Աննախադեպ նվիրատվություն

Աննախադեպ նվիրատվություն

Անցյալ տարվա նոյեմբերի 22-ի նիստում կառավարությունը հաստատել էր աննախադեպ մի առաջարկ։ Գերմանական զարգացման բանկը (KfW) Հայաստանին էր հատկացրել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված 23,2 մլն եվրո դրամաշնորհ, մոտավորապես՝ 13 մլրդ դրամի, որն աննախադեպ էր տարածաշրջանի համար։ Այս գումարը պետք է ծախսվի «Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի ընդհանուր տեւողությունը 8 տարի է։

Նախատեսվում էր իրականացնել բնական ռեսուրսների, բնական հուշարձանների, պահպանվող տարածքների բարելավում, անտառների վերականգնում, առանձին համայնքներում պետք է սոցիալ-տնտեսական միջոցառումներ իրականացնեին, զբոսաշրջությունը խթանեին եւ այլն։ Մեկ տարի առաջ, հարցը կառավարության նիստում ներկայացնելով, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պերճախոսում էր՝ նկարագրելով ծրագրի առավելությունները։ «Սա Գերմանական զարգացման բանկի ամենամեծ դրամաշնորհներից մեկն է։ Այն ոչ միայն անտառների վերականգնման եւ տեսակների պահպանման վրա է ծախսվելու, այլեւ սոցիալ-տնտեսական ճնշումը նվազեցնելու ուղղությամբ։ Ընդհանրապես, դա կլինի ե՛ւ գյուղատնտեսության ոլորտում, ե՛ւ համայնքային ծրագրեր, որոնք կբերեն մարդկանց եկամուտների աճին»,- ասում էր նախարարը՝ ներկայացնելով, որ սա աննախադեպ գումար է՝ Հայաստանի բնապահպանությանը երբեւիցե տրված։

Այս ոգեւորող ելույթից հետո անցել է մեկ տարի, եւ շրջակա միջավայրի նախարարը լռել է։ Մեր հարցերին, որոնք փորձեցինք տարբեր խողովակներով հասանելի դարձնել նախարարին ու նրա մամուլի պատասխանատուին, ոչ մի պատասխան չստացանք։ Մեզ հորդորեցին գրավոր հարցում գրել, «ինչպես կարգն է», եւ սպասել պատասխանին՝ «օրենքով սահմանված ժամկետում»։ Մենք հարցումն ուղարկեցինք, բայց վստահ ենք, որ ինչպես դրամաշնորհը ստանալիս էին պերճախոսում, հիմա էլ նույնը կանեն, բայց դրա տակ իրականություն հիշեցնող քիչ բան կլինի։ Ուստի, օգտվելով մեր աղբյուրներից, տեղեկացնում ենք, որ մեկ տարում գերմանական դրամաշնորհի ծրագրի իրականացման ուղղությամբ մեծ առաջընթաց չկա։ Բնապահպանությանը մոտ աղբյուրները հիշատակում են մեկ ծրագիր ընդամենը՝ 8.3 միլիոն եվրոյի, որն իրականացվել է այս դրամաշնորհի գումարից՝ տրամադրվել է Սյունիքի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը։ Կազմակերպություններ են ընտրվել, որոնք այդ ծրագրի շրջանակներում աշխատել են սոցիալական տարբեր խմբերի հետ, օրինակ, Սյունիքի մարզի մեղվաբույծներին խորհուրդներ են տվել, թե ինչպես լավ մեղր ստանալ։

Թե ինչ ծրագրեր են իրականացվել Սյունիքի հատուկ պահպանվող տարածքներում, մեծ գաղտնիք է։ «Արեւիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գեւորգյանը, լսելով գերմանական գրանտի մասին, ասաց, որ իրեն դրա հետ կապված ոչինչ հայտնի չէ։ Իսկ երբ հարց ուղղեցինք, թե 8,3 մլն եվրոյից, որը տրվել է մարզի հատուկ պահպանվող տարածքներին, «Արեւիկ» ազգային պարկին ինչ-որ բան հասե՞լ է, թե՞ ոչ, նա կտրուկ «փակվեց»՝ հորդորելով դիմել նախարարություն։ Համաձայնեք, որ աննախադեպ դրամաշնորհներ ստացողների այսօրինակ զգուշավորությունն ու լռությունն առնվազն կասկածելի են։