Մեր պատրաստակամությունը և աշխատանքն ակտիվացնելու մասին կողմերին հայտնել ենք. Զառա Ամատունի

Մեր պատրաստակամությունը և աշխատանքն ակտիվացնելու մասին կողմերին հայտնել ենք. Զառա Ամատունի

Արցախի սահմանին շարունակվում են պատերազմական գործողությունները։ 

«Հրապարակը» զրուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։

-Տիկի՛ն Ամատունի, «Կարմիր խաչը» այս լարվածության ընթացքում ի՞նչ քայլեր է կատարում, նաև, կարծես թե, ինչ-որ չափով հրադադար է եղել, մարմինների փոխանակում նախաձեռնվե՞լ է ձեր միջնորդությամբ։

-Այս պահին Ձեր նշած թեմայով գործողություններ չեմ կարող հաստատել, նման բան դեռ չկա։ Ինչ վերաբերում է մնացած գործողություններին, մենք բավականին սերտորեն աշխատում ենք բոլոր ներգրավված կողմերում իշխանությունների հետ, որպեսզի նախ կարիքները հասկանանք և ո՞ր մասով մենք կարողանանք այդ կարիքները բավարարել կապված քաղաքացիական բնակչության հետ։ Սակայն գիտեք, որ այս թեժ իրավիճակի պատճառով մեր կազմակերպությունն իր ուժերով բավականին բարդ է աշխատում, որ Լեռնային Ղարաբաղի համայնքներում կարողանա գնահատումներ կատարել, դրա համար համայնքների հետ հիմնականում կապի մեջ ենք հեռախոսով։ Բայց իշխանությունների հետ անընդհատ կապի մեջ ենք, Ղարաբաղի հիվանդանոցներին ենք փոխանցել անհետաձգելի բժշկական պարագաներ տարբեր տեսակի։ Ինչպես նաև տեղի դատաբժշկական, փորձագիտական բյուրոյին փոխանցել ենք դիապարկեր։ Հիմնականում մեր առաջիկա աջակցությունն առողջապահական ոլորտին է վերաբերում, դատաբժշկական փորձագիտության կարողությունների ավելի ուժեղացմանը, նյութական, տեխնիկական աջակցություն։ Ինչ վերաբերում է անկախ միջնորդի դերին, ինչը որ Դուք նշեցիք մարմինների արտահանձման վերաբերյալ, մենք մեր պատրաստակամությունը և աշխատանքն ակտիվացնելու մասին կողմերին հայտնել ենք, տեղյակ են, սակայն միայն կողմերի համաձայնությամբ և խնդրանքով ենք կարող, այսպես ասած, գործողությունը կատարել։ Մենք ասել ենք՝ «մենք ակտիվացել ենք», «մենք տեղում ենք»։ Մենք ունենք գրասենյակ Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղում, նաև մյուս կողմում՝ «Կարմիր խաչի» ներկայացուցչություն Ադրբեջանում, Բարդայում: Մեր ֆիզիկական ներկայությունը նաև թույլ է տալիս արագ անցնել աշխատանքի այն պահից սկսած, երբ որ լինի նման համաձայնություն կողմերի միջև։

-Իսկ Ադրբեջանի կողմից նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ կարող են համաձայնվել։

-Ես չեմ կարող գնահատել, քանի որ մեր կազմակերպությունը քաղաքական չէ։ Ցանկացած նման բան մեզ մոտ կոնֆիդենցիալ է, մենք հանրային հարթակում չենք կարող դրանցից խոսել՝ գնահատումներ, կողմերի ռեակցիաներ։ Մենք կարող ենք հաստատել, որ կապի մեջ ենք, մշտական կապի մեջ ենք կողմերի հետ, նրանք գիտեն մեր պատրաստակամության և պատրաստ լինելու մասին։

-Իսկ հնարավոր գերիների, զոհվածների մասով ի՞նչ եք կարող ասել։

-Այս պահին ոչ մի բան։

-Իսկ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների մասով ի՞նչ եք կարող ասել, այցելություններ եղե՞լ են այս լարվածության ընթացքում, ի՞նչ տեղեկություններ ունեք նրանց մասին։

-Այս պահին ես կարող եմ ասել, որ նախորդ անգամ հաստատել էի, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել ենք նրանց, այս պահին չեմ կարող հաստատել, որ նոր այցելություն է եղել։ Առայժմ սա է, մենք իրենց վերջին անգամ այցելել ենք սեպտեմբերին, այլ այցելություն չեմ կարող հաստատել, որ եղել է։

-Իսկ երբ որ ադրբեջանական ուժերը բնակավայրերի, քաղաքացիների վրա են կրակում, այս մասով «Կարմիր խաչն» ի՞նչ աշխատանքներ է տանում։ Ստեփանակերտն են ռմբակոծել, Մարտակերտին են վնասներ հասցրել։

