Գաղափարական հրաժարականներ

Գաղափարական հրաժարականներ

Երբ երկար հետեւում ես նոր իշխանությունների կադրային քաղաքականությանը՝ փորձելով ինչ-որ տրամաբանություն գտնել կամ տրամաբանության գոնե ինչ-որ նշույլներ, շուտով հասկանում ես, որ անհուսալի գործ ես ձեռնարկել։ Հախուռն, չհիմնավորված, երբեմն նույնիսկ անհեթեթ նշանակումներն այնքան են շատացել, որ նոր անուններն իրենց կատարյալ անհայտությամբ եւ մասնագիտական կասկածելի որակներով այլեւս չեն զարմացնում։

Սակայն եթե նոր նշանակումների առումով որեւէ ակնհայտ տրամաբանական, առավել եւս՝ գաղափարական «գիծ» չկա, ապա ամեն ինչ անհամեմատ հստակ ու որոշակի է հրաժարականների առումով։ Այստեղ արդեն հստակ նշմարվում է գաղափարական «գիծը»․ հեռանում են գլխավորապես գաղափարական մարդիկ կամ, հայտնի երգի նմանությամբ՝ «լավագույն տղերքը»։

Հանրությունը հաստատ չի ճանաչում այսօր հրաժարական տված՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ պաշտոնում նշանակվել էր մոտ մեկ տարի առաջ։ Բայց բավական է այդ հրաժարականին արձագանքեր ամիսներ առաջ նույնպես հրաժարական տված՝ նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ոլորտի հանրային վստահություն վայելող լավագույն մասնագետներից մեկը, որ արդեն իսկ պարզաբանվեին Վարդան Մելիքյանի մասնագիտական որակներն ու գաղափարականությունը։ «Այսօր շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Շնորհակալություն եմ հայտնում Վարդան Մելիքյանին համատեղ աշխատանքի համար ու հիշեցնում, որ նա միջազգային հեղինակավոր կառույցներից մեկում իր աշխատանքը թողնելով՝ միացել էր ավելի լավ Հայաստան կառուցելու դժվարին գործին։ Վարդան, շնորհակալ եմ քո պատասխանատու, նվիրված, սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքի, նորարարական ու հեղափոխական գաղափարների եւ իրականացված բարեփոխումների համակարգման համար»,- գրում է նախկին նախարարը Ֆեյսբուքի իր էջում։

Թվում է՝ սա երբեմնի գործընկերոջ սոցցանցային հաճոյախոսություն է, բայց այս առերեւույթ սիրալիրությունն իրականում մեծ ահազանգ է, ահազանգ այն մասին, որ իշխանական համակարգից ստեպ-ստեպ եւ պարբերաբար հեռանում են «լավագույն տղերքը»։ Սա գաղափարականության հատուկենտ կրողների, պրոֆեսիոնալների հեռացումն է այն համակարգից, որն այդպես էլ համակարգ չի դառնում նույն գաղափարականության կամ գաղափարական արժեքների, պրոֆեսիոնալիզմի ակնհայտ դեֆիցիտից, վերջին շրջանում՝ նաեւ մերժումից։
Իսկ երբ ասպարեզից հեռանում են գաղափարականները, ի վերջո այն մնում է դիլետանտներին ու ապիկարներին, գաղափարազուրկներին ու լակեյներին։