Համայնքների վարչական ղեկավարները զանգում են սեփականատերերին` խնդրում ընդունել արցախցիներին 

Համայնքների վարչական ղեկավարները զանգում են սեփականատերերին` խնդրում ընդունել արցախցիներին 

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո տպավորություն էր ստեղծվել, թե հայ ժողովուրդը կորցրել է էմպատիայի` ապրումակցման զգացումը և դադարել է կարեկցել դիմացինին, նրա կացության մեջ մտնել: Սակայն վերջին օրերին մենք ականատես ենք լինում մեր ժողովրդի կողմից մեծ հոգատարության, սիրառատության, նախաձեռնողականության` ուղղված դեպի Արցախից տարագրված մեր հայրենակիցներին: 

Շատ անհատներ իրենց տներում հյուրընկալել են արցախցիներին, կամավորական ջոկատներ են կազմվել և բռնի տեղահանված մարդկանց աջակցություն են ցուցաբերում: Մենք տեղեկացանք, որ Երեւանին սահմանակից համայքներում, որտեղ ամառանոցային տներ կան, համայնքապետերն ու վարչական ղեկավարներն արցախցիներին տեղավորելու փորձեր են անում` զանգահարում են ամառանոցների սեփականատերերին, խնդրում, որ իրենց ամառանոցներն արցախցիներին տրամադրեն: 

Ձորաղբյուրի վարչական ղեկավար Կարեն Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նման հրահանգ ստացել է համայնքի ղեկավարից և փորձում է ամեն գնով բռնի տեղահանված արցախցիներին օգնել, սակայն դա կիսով չափ է ստացվում` ոմանք համաձայնում են իրենց առանձնատները տրամադրել արցախցներին, ոմանք գումարի դիմաց են միայն համաձայնում, իսկ ոմանք էլ առհասարակ մերժում են, պնդելով, որ իրենց անշարժ գույքը կարող են արցախցիները փչացնել. 

«Այո, մենք բոլորին զգուշացնում ենք, հեռախոսահամարներն ունենք, զանգահարում ենք, առաջարկում ենք տներն արցախցիներին տրամադրել, բայց կան մարդիկ, ովքեր չեն համաձայնում: Անգամ հայտարարություն-խնդրանք ենք փակցրել տարբեր տեղերում: Կան մարդիկ, ովքեր մեծ տներ ունեն, որոնց վրա մեծ գումարներ են ծախսել, ասում են` վախենում ենք փչացնեն մեր տները»- նշում է մեր զրուցակիցը: 

Հարցին, թե քանի՞ արցախցի կա այս պահին Ձորաղբյուրում, մեր զրուցակիցը նշեց. «Նախաձեռնության առաջարկը ստացել ենք համայնքի ղեկավարից, ես վարչական ղեկավարն եմ, ինչպես գիտենք, այստեղ խոշորացում է տեղի ունեցել: Այս պահին կան արցախցիներ մեզ մոտ, ովքեր անվճար են տեղավորվել և կան նաև վարձով ապրողներ, այսինքն, նաև բարեկամության, ընկերության գործոնը կա: Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե քանի արցախցի կա, սակայն որպեսզի պատկերացնեք, ասեմ, որ տուն կա, որտեղ 19 արցախցի է բնակվում արդեն»:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ավելի քան 100 հազար արցախցի է Հայաստան ժամանել, նրանց կացարաններ են տրամադրվում հատկապես սահմանամերձ մարզերում` Սյունիք, Գեղարքունից, Վայոց Ձոր: Սակայն մեծ թվով արցախցիներ են բնակություն հաստատել նաեւ Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում եւ Երեւանին սահմանակից համայնքներում: Որովհետեւ նախ մարդիկ վախենում են սահմանամերձ համայնքներում բնակվելուց, երկրորդը` աշխատանք գտնելը Երեւանում շատ ավելի դյուրին է, քան մարզերում: