Գյումրեցի տարեցներն ընդունում են, որ ձվերով խփել են ցուցարարների մեքենաներին

Գյումրեցի տարեցներն ընդունում են, որ ձվերով խփել են ցուցարարների մեքենաներին

Մոտ տասը օր առաջ  հանրահավաք անցկացնելու նպատակով Գյումրի երթով հասած «Դիմադրություն» շարժման մի խումբ երիտասարդների և Գյումրիի Երևանյան խճուղում կանգառի մոտ կանգնած տարեցների միջև վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Համացանցում տարածված տեսանյութում երևում էր, որ երիտասարդները ծեծի են ենթարկում տարեց մարդկանց։ Սակայն ոչ մի դրվագ այն մասին, թե ինչպես է վեճը ծագել։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։ Ընդդիմադիրներն էլ միջադեպը ներկայացնելիս պատմում են, որ սադրանք է տեղի ունեցել, իրենց հասցեին տարեցները տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել։

Գործով 7 մեղադրյալ կա, որոնցից 5-ը կալանավորված են, մեկը, որն ազատության մեջ է, անչափահաս է, Հոլանդիայի քաղաքացի։ Մեղադրյալներից երեքի՝ Արսեն Մարտոյանի, Գոռ Սարգսյանի եւ Տարոն Մանուկյանի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Աբգար Պողոսյանը։

Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ կալանավորման որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, բայց դեռեւս հայտնի չէ՝ ում է այն մակագրվել։

Փաստաբանը նշեց, որ առերեսում դեռեւս չի եղել տարեցների եւ երիտասարդների միջեւ, սակայն իրենք նախաձեռնելու են, որ այդ առերեսումը տեղի ունենա։

Տարեցները տուժողի կարգավիճակ ունեն, հարցաքննվել են․ «Իրենք հայտնել են, որ իրենց անդորրը խաթարվել է, հետաքրքիր բառապաշարով ցուցմունքներ են տվել։ Նրանք լրիվ այլ մանրամասներ են ներկայացնում,  իրենց միջադեպն այլ  է, բայց ընդունում են, որ ձվերով խփել են մեքենաներին։ Այս մասով վարույթն իրականացնող մարմնից ընդհանրապես անդրադարձ չկա։ Ըստ իրենց՝ առաջինը մեքենաներից են եղել ինչ-որ արտահայտություններ, նոր սկսել են ձվերով խփել»։

-Իսկ ձվերն իրենց մոտ որտեղի՞ց։

-Ասել են, որ խանութից տուն էին գնում։ Իրականում, արդեն իսկ անհերքելի է, որ հավկիթները շատ են եղել։ Մեքենան էլ են ներկայացրել, որ ձվի շատ հետքեր են եղել, բայց ընդհանրապես անդրադարձ չկա, ուշադրություն չեն դարձնում ցուցմունքներին։

-Քննիչի գործողությունների վերաբերյալ առարկություններ ներկայացրե՞լ եք։

-Մի քանի միջնորդություն նախատեսում ենք, բայց տակտիկական առումով չեմ ուզում հիմա հայտնել։

-Վարույթն իրականացնող մարմինը խտրականությու՞ն է դնում կողմերի միջեւ։

-Ուրեմն, այստեղ խտրական վերաբերմունքը ակնհայտ է․ որ փուլում էլ նախաքննական գաղտնիքը վերանա, անգամ ոչ իրավաբան մարդու համար դա հասկանալի կլինի։ Բազմաթիվ ցուցմունքներով նշվում է տարեցների կողմից հայհոյանքների մասին, դրան չի անդրադառնում վարույթ իրականացնող մարմինը, էլ չեմ ասում քրեական հետախուզության աշխատակիցների ցուցմունքները լցրել են գործի մեջ։ Ոստիկանության Երեւան քաղաքի  վարչության բաժանմունքներից մեկի պետը ցուցմունք է տվել, որ քանի որ ինքը շատ է նայում հարցազրույցներ, իսկ հարցազրույցների ժամանակ գրվում է անուն-ազգանունը, հետեւաբար այդ տեսանյութից ճանաչեց եւ նույնականացվող տվյալները գրեց։ Հիմա տպավորություն է, որ Տարոն Մանուկյանը, երբ հարցազրույց է տվել, տակը գրանցման հասցեն էլ են գրել։ Այդ տեքստում գրում է, բայց քննիչը հարցեր էլ չի տալիս։ Ու սենց ամբողջը խախտումներով արել են։ Այսինքն՝ այնքան այսպիսի շատ բաներ կան, որ, երբ ասում ենք՝ խտրական վերաբերմունք, ձեւական չենք ասում։ Նախ սկսենք նրանից, որ այս հոդվածով շատ հազվադեպ են ձերբակալում, հետո դիմում՝ կալանավորման։

-Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները կա՞ն։

-Այս պահին փորձաքննության պատասխաններ չկան, անգամ, երբ հայտարարություններ են տարածում՝ վնասվածքներ եւ այլն, անգամ դրա հիմքն էլ չկա։

-Պարոն Պողոսյան, իսկ դուք չե՞ք կարող հաղորդում ներկայացնել, որ տուժողները վիրավորել են ցուցարարներին, առաջինը իրենք են սկսել։

-Նախ ասեմ, որ մենք կասկածի տակ ենք դնում տուժողի կարգավիճակը։ Այդպիսի միջնորդություն ենք տանելու։ Իսկ ձեր ասածը․ արդեն ցուցմունքներով կա այդ հաղորդումը, վարույթն իրականացնող մարմինը պետք է դրան անդրադարձ անի, բայց չի անում, այսինքն՝ այս ցուցմունքներից հետո պետք է լրացուցիչ հարցաքններ տուժողներին, հարցեր տար, փորձեր այդ առումով հանցագործությունը բացահայտել։ Այդ առումով անդրադարձ չկա, եթե անգամ լինի էլ, ես վստահ եմ, որ լինելու է ձեւական, բայց դա էլ չկա։ Բավականին շատ են ցուցմունքները, որ հասարակական կարգը խախտել են տարեց անձինք։

-Այս բոլոր տարեցները Գյումրիի՞ց են։

-Այո, Երեւանյան խճուղուց։ Նշում են, որ խանութից տուն էին գնում։ Ինձ թվում է՝ պետք է մի ամբողջ գյուղի Զատիկի պատրաստվեին, որ այդքան ձու խանութից գնեին։