ատելություն սերմանելը, սև ու սպիտակի բաժանումը դա երկիրը կործանման տանելու ամենալուրջ զենքն է և «ձեռքի տակ աշխատելով» պառակտում էին ազգը։ Մեր երկիրը պառակտելը սկսվեց 2018 թվականից։ Օրինակները, որ բերեցի, ընկալելը ավելի եմ հեշտացնում․ մեր երկիրը 2018-ից  դարձավ հարևանների համար որս։ Չորակեմ ինչպիսի հարևանների համար։ Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերելուց հետո որսը գցեցին գետնին ու մորթ տեղի ունեցավ։ Մորթի առաջին գործիքը պառակտումն էր՝ դանակը։ Կտրտեցին, փայ- փայ արեցին, հետո կտրտողը սկսեց մեղադրել այս կամ այն պետությանը, թե ինչու իրենց չպաշտպանեցին։ Այստեղ է , որ պիտի հակադարձել՝ եթե տեղյակ չէիք, որ որս ենք, ինչու՞ վերցրիք դանակը։ Ինչու՞ մասնատեցիք այն որսը, որին շատերն էին ուզում խժռել։

Ինչու՞ հագուրդ տվիք թշնամու  ախորժակին՝ նախապես պառակտելով ազգը։ Ինչու՞ հայությանը դրեցիք  ներքուստ պառակտված վիճակում, որպես պատրաստի որս՝ գիշատիչ հարևանների համար: Հայոց պատմությունը վկայում է, այն պատմությունը, որ ուզում եք փոխել, պառակտել, որ թշնամու  սուրն անկարող է եղել  մաշել մեր ազգի մարմինը: Մեր ազգի մարմինը միշտ մաշել են ներսից։ Կա հայոց պատմությունը՝ իբրև վկայություն, որն ուզում եք վերացնել։ Իբրև հորդոր՝ նրանք, ովքեր պառակտել ու պառակտում են ազգը՝ ուղղորդմամբ, թող վար դնեն իրենց զինատեսակները,  որի համար վճարվում են, որովհետև սեփական զենքերով կործանվեց Արցախը։ Վար դնեն զենքերը, որովհետև հերթի մեջ Հայաստանն է , իրենց տունը, ընտանիքը։ Պառակտումը սովորական զենք չէ, այն նպատակաուղղված ու անխոցելի զենք է, որը կիրառում են նրանք, ովքեր իրենց երկրի դեմ են։