Ալիեւի վախը

Ալիեւի վախը

Բաքվում կալանավորվել է պաշտպանության 77-ամյա նախկին նախարար Ռահիմ Գազիեւը: Մեղադրանքը «իշխանության բռնազավթման կոչն» է եւ «տեղեկատվական դիվերսիան»: Պարզվում է, հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամերին Գազիեւը սոցցանցերում գրառում է արել, որ «իշխանությունները պատրաստ են հանձնել Թովուզը եւ Ղազախը, դա կասեցնելու համար ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ հեռանցնի նրանց»:

Ադրբեջանի քաղաքական պատմության մեջ Գազիեւն ունի «առեղծվածային գործչի» համարում, որը 1992թ. երդվյալ թուրքոֆիլից փոխակերպվել է ռուսամետի՝ սերտ կապեր հաստատելով ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովի հետ: Արդյունքում ադրբեջանցիներին հաջողվել է գրավել Շահումյանը եւ Մարտակերտի շրջանի մեծ մասը: Այդ ժամանակներն անցել են: Ներկայումս Իլհամ Ալիեւը հպարտանում է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ «անձնական բարեկամությամբ»:

Ադրբեջանում ամեն քայլ, կարծես, վերահսկվում է, եւ պաշտպանության նախկին նախարարի՝ իշխանությունը տապալելու, կոչը տրամաբանորեն չպետք է մտահոգեր Ալիեւին: Բայց եթե 77-ամյա մարդու նկատմամբ ծանր մեղադրանքներով քրեական գործ է հարուցվել, եւ նա կալանավորվել է, ուրեմն Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակն իրոք խախուտ, եւ պետական հեղաշրջման վտանգը գրեթե առարկայական է: Որեւէ կապ  ունի՞ Գազիեւը ներիշխանական խմբավորումներից մեկի հետ: Հնարավո՞ր է, որ նրան օգտագործել են որպես «պայթուցիչ»՝ հետագա գործողությունները թողնելով իրենց հայեցողությանը: Բայց ո՞վ է ալիեւյան թիմի «տրոյական ձին»:

Պաշտպանության նախարար Հասանո՞վը: Արտգործնախարար Մամեդյարո՞վը, թե պետական սահմանային ծառայության տնօրեն Գուլիեւը, որի մերձավոր շրջապատից մի խումբ բարձրաստիճան սպաներ են կալանավորվել՝ Կասպից ծովում  կազմակերպված որսագողության եւ մաքսանենգության մեղադրանքով: Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գորժողությունների ժամերին Ալիեւը Թովուզ էր գործուղել պաշտպանության նորանշանակ փոխնախարար Նիզամ Օսմանովին: Այդ ամբողջ ընթացքում ոչ մի խոսք չի հնչել պաշտպանության նախարար Հասանովի, պետական սահմանային ծառայության տնօրեն Գուլիեւի կողմից: Նրանք մնում են իրենց պաշտոնների՞ն: Ո՞վ է պատասխան տալու Թովուզում խայտառակության համար: Դա կազմակերպված էր Ալիեւի դե՞մ, թե Ալիեւն է այդ կերպ փորձում ազատվել քաղաքական հավակնություններ դրսեւորող զինվորականներից: Ի՞նչ ցուցմունքներ կտա կալանավորվա Գազիեւը: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից ընդամենը երկու օր առաջ Հեյդար Ալիեւի օգնական աշխատած Էլդար Նամազովը «Թուրան» գործակալության միջոցով հոդված էր հրապարակել եւ խոսել Ադրբեջանում ստվերային կառավարության մասին: Ուշագրավ է, որ Նամազովը հոդվածը կառուցել էր 2016թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման մասին հիշեցումների տրամաբանությամբ՝ կարծես թե զգուշացնելով, որ նույն քայլին կարող է գնալ ադրբեջանական բարձրաստիճան զինվորականությունը: Գազիեւի կալանավորումը միայն սկի՞զբն է: