«Ես իմ երկրում ապրում եմ որպես գերի»․ նախկին զինծառայողն օգնություն է խնդրում 

«Ես իմ երկրում ապրում եմ որպես գերի»․ նախկին զինծառայողն օգնություն է խնդրում 

Արմավիրի Մայիսյան գյուղի բնակիչ, առաջին կարգի հաշմանդամ նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանն արդեն 10 տարուց ավելի է, միայնակ պայքարում է պետական մարմինների դեմ։ Ընդամենը մի երազանք ունի՝ վաճառել տունը և մեկնել Գերմանիա՝ բուժման, որը չի կարողանում իրագործել։ Նախկինում նա պետությունից էր պահանջում, որ իրեն Գերմանիա՝ բուժման ուղարկեն, քանի որ զինծառայության ժամանակ է կորցրել առողջությունը, դեռ 2012 թվականին։ Այն ժամանակ Դավիթ Հակոբյանը Խաղաղապահ զորքերում էր ծառայում, և պարապմունքից հետո որովայնի շրջանում ցավեր էր զգացել։ «Մուրացանի» հոսպիտալում նրան վիրահատել էին, բայց անհաջող, ապա մի քանի ժամից երկրորդ վիրահատությունն էին արել, կրկին անհաջող։ Հետո կոմա, հաշմանդամություն, մարմնի ձախ կողմի թուլություն։ Երիտասարդը պարբերաբար պահանջում էր ՊՆ-ից, որ իրեն արտերկիր ուղարկեն, բուժման։

Նրան խոստանում էին ու չէին կատարում խոստումը։ Ի վերջո, բարկությունից, հուսահատությունից նա սկսեց կեղծ ահազանգեր կատարել։ Զանգում էր ոստիկանություն ու ասում, որ ռումբ է տեղադրված Սեյրան Օհանյանի աշխատասենյակում, «Մուրացան» հոսպիտալում, Բաղրամյան 26-ում՝ բոլոր այն հաստատություններում, որոնց մեղավոր էր համարում իր կորցրած կյանքի համար։ Նա վստահեցնում է, որ ընդամենը մեկ ահազանգ է կատարել, մնացածը «սարքել են գլխին»։

Կեղծ ահազանգերի հոդվածով 2015 թվականին Դավիթին դատապարտեցին 1 տարի 6 ամսվա ազատազրկման։ Իշխանափոխությունից հետո տղան հույս ուներ, որ գոնե հիմա իրեն կուղարկեն բուժման։ Սակայն` ոչ։ ՊՆ-ն Դավիթին պատասխանել է, որ իր առողջական խնդիրները կապ չունեն զինվորական ծառայության  հետ, իսկ վիրահատության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ոչնչացված են։ 
2018 թվականին նրա դեմ նոր քրեական հետապնդում սկսվեց՝ կրկին կեղծ ահազանգերի մեղադրանքով։ Ձերբակալեցին, ազատեցին։ Վարույթը մինչ օրս ընթանում է։ 

2019 թվականին հուսահատված նախկին զինծառայողը ՊՆ շենքի մոտ հացադուլի նստեց, պահանջելով, որ իրեն ընդունեն, լուծեն իր խնդիրները։ Ընդունեցին, բայց խնդիրները կրկին չլուծեցին։ Այսօր Դավիթ Հակոբյանը 35 տարեկան է։  Գլխում գոյացություն ունի, որը ճնշում է աչքի նյարդը, համարյա չի տեսնում, անհաջող վիրահատությունների արդյունքում  հեռացրել են նրա աղիքների մի մասը, լեղապարկն` ամբողջությամբ, օրգանիզմի ձախակողմյան հատվածը գրեթե անշարժացած է։ «Պետությունից դուրս գալ չեմ կարող, անձնագիրս քննիչները վերցրին ու մինչև հիմա հետ չեն տվել։ Ասում են՝ չեն վերցրել, բաց ստում են։ Տունս վաճառել չեմ կարող, որովհետև գյուղապետարանը չի ընդունում, որ Մայիսյանի էդ հողը մերն է, թեև մենք ենք գնել, հայրս ու կեսը իմ անունով է արել։ Ստացվում է, խնդիր կա, ու չեմ կարող վաճառել։ Ես իմ երկրում ապրում եմ որպես գերի, իմ դիմումներին ոչ մի պետական մարմին էլ չի պատասխանում», - գանգատվում է Դավիթ Հակոբյանը։ 

Նա այսօր ապրում է հիվանդ ու ծեր մայրիկի հետ։  Մոր և որդու ապրուստի միակ միջոցը Դավիթի հաշմանդամության թոշակն է։