Միայն չոր փաստեր

Միայն չոր փաստեր

Փաստ 1-ին

Թշնամին ուղիղ 10 օր առաջ՝ մայիսի 12-ին, մտավ Սյունիք։ Սկզբում հերքում էին, ապա ասացին, որ 1-2 կիլոմետր է մտել Սեւ լճի տարածք։ Ուշ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ խոստովանել, որ 3,5 կմ ներխուժել են, վտանգավոր վիճակ է, հույս ունեն՝ բանակցում են, որ խաղաղ հետ քաշվեն ելման դրություն։
Սկզբում խոսում էին 250 հոգու ներխուժման մասին, նախօրեին հրապարակվեց 500-600 զինված անձի մասին փաստ։ Սկզբում միայն Սեւ լճի՝ Իշխանասարի մասին էր խոսքը, հետագայում պարզ դարձավ, որ ներխուժման դեպքեր ունենք նաեւ Վարդենիսի մասում։ 

Փաստ 2-րդ

Սյունիքում հայ-ադրբեջանական բանակցություններ սկսվեցին, որին մասնակցում էր նաեւ ռուսական կողմը՝ հանձին ռուսական խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի։ ՀՀ ՊՆ-ն եւ վարչապետը պարբերաբար հայտարարում էին, որ ադրբեջանական զինուժի մի մասը հետ է քաշվել, սակայն տեղական իշխանություններն ասում էին, որ ոչ մի մետր հետ չեն գնացել։ Երկար՝ մոտ 5 ժամանոց բանակցություններ էին ընթանում գրեթե ամեն օր, դրանցից մեկի ավարտին՝ մայիսի 17-ին, իշխանական շրջանակներից լուր տարածվեց, որ բանակցություններն ավարտվել են հօգուտ հայկական կողմի, եւ մյուս առավոտյան ադրբեջանական զինուժը կլքի Սեւ լճի տարածքը։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ թշնամին հեռանալ չի պատրաստվում։

Վարչապետը հայտարարեց, որ բանակցությունները շարունակվելու են չորեքշաբթի օրը՝ մայիսի 19-ին, եւ հայտարարեց․ «Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել, հարցը, իրավիճակը մենք գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար, իրավիճակ, որը ձեւակերպված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ․․․»:

Իսկ մայիսի 19-ին բանակցությունները չկայացան․ Մուրադովը չէր ներկայացել բանակցություններին, որովհետեւ արդեն ինչ-որ փաստաթուղթ էին քննարկում կողմերը՝ այդ մասին մեզ տեղեկացրեց Ռուստամ Մուրադովին մերձ անձանցից մեկը, իսկ նույն օրն ուշ երեկոյան քննարկվող փաստաթուղթը գաղտնազերծեց Միքայել Մինասյանը։ 
 
Փաստ 3-րդ 

Կառավարության մայիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինչ-որ փաստաթուղթ է քննարկվում, բայց խոսակցությունը տեղափոխեց դրա հրապարակման, արտահոսքի, մի մասը սեւացրած հրապարակվելու դաշտ՝ ասելով․ «Շատ անհարգալից իրադրություն ունենք Հայաստանի Հանրապետության հանրության հանդեպ. համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, այսինքն՝ սեւով փակած է: Եվ դա ներկայացվում է որպես ապացույց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Պատկերացնո՞ւմ եք: Պատկերացրեք՝ թուղթը հրապարակենք, ամբողջ բովանդակությունը ծածկված է, ասենք՝ տեսեք ինչ ապացույց ունենք, որ հերթական հակահայ փաստաթուղթն է ստորագրվում: Եթե այդպես է, ընդհակառակը, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում․․․

Ընդ որում՝ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում»:
Իսկ թե ինչու է ինքը թաքցրել, ինչ բովանդակություն ունի փաստաթուղթը, ինչու են ինչ-որ փաստաթուղթ քննարկում, երբ ընդամենը 1-2 օր առաջ ասում էր՝ նախ պետք է ադրբեջանական զինուժը հեռանա ՀՀ տարածքից, իրարամերժ բացատրություններ՝ դա աշխատանքային փաստաթուղթ է՝ կոռեկտ չէր լինի վաղաժամ հրապարակելը։ Եղած փաստաթուղթն էլ «100 տոկոսով համապատասխանում է մեր շահերին, եւ ես պետք է ստորագրեմ»։ 

Փաստ 4-րդ

Սկսեցին խոսել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի՝ սահմանների ճշգրտման մասին, որը երկար տարիների գործ է, սակայն ընտրություններից մեկ ամիս առաջ դրվում է շրջանառության մեջ, եւ դա արվում է վարչապետի ԺՊ-ի շուրթերով։ Կառավարության մայիսի 17-ի նիստում, երբ դեռ խոսք չկար նոր փաստաթղթի մասին, նա ասում է․ «Շատ է խոսվում դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանների ճշգրտման մասին, եւ հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել եւ ահաբեկել: Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, եւ դա իմ դիրքորոշումն է, որ սահմանների ճշգրտումն ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանի Հանրապետությանը։ Որովհետեւ սահմանների ճշգրտումը, արձանագրումը եւ, ի վերջո, ինչ-որ փուլում դեմարկացիան եւ դելիմիտացիան անվտանգային կարեւորագույն երաշխիք է»: