Փաշինյանը նույն մեղադրանքներն է ուղղում Ադրբեջանին ու ՌԴ-ին

Փաշինյանը նույն մեղադրանքներն է ուղղում Ադրբեջանին ու ՌԴ-ին

Նիկոլ Փաշինյանն իրեն պատկանող թերթում հակառուսական հոդվածներ հրապարակելով չի բավարարվել։ Հիմա էլ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում է Ռուսաստանին եւ ՌԴ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը քննադատում՝ այլեւս ոչ մի կասկած չթողնելով, թե ով է «հավաստի աղբյուրը»: Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Փաշինյանը, ըստ էության, Ռուսաստանից պահանջում էր ճանաչել Ուկրաինայի 1991 թվականի սահմանները: Ճիշտ է` նա խոսում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, բայց հղում անելով 1991 թ. Ալմա-Աթայում ստորագրված ԱՊՀ հիմնադիր համաձայնագրին, որով ԱՊՀ անդամ երկրները փոխադարձաբար ճանաչել են ԽՍՀՄ կազմում ունեցած սահմանները: Այդ փաստաթուղթը ստորագրել է ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ուկրաինան: Ճիշտ է` Ուկրաինան 2018-ին դուրս է եկել ԱՊՀ-ից, բայց դա չի փոխում խնդրի էությունը:

Երեկ Նիկոլ Փաշինյանն Աստանայի իր ելույթում ասել է բառացիորեն հետեւյալը. «Շատ կարեւոր է նաեւ հստակ պատասխան տալ հետեւյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչո՞ւմ են միմյանց միջեւ 1991 թ. հաստատված սահմանները՝ որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարեւոր է ԱՊՀ տարածքում կայունության եւ անվտանգության համար։ Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը»։

Թվում է, թե Փաշինյանը խոսում է Ադրբեջանի կողմից Խորհրդային Հայաստանի պետական սահմանի ճանաչման մասին: Իսկ գուցե նա խոսում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի պետական սահմանը ճանաչելու մասին, որովհետեւ հարցը կարող էր ուղղել ոչ թե ԱՊՀ բոլոր անդամ երկրներին, այլ՝ Ադրբեջանին: Որովհետեւ Ռուսաստանի դեպքում հայտնի է, որ այդ երկիրը ոչ միայն չի ճանաչում 1991-ից հետո հաստատված Ուկրաինայի պետական սահմանը, այլեւ 2014-ից իրենն է համարում Ղրիմը, իսկ ընդամենը երկու շաբաթ առաջ հայտարարեց Ուկրաինայի արեւելյան եւ հարավային 4 մարզեր Ռուսաստանին միացնելու մասին: Ռուսաստանը չի ճանաչում ոչ միայն Ուկրաինայի 1991-ից հետո հաստատված սահմանները, այլեւ՝ Վրաստանինը: 2008 թ. օգոստոսյան վրաց- ռուսական պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, թեեւ ԱՊՀ հիմնադրման մասին 1991 թվականի փաստաթղթերով այդ տարածքներն անկախ Վրաստանի կազմում էին: Ընդ որում, Վրաստանը պաշտոնապես ԱՊՀ-ից դուրս է եկել Ռուսաստանի կողմից Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախ պետություններ ճանաչելուց հետո: 

Մի կողմից՝ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում Իլհամ Ալիեւը դատապարտում է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը` հայ-ադրբեջանական հակամարտության գործում Ռուսաստանի ոչ կառուցողական դերի մասին, մյուս կողմից՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը նույն միջոցառման ժամանակ Ռուսաստանին եւ Ադրբեջանին մեղադրում է իրենց ստանձնած պայմանագրային պարտավորությունները չկատարելու, իրենց կողմից ճանաչված սահմանները խախտելու մեջ: 

Նիկոլ Փաշինյանին պետք էր ոչ այնքան քննադատել Ադրբեջանին, որքան Ռուսաստանին ներկայացնել որպես իր ստանձնած պարտավորություններից հրաժարված, հարեւան երկրների տարածք ներխուժած երկիր, ինչը նրան հաջողվեց: Նրան հաջողվեց նույն հարթության վրա դնել Ադրբեջանին եւ Ռուսաստանին, Պուտինին եւ Ալիեւին՝ այդպիսով ավելի ամրապնդելով Ռուսաստան-Ադրբեջան դաշինքը:

«Արդյո՞ք ՀԱՊԿ-ն ճանաչում է 1991 թ. հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները՝ որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարեւոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու եւ, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջեւ սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը»,- ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարում է Փաշինյանը։ Նման հայտարարությունից հետո տրամաբանական կլիներ, որ Փաշինյանը հայտարարեր այդ կառույցը լքելու Հայաստանի մտադրության կամ արդեն կայացված որոշման մասին: Չնայած նա ելույթ էր ունենում ոչ թե ՀԱՊԿ անդամ երկրների, այլ ԱՊՀ ղեկավարների նիստում: Թերեւս Փաշինյանն ու նրա իշխանությունն ամեն ինչ անում են, որ նոյեմբերին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ  ամենամյա գագաթնաժողովը, ինչի մասին սեպտեմբերին հայտարարել էր Պուտինը, չկայանա: Պուտինը կարող է հրաժարվել Երեւան գալուց: Եթե Փաշինյանը նման ելույթ է ունենում հյուրի կարգավիճակում, կարելի է ենթադրել, թե ինչեր կարող է խոսել արդեն տանտիրոջ դերում: Ո՞ւմ է հաճելի հյուր լինել մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում եւ անընդհատ մեղադրում են:

Ռուսաստանը եւ նրա իշխանությունն ինչ-որ ձեւով կպատասխանեն Փաշինյանին, բայց այդ պատասխանից կտուժի ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը, այնպես, ինչպես չտուժեցին ո՛չ 44-օրյա պատերազմից եւ ո՛չ էլ դրանից հետո Հայաստանին պատուհասած մյուս աղետներից: Անձամբ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները միայն կօգտվեն, քանի որ ոչ մի կապ չունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: «Գոտեպնդվեք. Ռուսաստանը ձեզ չի մոռանա: Արտասահմանը մեզ կօգնի»,- ասում էր Օստապ Բենդերը: Ռուսաստանն իսկապես մեզ չի մոռանա, հարցն այն է, թե արդյոք արտասահմանը կօգնի՞:

Ավետիս Բաբաջանյան