Մենք մեզ չենք կարող թույլ տալ աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնի մեզ թշնամի հայտարարել

Մենք մեզ չենք կարող թույլ տալ աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնի մեզ թշնամի հայտարարել

Հարցազրույց Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդու՝ միջազգային իրավունքի մասնագետ Զինավոր Մեղրյանի հետ

- Պարոն Մեղրյան, ի՞նչ խորհուրդ ու կարեւորություն ունի Անկախության տոնը Ձեզ համար, հատկապես հիմա, երբ դարձյալ պատերազմի մեջ ենք, ու կրկին վտանգված է մեր անկախությունը։ Մարդկանց մի մասն ասում է՝ ի՞նչ տոն, հատկապես որ նշելու սիրտ չկա, մի մասն էլ վստահ է, որ, անկախ ամեն ինչից, պետք է նշել եւ անկախության օրը չվերածել սգո օրվա։ Ո՞րն է Ձեր ընտրությունը։

- Իսկապես, սիրտ եւ տրամադրություն չկա նշելու, եւ կարծում եմ՝ դրա ժամանակն էլ չէ։ Նշելու դեռ լավ օրեր կլինեն, եւ կմտածենք նշելու մասին, իսկ հիմա պետք է ուրիշ բաների մասին մտածենք, որպեսզի այս օրվա խորհուրդն ու բովանդակությունը պաշտպանենք, որ նշելու օրը չկորցնենք։

- Անկախության օրը՝ Եռաբլուրում, Փաշինյանի այցին ընդառաջ՝ կարմիրբերետավորները քաշքշելով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների ծնողներին՝ տանելով ոստիկանական բաժանմունքներ։ Ունե՞ք բացատրություն, թե ինչու։

- Այստեղ ավելի շատ հայհոյելու եւ ոչ թե մեկնաբանելու հարց կա, մյուս կողմից էլ՝ սա խաղաղության օրակարգի վերջին աստիճանի այլասերված դրսեւորումն էր։ Չէի ուզի անձնավորել կարմիրբերետավորներին, կարմիրբերետավոր, թե ոչ կարմիր բերետավոր՝ այստեղ արդեն միայն հայհոյանքի տեղ կա, որը չէի ուզի հնչեցնել․․․։

- 31 տարի անց նորից կանգնել ենք անկախությունը կորցնելու վտանգի առաջ, ինչո՞ւ, որտե՞ղ սխալվեցինք։

- Մի կարճ զրույցի մեջ դժվար կլինի ամբողջը նշել, ես ավելի շատ կուզեմ մեր օրերի մասին խոսել եւ 2 կետ առանձնացնել․ առաջինը պետական, քաղաքական, աշխարհայացքային մոտեցումն է, որը, եթե ամփոփ ասենք, այսպես կոչված՝ խաղաղության օրակարգն է, որն ակնհայտորեն տապալված է եւ հակահայկական։ Մյուս կողմից էլ՝ դա պետության, պետության անվտանգային համակարգում կազմակերպվածության տոտալ բացակայությունն է, որը հանգեցնում է Ձեր նշած հետեւանքներին։

- Խաղաղության օրակարգից խոսեցիք, որի կարեւորությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, չի կարող նսեմացվել անգամ սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված։

- Արդեն իմ վերաբերմունքն ասացի այդ օրակարգի եւ այդ մոտեցման հետ կապված, ու այստեղ խնդիրն այն չէ, որ ես դեմ եմ խաղաղությանը կամ ինչ-որ հատուկ առավելապաշտական մոտեցումներ ունեմ։ Այլ խնդիրն այն է, որ այդ օրակարգն իրական կյանքում ուղիղ հավասար է մեր պետականության կորստին, ավելին ասեմ՝ ուղիղ հավասար է մեր երկրում ապրող բնակչության ֆիզիկական անվտանգությանը։ Այդ օրակարգը բերում է կործանման։

- Մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է, որը համարվում էր նաեւ տարածաշրջանի մարտունակ բանակներից մեկը։ Հիմա ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի վիճակը, հատկապես որ տեսնում ենք՝ իշխանություններն առանձնապես քայլեր չեն անում այդ ուղղությամբ եւ չեն վերազինում այն։