-Ստեփանակերտում մենք գրասենյակ ունենք, իհա՛րկե։ Մեզ համար շատ կարևոր է, այդ հարցով մենք և՛ հրապարակային ենք արտահայտվում, և՛ մեր երկխոսության միջոցով անմիջապես կողմերին։ Իհա՛րկե, մենք բավականին, խորապես անհանգստացած ենք այդ մարդասիրական հարցերով։ Մենք տեսնում ենք, մենք ստանում ենք բոլոր տեղեկությունները կապված քաղաքացիական օբյեկտների, քաղաքացիների կյանքի հետ, բոլոր ռիսկերի հետ կապված, ինչպես նաև, որ կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում երկու կողմերում ևս։ Եվ այս կապակցությամբ մենք ներկայացրել ենք մեր հիշեցումը կողմերին, թե ինչպես պետք է վարվեն տվյալ հակամարտության շրջանակներում կապված քաղաքացիական օբյեկտների հետ, քաղաքացիականների կյանքը և արժանապատվությունը մաքսիմալ ապահովման միջոցների կիրառման հետ, որպեսզի միջազգային մարդասիրական իրավունքի հարգանք ապահովվի թեկուզ այս թեժ իրավիճակում։ Այսինքն՝ սա մեր կողմից տարված աշխատանքն է, որովհետև կողմերը պարտավորված են։ Մեր կազմակերպությունն այսպես անընդհատ կարող է հիշեցնել, բայց պարտավորությունը հակամարտող կողմերն են ստանձնել, մեր կազմակերպությունը տվյալ դեպքում միայն կարող է խոսել դրա մասին երկխոսության, դիալոգի միջոցով, հրապարակայնորեն։ Դուք երևի տեսել եք այս մասին մեր հստակ հաղորդագրությունը, որը մենք տարածել ենք։ Այնտեղ նշվում էին բոլոր այն խնդիրները, որոնք այս պահին կան, ինչպես նաև դրանք կիսում ենք միջազգային լրատվամիջոցներում, որպեսզի այդ ինֆորմացիայի միջոցով կարողանանք մեր անհանգստությունը և հորդորը ներկայացնել նաև ավելի լայն հարթակներում և ոչ միայն երկխոսության միջոցով, չնայած աշխատանքի հիմնական ուղղվածությունը կողմերի հետ երկխոսությունն է, և՛ կոնֆիդենցիալ կերպով պնդել, հիշեցնել, որ պետք է մաքսիմալ ուշադրություն դարձվի քաղաքացիական բնակչության խնդիրներին և ամբողջ բեռը, որ քաղաքացիականներն են կրելու և կրում են արդեն մարտական գործողությունների հետևանքով։

-Իսկ ադրբեջանական կողմից Ժնևի կոնվենցիայի խախտումներ արձանագրե՞լ եք, զեկույցներ ուղարկե՞լ եք կենտրոնական գրասենյակ։

-Ի՞նչ զեկույց։

-Դուք զեկույցներ չե՞ք պատրաստում գլխամասային գրասենյակ ուղարկելու համար, ձեր արձանագրությունները և այլն։

-Նորից եմ ասում, կոնֆիդենցիալ կերպով այս պահին ամեն դեպքում ցանկացած բան, որ մենք արձանագրում ենք, կոնֆիդենցիալ կերպով, իհա՛րկե, փոխանցում ենք կողմերին անպայման։ Մենք ինքներս ենք արձանագրում, այս պահի դրությամբ մենք հետևում ենք լրատվականների աշխատանքին, շփվում ենք իշխանությունների հետ, մարդկանց հետ, որոնց հետ աշխատում ենք, որոնք կիսվում են իրենց վախերով, անհանգստություններով, չգիտեն՝ ուր գնան։ Այսինքն՝ մշտապես մտածում ենք, թե ինչպես ենք կարող, ոչ ամբողջական ծավալը հասկանալով, գոնե մասնակի աջակցություն տրամադրել այդ մարդկանց։ Ինչ վերաբերում է այդ ամենն ամփոփելուն և գրանցված փաստաթղթին որտեղ լինում են բոլոր հարցերը կապված խախտումների հետ և այլն, այս աշխատանքը սովորաբար ամփոփվում է ընթացքում։ Եվ այս պահին նորից եմ ասում, մենք չենք կտրում մեր կապն իշխանությունների հետ ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ, որ կարողանանք ընթացքում էլ հետևել և մեր նկատառումները փոխանցել այդ պահին։ Բնականաբար մեր կազմակերպությունն առավել ամբողջական, ինքնուրույն ամփոփումներ կարող է ունենալ իրավիճակի վերաբերյալ ավելի հանգամանալից տեղում տեսնելով ու գրանցելով։ Մեզ համար ֆիզիկապես շատ դժվար է դուրս գալ բոլոր այն վայրերը, որտեղ տեղի են ունենում մարտեր։ Այս պահին մենք աշխատում ենք, ինչպես ասեցի, համայնքների հետ հեռախոսակապի միջոցով, իշխանությունների հետ ենք աշխատում։ Այսինքն՝ Ձեզ չեմ կարող ներկայացնել ամբողջությամբ, թե ինչպես է աշխատելու կազմակերպությունը, բայց դե, գիտեք, կենտրոնակայանը կապ չունի, կազմակերպությունը համակարգված է որպես մեկ կազմակերպություն, իսկ «կենտրոնակայան» ասվածն, իհա՛րկե, ներգրավված է. և՛ կենտրոնակայանը, և՛ մեր ներկայացուցչությունները տեղում, տարածաշրջանում, և՛ համապատասխանաբար բոլոր կողմերը, որոնք ներգրավված են այս կոնֆլիկտային իրավիճակում, մեր կողմից կապի միջոցներով և հետագայում կստանան մեր արձանագրությունները և այլն ժամանակի ընթացքում։ Այս պահին մեզ ավելի շատ անհանգստացնում է քաղաքացիականների հետ կապված իրավիճակը, անկեղծ ասած, և այն անհրաժեշտությունը, որ մենք տեսնում ենք նաև մարդասիրական տեսնակյունից՝ որպես մեր դերի վերագործարկում։ Այս պահին մենք դրան ենք շատ ուշադրություն դարձնում։ Եվ, այո՛, հորդորում ենք, որպեսզի մաքսիմալ իրենց կողմից անեն բոլոր հնարավորը, որպեսզի քաղաքացիականները քիչ տուժեն։

Սերգեյ Առաքելյան