Ինչ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի եւ Արցախի շուրջ

Ինչ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի եւ Արցախի շուրջ

Վերջին տասնօրյակը բավական հետաքրքիր էր Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումների իմաստով։ Չխորանալով տեղի ունեցած իրադարձությունների մեջ առանձին-առանձին՝ փորձենք ընդհանուր գծերով որոշ արձանագրումներ կատարել։

• Նախ, հայ-ռուսական հարաբերություններում արդեն բավական ժամանակ առկա լարվածությունը կարծես թե խորանում է։ Հատկապես Արցախի շրջափակման պայմաններում, երբ փորձ է արվում պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, սլաքներն ուղղել դեպի Մոսկվա, այդ լարվածությունն ավելի բացահայտ ու ցցուն տեսք է ընդունում։ Եվ այս առումով պատահական չէ այն, որ Մոսկվայից հնչեց հայտարարություն, թե եթե Երեւանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, որն արմատապես փոխում է իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ եւ դրան հետեւած մյուս հայտարարությունների մասով, ապա սխալ է դրանից հետո Մոսկվային որեւէ հարցում մեղադրելը:

• Երեւանի՝ շարունակվող սեթեւեթանքներն Արեւմուտքի հետ կարծես դեռ շարունակվելու են։ Երեւանում փորձում են մանեւրել կամ, ինչպես ընդունված է ասել, միանգամից «երկու աթոռի վրա նստել»։ Սակայն դա ներկայիս ընդհանուր գեոպոլիտիկ եւ ռեգիոնալ-պոլիտիկ առումով չափազանց վտանգավոր է ու Հայաստանի համար կործանարար հետեւանքներով հղի։

• Թուրքիայի նախագահի կողմից Արցախում ռուսական խաղաղապահների՝ 2025 թվականին դուրս գալու մասին հայտարարությունը շատ ավելի վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, քան՝ մեզ։ Էրդողանն էլ լավ հասկանում է, որ իր խոսքերն այս դեպքում ուղղակի միտված են նրան, որ ցույց տա, թե, ամեն դեպքում, ինքն է ռեգիոնի հետ կապված «ասողներից» մեկը, թեկուզ` ոչ առաջնային։ Իսկ ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի սրբագրումներ, ամեն դեպքում, կկատարվեն, թեկուզեւ դրանք հանրային լայն շրջանակների համար կմնան անհասանելի։ Ռուսաստանը պարզ հասկացնում է, որ Էրդողանին քիչ թե շատ ինքնուրույն խաղացող դարձրել է հենց Մոսկվան, սակայն եթե Անկարան ուզում է ամեն դեպքում հայտնվել Միացյալ Նահանգների «կրնկի տակ» եւ վերածվել Արեւմուտքի կցորդի, ապա դա Անկարայի ընտրությունն է։

Իսկ որպես ապացույց՝ «հացահատիկային գործարքի» դադարեցումն էր, որով Էրդողանի դիվանագիտական-միջնորդական կշիռը, որից նա օգտվում էր այս ամիսներին, աճել էր լիուլի։ Այստեղ, անկախ այն հանգամանքից, որ այդ գործարքը դադարեցվեց ղրիմյան ահաբեկչությունից հետո, պետք է նկատի ունենալ, որ Մոսկվան գործարքի դադարեցման մասին հայտարարությունն անում է այն բանից հետո, երբ Էրդողանը նախքան դա հայտարարել էր, որ ամեն բան կարգին է գործարքի հետ։ Այսպիսով Մոսկվան հասկացնում է, որ Էրդողանի խոսքերն այլեւս կշիռ չունեն եւ չեն ունենա, եթե Մոսկվան, որպես գործընկեր, դրանց կշիռ չհաղորդի գործընկերային կամ դաշնակցային համերաշխությամբ։ Սա, իհարկե, չի նշանակում, թե Մոսկվա-Անկարա հարաբերություններն արմատապես կփոխվեն։ Ամենայն հավանականությամբ, օգոստոսին Պուտին-Էրդողան երկխոսությամբ ինչ-որ բաներ կկարգավորվեն, սակայն հնարավոր է նաեւ, որ Մոսկվան դեռ մի որոշ ժամանակ էլ Անկարային «ձաղկելու» համար «մտրակը ձեռքում պահի»։

• Արցախի մասով կարելի է թերեւս ասել, որ կարծես թե հերթական անգամ «կանաչ լույս վառվեց» երկրամասի «ադրբեջանականացման» համար՝ Աղդամ-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռնափոխադրումներ իրականացնելու մասին հարցը բրյուսելյան վերջին եռակողմ՝ Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպման օրակարգ ներմուծելով։