Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել

Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել

Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության համանուն հերոսի այս խոսքերն առավել քան ճշմարիտ բնութագրում են մեր օրերի Հայաստանի վիճակը: 2018-ի գարնանը ժողովրդի կողմից համարյա թե համատարած մերժվեց Սերժը: Կոռուպցիայի և այլ անօրինական երևույթների դեմ պայքարի կարգախոսով իշխանության եկած Նիկոլը լծվեց անձնական վրեժխնդրության հարցի լուծմանը: Այնուհետև հերթը հասավ հասարակության պառակտմանը, որի արդյունքում կազմալուծվեց պետական կառավարման ողջ համակարգը: Ժողովրդի իշխանության անվան ներքո երկրում հաստատվեց մեկ անձի բռնապետություն: Եվ ուժայինները (անվտանգության ծառայություն, դատախազություն և ոստիկանություն) որպես մեկ ամբողջություն դարձան իշխանության պահապան երեք գլխանի ցերբեր (անտիկ շրջանի հունական առասպելաբանության մեջ դժոխքի և դրա տիրակալ աստծո պահապան) շան նմանակը: 

Կազմալուծման գործընթացն առնչվեց նաև բանակին, և տարաշրջանի ամենահզոր բանակը պարտություն կրեց 2020-ի պատերազմում: Ընդ որում, պատերազմից հետո շարունակվեց բանակի կազմալուծումը, և պարտության խորհրդանիշ Նիկոլի հանցագործ անգործության հետևանքով թշնամին մուտք գործեց բուն Հայաստանի տարածքը: Եվ այդ ամենից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությանն ընտրողների կեսի անտարբերության պայմաններում ընտրողների քառորդ մասի քվեներով Նիկոլը կրկին կարգվեց վարչապետ: Եվ այդ ամենը հիմք տվեց Ադրբեջանի նախագահին հայտարարելու, որ պարտության հետ համակերպվել է ոչ միայն երկրի ղեկավարությունը, այլև ժողովուրդը:

«Սա պատմության մեջ աննախադեպ պատկեր է, երբ պարտված ղեկավարությունը կրկին ստանում է ժողովրդի ձայները»,- թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նույն միտքն արդեն քանի ամիս բարձրաձայնում է Հայաստանի հասարակության գրագետ հատվածը: Բայց եթե գրագետ հայաստանցիները դրանից եզրակացնում են, որ մեր երկրում անհրաժեշտ է իրականացնել ազգաբնակչության մտածողության վերափոխում, թշնամի երկրի ղեկավարի զարմանքն այլ ուղղություն ունի՝ եթե Նիկոլը վերարտադրվեց, ուրեմն Հայաստանին զինված ուժեր և նոր սպառազինություն պետք չեն: Հետեւաբար, Իլհամը հույս ունի, որ Ռուսաստանը այլևս չի զինի Հայաստանին, քանի որ դրա կարիքը չկա: Հասկանալի է, որ նույն մտքին է նաև պարտությամբ հպարտացող Նիկոլը, որը խնդիր է դրել արմատախիլ անելու թուրքերի և հայերի միջև թշնամանքը: Բայց այս հարցում Նիկոլն ու Իլհամը զարմանալիորեն իրար չեն հասկանում. Իլհամին թվում է, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմի, և ինքը խոստանում է կանխել դա:  Ադրբեջանին, ըստ Իլհամի, Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ, սակայն եթե «ղարաբաղյան երկրորդ պատերազմը դեռ դաս չի դարձել, ապա իրենք պատրաստ են նոր դաս տալու»:

Ներողություն խնդրելով ընթերցողից Իլհամի հայտարարությունների՝ բավականին ծավալուն մեջբերումների համար՝ չեմ կարող չարձանագրել, որ քիչ թե շատ գրագետ մեկը կընկալեր, թե ինչ է ասում թշնամի երկրի ղեկավարը: Բայց նման ընկալում չեմ տեսնում Նիկոլի դեպքում: Մարդն ուղեղը լցրել է ցնորամիտ գաղափարներով և ցանկություն չի դրսևորում բաց աչքերով հարաբերվելու իրականության հետ: Նիկոլին թվում է, որ եթե երեք տարի առաջ նախկինների նկատմամբ հասարակության աննորմալ վերաբերմունքի պայմաններում Հայաստանում կյանքի կոչվեց «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» թեզը, ապա դա տեղի կունենա ընդմիշտ թե՛ ներքին և թե՛ հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի, մի կողմից, և մյուս կողմից Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում: Բայց եթե 2018-ին Նիկոլը գործ ուներ Սերժի հետ, որը չգնաց ծայրահեղ քայլերի՝ թույլ տալով, որպեսզի Նիկոլը դրոշ սարքի «թավշյա հեղափոխություն» բառակապակցությունը, ապա մեզ արևելքից և արևմուտքից շրջապատող թշնամի պետությունների ղեկավարները նման ցանկություն չեն դրսևորում: 

Դժբախտաբար, Նիկոլն այնքան խելացի չէր, որ հասկանար՝ Իլհամի հետ փոխհարաբերություն պետք է կառուցել ոչ թե հեղափոխական էյֆորիայի վրա՝ գումարած գեղցիական շուստրիությունը, այլ իր նախորդների փորձառության հիման վրա: Սեփական կամ զրո կետից հարաբերվելու մտայնության անհաջողությունից հետո Նիկոլը դադարեցրեց Իլհամի հետ անմիջական շփումները: Դադարեցրեց նաև Իլհամի սպառնալիքներին որևէ ձևով արձագանքելը: Իսկ բանակին բանավոր հրահանգ տրվեց թշնամու ուղղությամբ չկրակելու մասին: Նման վարքագիծն, ի դեպ, հատուկ է թույլ և անարի (մեղմ ասած) մարդկանց: ՀՀ պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո չկրակելու հրահանգը փոխարինվեց նախարարի՝ թշնամու սադրանքներին համարժեք արձագանքելու պատրաստակամությամբ: Դրան հետևեց Իլհամի հարցազրույցը, ինչի հիմնական մտքերը ներկայացվեցին հոդվածում: Իսկ Երասխի բախումները շարունակվեցին, և արդյունքում ունեցանք մեկ զինվորի սպանվելը թշնամու նշանառուի կողմից: