Ծիծաղելի չի․․․

Ծիծաղելի չի․․․

Փաշինյանի կողմից շրջանառության դրած  «Հայաստանը կադաստրի վկայական չունի» հայտարարությունն արժանացավ հանրության ծաղրին։ Հանրությունը լիաթոք ծիծաղում, ծաղրում էր նման հայտարարության պրիմիտիվությունը։ Իսկ փաշինյանական հնգամյա դերասանական խաղը այլ բան էր հուշում։ Եթե նա ծիծաղեցնում է հանդիսատեսին, ուրեմն սպասեք հոնգուր- հոնգուր լացելուն։ Սպասեք մեծ արհավիրքի, որովհետև նրա ծիծաղեցնելու գործընթացը շարունակվում է։ Նա ոչ թե, իր սովորության համաձայն, փորձում է այլ հնարքներով կոծկել ասածը, այլ նորից կրկնում է․ «Ուզում եմ որպես ՀՀ վարչապետ հասնել մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»: Սա գրում է իր ֆեյսբուքյան էջում ու համոզված եմ իր «ներքին ռեսուրսներով այնքան լայք, հավանություն է ամբարելու» , որպեսզի Ալիևն  ասի՝ սաղոլ Փաշինյան։ 

Ժողովուրդ, սա ծիծաղելու, կատակելու թեմա չի։ Սա պրիմիտիվ է, էժանագին է, բայց ծրագրով իշխանության բերված մարդու բառապաշար է։ Նա պիտի այնպիսի բաներ ասի, որը իր զանգվածի տրամաբանության մեջ կտեղավորվի։ Նրանք ի՞Նչ գիտեն, թե ՄԱԿ-ն ի՞նչ է, Հայաստանը ՄԱԿ- ի լիիրավ անդամ լինելն ի՞նչ է։ Նրանք անգամ չեն պատկերացնում, որ Փաշինյանն ինքը չի խոսում՝ նրան ճնշում են ու ստիպում՝ արագացրու։ Հասկացրու զանգվածիդ, որ եթե «կադաստրի վկայական չունենան», տարածքները չճանաչվեն, այս անգամ ավելի ահավոր պատերազմ է լինելու։ Իրենք ո՞նց կարողեն մոռացած լինել տասնյակ հազարավոր զոհերին ու խեղանդամներին, պարկերով գետնին թափված մարմինները ու ոսկրակույտերը, ո՞նց կարող են չսարսափել նոր աղետից։ Քանի ուշքի չեն եկել՝ ահաբեկիր նրանց, մենք էլ կօգնենք մեր միջոցներով։ Իրենք ճնշում են Փաշինյանին, որ արագացնի Արցախի հանձնումը, Հայաստանի սահմանամերձ գյուղերի ցանկը, Սյունիքի միջանցքը։

 Հայոց ցեղասպանությունը համարյա ողջ աշխարհը ճանաչել է, Թուրքիան չի ընդունում։ Ու սա է փաստը։ Իսկ 100-ից ավելի պետությունների կողմից ճանաչված ու ՄԱԿ-ի լիիրավ անդամ Հայաստանը  կադաստրի վկայական պիտի ստանա հե՛նց Ադրբեջանից, որովհետև Նիկոլը չի ճանաչում Հայաստան պետությունը։ Սա պրիմիտիվություն չի, սա հանցավոր, ծրագրված  քաղաքականություն է, որով Հայաստանը սեփական երկրի ղեկավարի կողմից ճանաչվում է որպես գոյություն չունեցող պետություն։  Լավագույնը, որ կարող ենք մտածել՝ Փաշինյանին ճնշում են, (չնայած ճնշումն ընդամենը  հանցանքը ավարտին հասցնելու գործոն եմ համարում),  իսկ նման ճնշումների տակ մոտ ապագայում Հայաստանի սահմանազատումից մնալու է միայն Նիկոլի երրորդ մասի տունը։ Նման ճնշումների տակ միջազգային չափանիշներով սահմանազատման գործընթաց չի կարող տեղի ունենալ։   Բայց պետք է հասկանալ, որ ճնշել կարող են նրան, ով խոստացել ու ձգձգում է կատարել իր խոստումը։