- Ամեն ինչ բացատրվում է հենց խաղաղության օրակարգով կամ «խաղաղության» աշխարհայացքով, ամեն ինչի հիմքում սա է, եթե քո մեկնման կետը սա է, ու դու առաջնորդվում ես այս գաղափարներով, հետեւաբար՝ բանակիդ, զորքի, սպառազինության, բարոյահոգեբանական վիճակն էլ դա պետք է լինի։ Նկատի ունենալով այս իրավիճակը, որում հայտնվել ենք, ես ավելի շատ հակված եմ, որ պետությունը շեշտը ոչ թե պետք է դնի այս կարճ ժամանակում բանակի վերազինման վրա, իհարկե, դա էլ է անհրաժեշտ, բայց ավելի շատ ժողովրդին մոբիլիզացնելու եւ բերելու մի վիճակի, որ կարողանան ազգը, հասարակությունը դիմակայել՝ տղամարդը՝ իր տեղում, կինը՝ իր տեղում, երեխան էլ՝ իր տեղում։ Օրհասական խնդիրն այս պահին սա է, իհարկե՝ առաջնահերթություն ունենալով բանակի վերազինումը։

- Ինչո՞վ եք բացատրում, որ երկրում մոբիլիզացիա չի հայտարարվել, ռազմական դրություն չի մտցվել։

- Դրա հետ կապված՝ կարծես մեկնաբանություններ տվել են ու նույն տրամաբանության մեջ, որ եթե մոբիլիզացիա հայտարարենք, դրանով կսադրենք թշնամուն․․․

- Թշնամու հարձակման, գրոհների աշխարհագրությունն այս անգամ լայն է՝ Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք։ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս նոր պատերազմի թիրախում Սյունի՞քն է, թե՞ վերջնականապես Արցախը Հայաստանից կտրելու ցանկությունը։

- Ես ռազմական փորձագետ չեմ, որ կարողանամ զուտ մասնագիտական մեկնաբանություն տալ, բայց, հաշվի առնելով իմ հասարակական, քաղաքական փորձառությունը, կարծում եմ, որ հայկական պետականության վերացումն է Ադրբեջանի նպատակը՝ ոչ ավել, ոչ պակաս։ Նաեւ՝ հայ ժողովրդի, հայ ազգի վտարումն այս տարածաշրջանից։ Թե այս նպատակը որքանով իրագործելի կլինի, ինչ ժամանակաշրջանում եւ ինչ ժամանակի մեջ՝ դա արդեն տակտիկական հարց է։ Մենք պետք է սա ունենանք մեր մտքի մեջ եւ սրան ընդդիմանանք։

- Այս օրերին մարդիկ բաժանվել են արեւմտամետների, ռուսամետների։ Վերջին օրերին բազմաթիվ ցույցեր եղան՝ մե՛կ ՀԱՊԿ-ից դուրս գալու, մե՛կ ԱՄՆ-ին որպես հուսալի դաշնակից ունենալու համար։ Ստեղծված իրավիճակում ո՞րն է լուծումը, ճի՞շտ է վերջին պահին դաշնակիցներին փոխելը։

- Մենք այսօր այն վիճակում ենք, որ որեւէ մեկին դեմ լինելը մեր կողմից ուղղակի ազգակործան քայլ կլինի, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա անվտանգային իմաստով դա շատ վտանգավոր քայլ է։ Մեր երկիրը ո՛չ այն ուժը, ո՛չ էլ այն չափերն ունի, որպեսզի կարողանա իրեն այդպիսի ճոխություններ թույլ տալ եւ փորձի աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային որեւէ կենտրոնի թշնամի հայտարարել։ Դա շատ վտանգավոր է եւ ծանր ավարտ կարող է ունենալ։ Եթե նույնիսկ կան հիմնավոր դժգոհություններ այս կամ այն կողմի հետ կապված, դա պատճառ չէ, եւ այդ «ճոխությունը» մենք մեզ չենք կարող թույլ տալ, որպեսզի աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնի մեզ հակառակորդ, թշնամի կամ ոչ բարեկամ հայտարարենք։ Դա շատ ծանր հետեւանքների կարող է հանգեցնել։