Слышал звон, да не знает, где он

Слышал звон, да не знает, где он

«Անսահման ուրախություն պատեց հայ ժողովրդին», երբ նա տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի առաջարկով, արդեն պաշտոնապես, Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։

Էլ ավելի մեծ էր ժողովրդի խանդավառությունը, երբ նորանշանակ նախարարը հայտարարեց. «Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի նպաստ մեր պետության ու ժողովրդի բարօրության»։ 2018 թվականից ի վեր, երեւի մի 1000 անգամ լսած կլինենք. «Սիրելի հայրենակիցներ, ստանձնում եմ…», կամ` «Սիրելի հայրենակիցներ, թողնում եմ այսինչ պաշտոնը»: Ընդ որում, ինչ-որ քարտուղարուհուց սկսած, բաժնի եւ վարչության պետերով, փոխնախարարներով վերջացրած: Հատկապես հուզիչ է, երբ հայտարարությունն ավարտվում է «ես ձեզ սիրում եմ» բառերով: Զարմանալի է, որ գեթ մեկ անգամ մի ամուսին չի ասել. «Կարո՞ղ ա իմ կնոջն ես ասել, թե սիրում ես»: Դե, տղամարդիկ անտարբեր են դարձել, մինչդեռ սիրելու պահով պետք է զգոն լինել: Իսկ կանա՞յք. «Կարո՞ղ ա իմ ամուսնուն ես ասել, թե սիրում ես»: Այս առումով մի ռուսական ասացվածք կա. «Слышал звон, да не знает, где он»։ Ասացվածքի իմաստն այն է, որ ինչ-որ մեկը՝ միանգամայն անտեղյակ, անհարկի, ինչ գլխին փչի, կասի (Толковый словарь русского языка Ожегова С. И., Н. Ю. Шведова, «Звон», 1992): 

Ինչեւէ, շատ խայտաբղետ են այդպիսի հայտարարությունները: Գուցե ՀՀ կառավարության արարողակարգի բաժինը մշակի ու տարածի միասնական մոտեցում. ո՞վ իրավունք ունի նման ուղերձներով հանդես գալու, ինչպիսի՞ն պետք է լինի ուղերձի բովանդակությունը եւ այլն: Հա, շատ կարեւոր է նաեւ գրել, թե ինչ չի կարելի ասել: Օրինակ, պաշտոնի նշանակվելիս չի կարելի ասել՝ վարչապետի աջը պաչեմ, իսկ «թռնելիս»՝ վարչապետի «ականջը ծամեմ»:
Իմ աղքատիկ գիտելիքները բավարար են, որպեսզի եզրակացնեմ, որ այդպիսի ուղերձներով սովորաբար հանդես են գալիս պետության առաջին, երկրորդ եւ երրորդ դեմքերը: Միայն վերջիններին դիմելիս է ընդունված նաեւ ասել՝ «մեծարգո»: Շեղվեցինք: 

«Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց»: Ախր, հարգելի պարոն նորանշանակ նախարար, Դուք իրականում պատրաստ չեք, Դուք մոլորված եք: Ձեզնից 1, 2 աստիճան վերեւում պաշտոնյաներ կան, առանց որոնց գիտության, Դուք չեք կարող քայլ անել ո՛չ ձախ, ո՛չ էլ աջ: «Կկրակեն»: Բացի դրանից, հանկարծ ու մի կպչուն առանձնյակ կպնի Ձեզ ու հարցնի. «Դուք չեղարկելո՞ւ եք, արդյոք, Սուրեն Պապիկյանի՝ ճանապարհների վերանորոգմանն առնչվող վերջերս կնքած մոտ 3 միլիարդ դրամանոց պայմանագրերը, որոնք ակնհայտորեն կոռուպցիոն բարձր ռիսկ են պարունակում»: Մինչ Դուք, «քարկապ ընկած», կխնդրեք մի փոքր ուշ անդրադառնալ այս հարցին՝ շեֆերի հետ խորհրդակցելուց հետո, նա կհարցնի. «Откат-ը քանի՞ տոկոս է»: Այս հարցից դեռ ուշքի չեկած, նա հարցնելու է. «Ձեր բաժինը որքա՞ն է, վերեւներինը՝ որքա՞ն»: Եթե Դուք դեռ չեք հրահանգավորվել բաշխման խնդրի հարցում, ապա առաջնորդվեք Աստծո հաճությամբ. մատաղը բաժանում են 7 տեղ:

Սանոսյան ջան, ախր ինչի՞ եք ասել, թե պատրաստ եք «յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց»: Նախարարն ինչպե՞ս կարող է ամեն մի բոմժի հետ, թեկուզեւ հպարտ, քննարկել հենց այսպիսի հարցեր:

ՀԳ. Ընդհանրապես, պետք է նկատի ունենալ, որ բոլոր կաշառք տվողները մի օր ասում են դրա մասին. ընկերական շրջապատում կամ համապատասխան ատյանում: Մատաղը՝ մատաղ, բայց շեղումներ էլ են լինում: Տասնամյակներ առաջ (վաղեմության ժամկետ կա, այդ պատճառով եմ գրում) իմ մտերիմ ավագ ընկերը, ով ՊԱԿ-ից զորացրվելուց հետո մի պետական կառավարման մարմնում բաժնի պետ էր, մի երկու տարի անց նշանակվեց մայրաքաղաքի խոշոր շինտրեստի արտադրատեխ-նիկական կոմպլեկտացիայի վարչության պետ: Ես ակնկալում էի, որ նա կհրավիրի իր մոտ աշխատելու, բայց դա տեղի չունեցավ, ու բացատրեց, թե ինչու ոչ. «Դու չես կարող աշխատել այստեղ»: Եվ այցելություններից մեկի ժամանակ ինձ ցույց տվեց մի ցուցակ. 18 տող: Ասաց՝ այսքան տեղ «բաժանում եմ»: 7-ից ավելի տեղ բաժանելու իմաստն այն է, որ կանխավճարով աշխատելն ավելի էժան է նստում, քան եթե ինչ-որ անտեսված կազմակերպություն ձեզ բռնացնի ինչ-որ հարցում: Անփորձանք:

Գագիկ Վարդանյան