Կարմիր գծերը

Կարմիր գծերը

Կան մեղքեր, սխալներ, որոնք կարելի է ներել ու անտեսել։ Բայց կան մեղքեր ու սխալներ, որոնք անհանդուրժելի են, անընդունելի, որոնք հանդուրժելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ պետության եւ հասարակության համար։ Անշուշտ, հանդուրժելի-անհանդուրժելիի սահմանը շատ երերուն է եւ անհատական։ Մեկի համար մարդասպանությունն անգամ ներելի է, մյուսի համար փողոցը կարմիր լույսի տակ անցնելն աններելի հանցանք է։

 

Մենք՝ ազգովի, պետք է որոշենք այդ կարմիր գծերը, պետք է սահմանենք անթույլատրելի ու ազգակործան արարքների ցանկը։ Պետք է համազգային կոնսենսուս հաստատենք մեր երկրում, ինչ-որ չգրված կանոններ սահմանենք, որոնք անցնելն անթույլատրելի լինի ե՛ւ նախարարների, ե՛ւ ուսուցիչների, ե՛ւ վարորդների, ե՛ւ գործազուրկների համար՝ տարեցների ու երիտասարդների, կանանց ու տղամարդկանց։ Կոնսենսուսի առաջին մակարդակը պետք է լինի՝ ոչ մի թիզ հող թշնամուն, ոչ մի զոհ ու վիրավոր սահմանին։

 

Մենք չպետք է հանդուրժենք ինֆանտիլ ու հանցագործ իշխանություններին, որոնք մեզ օրեցօր հաշտեցնում են գերիների ու զոհերի, մեր պետական տարածքից թիզ առ թիզ թշնամուն զիջելու գաղափարի հետ։ Իբրեւ թե հանուն խաղաղության, իբրեւ թե պատերազմից խուսափելու համար։ Կոնսենսուսի մյուս մակարդակը պետք է լինի՝ ոչ մի թշնամանք ու պառակտում մեր երկրում։ Բոլոր այն երեւույթները, որոնք ագրեսիա, թշնամանք, ատելություն, անհանդուրժողականություն են սերմանում մեր ազգի այս կամ այն հատվածի նկատմամբ՝ լինի դա ղարաբաղցի, թե սյունեցի, նիկոլական, թե քոչարյանական, սփյուռքահայ, թե հայաստանաբնակ, գյուղացի, թե քաղաքացի, ունեւոր, թե չքավոր, պետք է արմատախիլ արվեն, մերժվեն։ Մենք մի թշնամի պետք է ունենանք՝ մեր հայրենիքը հանձնողները, մեր երկրում պառակտում սերմանողները՝ ով ուզում է դա լինի։