Ձեր «յաչեյկի» ղեկավարն ո՞վ ա

Ձեր «յաչեյկի» ղեկավարն ո՞վ ա

ԱԱԾ-ականները կրակն են ընկել «քաղաքական ձերբակալությունների» ձեռքը։ Նրանք էլ են հասկանում, որ անհեթեթ հիմքերով են մարդկանց տները խուզարկում։ Փնտրում են բաներ, որոնք չկան, եւ անհիմն տանում են՝ ժամերով հարցաքննում։ Ապա դատարանի պահանջով բաց են թողնում։ Հիմնական շոուները տեղի են ունենում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ցույցերի եւ Փաշինյանի առանձնատնից գողության գործով։ Որքան զավեշտալի է գործը, նույնքան զավեշտալի են ԱԱԾ մեղադրանքներն ու հարցաքննությունները։ Հարցաքննվածներից մեկը մեզ պատմեց, որ քննիչները, ակամա խոստովանելով, որ գաղտնալսել են հարցաքննվողին, նեղսրտել են, թե «արդեն «Սիգնալով» եք, հա՞, սկսել խոսել, որ չկարողանանք լսել»։

Մեկ ուրիշ դեպքում հարցրել են՝ «Ձեր յաչեյկի ղեկավարն ո՞վ ա»։ Մի քննիչ էլ իր «զոհին» հարցրել է, թե ինչպես են կարողանում պայմանավորվել դատավորների հետ, որ իրենց կալանքի միջնորդությունները «ջրում» են ու կալանավորելու փոխարեն ազատ արձակում։ Ասել են՝ մենք տեղյակ ենք, որ դատավորների հետ գործարքի մեջ եք մտել, ու շուտով այդ դատավորներին էլ ենք բռնելու բերենք հարցաքննության։ Նշենք, որ միայն Նիկոլ Փաշինյանի «օծանելիքի եւ ժամացույցի» գործով, որի տակ դրել են «իշխանության յուրացում» հնչեղ ձեւակերպումը, 34 քննիչ է ներգրավված։ Փաստորեն, ամբողջ իրավապահ համակարգն այսօր լծված է մեկ մարդու անձնական քմահաճույքները կատարելու եւ նրա օծանելիքի ու ժամացույցի գողերին բռնելու գործի քննությանը։