Ինչ տեղի կունենա, եթե Զելենսկին այցելի Հայաստան

Ինչ տեղի կունենա, եթե Զելենսկին այցելի Հայաստան

Երեկվանից համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 4-ին Հայաստան է ժամանելու: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից այսօր «Հրապարակի» հետ զրույցում լուրը ոչ հաստատել, և ոչ էլ հերքել էին:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Զելենսկու այցի մասին լուրերը սերտ կապ ունեն Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցի հետ, որի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանն իր հարաբերությունները սառեցրել է ՀԱՊԿ-ի հետ.

«Նախ պետք է հասկանալ, թե որն է Զելենսկու այցի մասին տեղեկություններ տարածելու տրամաբանությունը: Այդ հայտարարությունները հնչեցին Փաշինյանի՝ Փարիզ կատարած այցից հետո: Կարծում եմ՝ ֆրանսիական զենքերի մատակարարման մասին հայտարարությունը Հայաստան պայմանավորված է նրանով, որ Հայաստանը հստակ կողմնորոշվի, թե ինքը որ ճամբարում է գտնվում: Զենքը քաղաքականություն է, տեխնոլոգիա: Փաստացի այդ երկու իրադարձությունները՝ Զելենսկու այցն ու զենքի մատակարարման մասին հայտարարությունները տեղի ունեցան միաժամանակ:

Զուգահեռաբար պետք է ֆիքսել, որ Փաշինյանը հայտարարեց, որ սառեցնում է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Իհարկե, իրավաբանորեն նման ձևակերպում գոյություն չունի: Այդ հայտարարությունը մանիպուլյացիա է, բայց մանիպուլյացիայի իմաստը հետևյալն էր՝ դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, սակայն Արևմուտքի համար հայտարարություններ ենք անում», -նշում է Դանիելյանը:

Իսկ ի՞նչ արձագանք կարող է տալ Ռուսաստանն այդ ամենին, քաղաքագետն ընդգծեց. «Ռուսաստանը շատ դժվար վիճակում է հայտնվել: Եթե ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությանն արձագանքի, ապա նաև պետք է պատասխանի, եթե Ադրբեջանը հարձակում է գործում Հայաստանի վրա, ապա արդյո՞ք Ռուսաստանը, կամ ՀԱՊԿ-ը պայմանավորվածությունների համաձայն պատրա՞ստ են ինչ-որ քայլ կատարել, թե՞ ոչ: Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն այդ առումով քայլեր չի կատարել: Բայց այստեղ այլ հարց է առաջանում՝ եթե Հայաստանը Ռուսաստանին համարում է դաշնակից և ակնկալիքներ ունի տվյալ դաշնակցից, ինչպե՞ս է ընդունում մի երկրի ղեկավարի, ով իր դաշնակցի հետ պատերազմի մեջ է գտնվում: Ալիևի հետ ՌԴ-ն ունի սերտ համագործակցություն: Այստեղ հայելային պրոցեսներ են ընթանում», - նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը չի՞ գիտակցում, թե ինչ է տեղի ունենում, թե՞ Արևմուտքի հրահանգն է կատարում. «Սա Արևմուտքից հրահանգված գործողություն է, բայց եթե մենք այդ անձին՝ Նիկոլ Փաշինյանին ենք դիտարկում, ապա նա տապալել է ՀՀ ողջ քաղաքականությունը: Հայաստանն իր գործողությունների հետևանքով հայտնվել է ծանրագույն իրավիճակում: Հազարավոր զոհեր ու կորուստներ ենք տվել նրա գործողությունների հետևանքով: Այդքանից հետո նրա գործողությունների մասին խոսելն անգամ անիմաստ է»: