Հակոբ Մովսեսն ի՞նչ իրավունք ունի լինել ՀՌՀ անդամ

Հակոբ Մովսեսն ի՞նչ իրավունք ունի լինել ՀՌՀ անդամ

Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան ակտիվ լծվել է լրագրողներին և լրագրողական համայնքին դասեր տալու գործին: Ամեն բան սկսվեց նրանից, որ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մի շարք որակումներ տվեց «Հրապարակ» օրաթերթի հասցեին, իսկ նույն հանձնաժողովի անդամ Նունե Հախվերդյանը լրագրողին հորդորեց «նորմալ» հարցեր տալ և դրանց մեջ վերաբերմունք չդնել: Զավեշտալին այն է, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ողջ օրը զբաղված է իշխանական բացահայտ քարոզչությամբ, Հանրայինի լրատվականի ղեկավար Պետրոս Ղազարյանն ակնհայտ վերաբերմունք է դնում իր բոլոր հարցազրույցների մեջ, իսկ ՀՌՀ-ն դրան անդրադառնալու փոխարեն, եթերազրկում է «Երկիր մեդիան» և Հայկական երկրորդ հեռուստաալիքը: Թեմայի մասին զրուցել ենք լրագրող Դավիթ Սարգսյանի հետ:

- Դավիթ, ազատ խոսքի համար տարիներով պայքարած Նունե Հախվերդյանն ասում է, որ լրագրողները չպետք է կարծիք ունենան, վերաբերմունք արտահայտեն: Նա նաև հորդորեց լրագրողին «նորմալ» հարցեր հնչեցնել: Ի՞նչ ասել է՝ «նորմալ» հարց, և ի վերջո` ինչի՞ է նման անկարծիք լրագրողը:

- Այդ հանձնաժողովում նստած մարդիկ լրագրության հետ ոչ մի առնչություն չունեն: Ինձ համար Տիգրան Հակոբյանի վարմունքն այնքան ցավալի չէր, որքան բանաստեղծ Հակոբ Մովսեսինը, ով ինքնագոհ հայացքով հետևում էր, թե ինչ է կատարվում: Հակոբ Մովսեսն ի՞նչ իրավունք ունի լինել ՀՌՀ անդամ, ի՞նչ գործ ունի նա հեռուստատեսության և ռադիոյի հետ, եթե բանաստեղծ է: Առհասարակ այդ հանձնաժողովում կա՞ն մարդիկ, ովքեր տասնամյակների լրագրության փորձ ունեն և տիրապետում են դաշտի ինքնակարգավորման խնդիրներին, կամ գրաքննության այն բարձր մակարդակը, որը առկա է լրատվամիջոցներում, այդ թվում` «Հրապարակում»: ՀՌՀ-ն իրականում Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գործիքն է: Այդ հանձնաժողովի անդամներն ունեն հանցավոր և անընդունելի վերաբերմունք՝ ուղղված լրագրողներին: Սահմանադրության մեջ հեռուստատեսության և ռադիոյի մասին կա մի հստակ գլուխ, որին ՀՌՀ անդամները պարտավոր են հավատարիմ մնալ, բայց ինչո՞վ են այդ մարդիկ զբաղված․ զբաղված են քաղաքական հայտարարություններ անելով: Օրինակ` Տիգրան Հակոբյանը Հ1-ով փոդքասթ է վարում, հնչեցնում է քաղաքական գնահատականներ, որակումներ է տալիս ընդդիմադիր հեռուստաընկերություններին և լրագրողներին: Նունե Հախվերդյանն էլ ռուսական մի հեռուստահաղորդման հետ կապված հստակ քաղաքական գնահատականներ տվեց, այն բանի համար, որ դրան մասնակցել էր Անդրանիկ Թևանյանը: Հակոբ Մովսեսը հաճախ գնում է իշխանական լրատվամիջոցներում պրոիշխանական հարցազրույցներ է տալիս, սա եղավ ՀՌՀ-ի հանձնաժողո՞վ: Այդ հանձնաժողովը չի համապատասխանում իր կոչմանն ու առաքելությանը: Այդ մարդիկ ոչ մի իրավունք չունեն հայաստանյան առանց այդ էլ մի բուռ մնացած լրագրողական անկախ-անաչառ աշխատանքին տալ գնահատականներ:

- Այդ մարդկանցից շատերը տասնամյակներով պայքարում էին խոսքի ազատության համար, իրենց պատեպատ տալիս, դրսի համար զեկույցներ պատրաստում, բայց այսօր փաստացի անում են դրա ճիշտ հակառակը: Այժմ երկակի ստանդարտնե՞ր են գործում, թե՞ գրանտներն այլ բաների համար են ստանում:

- Իրականում այդ մարդիկ երբեք էլ խոսքի ազատության համար չեն պայքարել, այլ ուղղակի պայքարել են իրենց դրամաշնորհները պահպանելու համար: Նրանք նաև անթաքույց քաղաքական նպատակներ են հետապնդել, գալ իշխանության ու թույլ տալ առավել վուլգար ու ցինիկ խախտումներ, քան առաջներում եղել են: Նրանք ստեղծել են բացահայտ գործակալական ցանց, լրագրողական կեղծ կազմակերպություններ և առատ դրամաշնորհների դիմաց աղմուկ էին բարձրացնում այն ժամանակ, երբ լրագրողի գլխին անգամ մեկ մազ էր ծռվում: Այսօր արվում են առավել ցցուն ոտնձգություններ, սակայն իրենք կամ լուռ են, կամ էլ կարգավորող մարմնի անդամ են: Նրանք իրենց ձգտումներում եղել են երեսպաշտ ու կեղծավոր:

- Շատ են խոսում լրագրողի օբյեկտիվության մասին: Հանրային հեռուստաընկերությանը հետևո՞ւմ եք, օբյեկտի՞վ է նրանց աշխատանքը:

- Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է ադրբեջանաթուրքական խոսափողի: Եթե մշտադիտարկենք նրանց ռեպորտաժներն, ապա տերմինաբանությունից, թեմաներից սկսած, վերջացրած գնահատականներով, արտացոլում է բացառապես մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի այդ փուլում վարած քաղաքականության ուղեգիծը: Խոսում են, որ Հայաստանին նոր սահմանադրություն է հարկավոր, ոչ թե սահմանադրական փոփոխություններ, խոսում են Անկախության հռչակագրի մասին, մի քանի ժամ անց այդ մասին խոսում է Հանրային հեռուստաընկերությունը և Պետրոս Ղազարյանի տաղավար է գործուղվում մի իշխանական հյուր, ով ապացուցում է իր իշխանության ասածների ճշմարտացիությունը: Հ1-ը չարաշահում է իր մոնոպոլ դիրքը: Ըստ օրենքի` Հ1-ը մրցույթի չի մասնակցում և պարզվում է, որ իշխանությունը կամայական որոշումներ է կայացնում այդ Հանրայինի համար, օրինակ՝ Վեհափառի ելույթը չհեռարձակել Ամանորի գիշերը: