Վերադարձած գերիները երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը հարցեր կուղղե՞ն

Վերադարձած գերիները երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը հարցեր կուղղե՞ն

Վերջին օրերի միակ լավ նորությունը ադրբեջանական բանտերից 32 գերիների՝ հայրենիք վերադարձն է: 32 տան լույս նորից վառվեց՝ ծնողը գրկեց որդուն, որդին` երեխաներին: Պետք չէ, որ նրանք մեզ պատմեն, թե ինչ դժոխքի միջով են անցել եւ վերադարձել կյանք: Բնականաբար, բոլորս ուրախ ենք նրանց վերադարձի համար: 

Գերիները նոր էին ոտքը մայր հողին դրել, երբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շտապեց հայտարարել, որ  նրանցից ոչ մեկը քաղաքացիական բուժհաստատություն չի դիմել եւ ինքը առաջիկայում նրանց բուժզննություններ անցկացնելու կարիք չի տեսնում: Թե ինչու նման շտապողականությամբ նախարարուհին հայտարարեց նման բան, հասկանալի չէ: Տպավորություն է, որ նպատակը տղաների կորցրած առողջության համար նախապես Ադրբեջանին մեղքից ազատելն էր: Ի վերջո, տղաները Բաքվի առողջարանում հանգստանալիս չեն եղել, եւ մենք լավ գիտենք, թե հայի համար ինչ է նշանակում ադրբեջանցու ձեռքին գերի լինելը՝ իր բոլոր տեսանելի եւ անտեսանելի հետեւանքներով…

Ու քանի որ մեր մոտ ամեն ինչն է նորմայից դուրս, մեր  վերադարձած գերիների նկարները շատ արագ տարածվեցին համացանցում եւ լրատվամիջոցներում: Դա մարդու իրավունքների խախտում է:

Գերիների թեման բավականին զգայուն թեմա է, եւ դրան պետք է վերաբերել զգուշությամբ՝ առանց որեւէ ծայրահեղության մեջ ընկնելու: Որքան էլ որ ուրախ ենք նրանց վերադարձի համար, ճիշտ չէ նրանց հերոսացնել: Իհարկե, գերի ընկնելու տարբեր իրավիճակներ ու պատճառներ են լինում: Լինում են իրավիճակներ, երբ զինվորը այնպիսի վիրավորում է ստացել, որ չի կարող փախչել կամ դիմադրել, կամ զինվորը հայտնվում է ծուղակում կամ շրջափակման մեջ: Խորհրդային կարգերի ժամանակ գերիների նկատմամբ խիստ եւ ոչ բարյացակամ վերաբերմունք կար: Առհասարակ, գերի ընկնելը լավ բան չէ, պատվաբեր չէ, հերոսություն չէ: Հերոսը գերի չի ընկնում, ինչպես Կյաժը՝ Ռոբերտ Աբաջյանը, Տարոն Անդրեասյանը․ դեմ են դուրս գալիս թշնամու մի ողջ վաշտի, բայց գերի չեն ընկնում: Հերոս է Քյարամ Սլոյանը: Հերոսին պատվաբեր չէ ողջ ու առողջ գերի ընկնելը, այն էլ՝ զենքը ձեռքին եւ խմբով: Բայց մեր այսօրվա իրականության մեջ իրավիճակն այլ է. պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության փնթի եւ տարօրինակ գործելաոճը, անհասկանալի վարքագիծը պատճառ հանդիսացան շատ զինվորների գերեվարվելուն: Տպավորություն է, թե տղաներին դիտավորյալ ուղարկել են գերության, որպեսզի նրանց կյանքը փրկելու հաշվին թշնամու հետ առեւտուր անեն, ինչ-որ անհասկանալի խաղաղություն ու հարաբերություն հաստատեն, հայրենիքից նորից կտորներ տան թշնամուն: Մինչդեռ 90-ական թվականներից սկսած մարդիկ կյանքեր են տվել, հայրենիքի ամեն մետրը պահելու համար: 

Թե ինչի դիմաց ազատ արձակվեցին 32 գերիները, դեռեւս պարզ չէ: Տարբեր վարկածներ են շրջանառվում: Դրանցից մեկն այն է, թե  Հայաստանը համաձայնել է, որ Ադրբեջանում անցկացվի միջազգային կլիմայական կոնֆերանսը` COP 29-ը:  Իսկ Ադրբեջանը առիթը կօգտագործի Արցախի հարցի շուրջ իր քարոզչությունը տարածելու նպատակով: Սա կարող է լինել «ամենաանմեղ» վարկածը: Շրջանառվում է նաեւ գերիներ՝ ՀՀ տարածքների դիմաց վարկածը… 

Հասկանալի է, որ գերիները հիմա այն հոգեվիճակում չեն, որ կարողանան վերլուծել եւ գտնել անհասկանալի հարցերի պատասխանները: Բայց մի օր, երբ արդեն խաղաղված կլինեն, կսկսեն հանգիստ վիճակում վերլուծել իրենց գլխովն անցածը…ու հարցեր կառաջանան, շա՜տ հարցեր. թե ինչու իրենց ուղարկեցին այնտեղ, որտեղ դարանակալած էր թշնամին, թե ինչու իրենց հրաման տվեցին չկրակել, զենքը վայր դնել, ինչու իրենք հայտնվեցին Բաքվի բանտերում  եւ ինչի դիմաց ազատ արձակվեցին: Ըստ առողջ տրամաբանության, նրանք այս հարցերը պե՛տք է ուղղեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Իհարկե, Փաշինյանը նախապես այս ամենի «դեմն առել է». երբ գերիների ծնողները նոյեմբերի 9-ից հետո իրենց որդիներին էին պահանջում, նա հայտարարեց, թե նախ պետք է քննել հանգամանքները, թե այդ տղաները ինչպես են հայտնվել գերության մեջ: Ասել է թե, ով իրեն հարց ուղղի, ինքը նրան այնպիսի հարցեր կուղղի, որ միանգամից ուղարկի Հայաստանի բանտեր: 

Բայց մարդիկ իրենց անունը եւ պատիվը պահելու համար պետք է ստանան այս հարցերի պատասխանները: Իսկ եթե շարունակեն շնորհակալություն են հայտնել ՀՀ իշխանությանը՝ իրենց ազատության ու հայրենիք վերադարձի համար, ապա արդարացիորեն նրանց հարցեր կունենան գոնե հաջորդ իշխանության իրավապահ մարմինները…շա՜տ հարցեր…