Ռուսաստանը չողջունեց, Փաշինյանը ողջունեց

Ռուսաստանը չողջունեց, Փաշինյանը ողջունեց

«Հրապարակի» հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

- Վարչապետ Փաշինյանի՝ Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում ասվում էր․ «Շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ։ Այս իրադարձությունը սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար»։ Ուշադրություն դարձրեք ձեւակերպումներին, եւ սա այն ֆոնին, որ Հայաստանում Փաշինյանի պաշտպաններն ասում էին՝ հաղթանակի 75-րդ տարեդարձի շքերթին չգնաց՝ վերաբերմունք դրսեւորելով։ Հիմա պարզվում է՝ ողջունում է այն, ինչն Արեւմուտքը համարում է բռնապետության հաստատում։
- Նախ, ուշադրություն դարձնենք նրան, որ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունները, ի տարբերություն իրենց, Ռուսաստանը չի ողջունել։ Նույն ժամանակաշրջանում նույն դեպքերն են կատարվում։ Բնականաբար, հասկանալի է, որ Հայաստանում սահմանադրական բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, իսկ Ռուսաստանը, գոնե արտաքուստ, ֆորմալ պահպանել է ընթացակարգերը։ Հիմա գանք Ձեր ասածի 2-րդ մասին․ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չգնալու հետ կապված բազմաթիվ վարկածներ գոյություն ունեին։ Նախ պետք է ընդունենք այն իրողությունը, որ Հայաստանի հանրային դաշտում կան տարբեր խմբավորումներ, որոնք ամեն ինչի նկատմամբ ունեն, եթե մեկ բառակապակցությամբ ասեմ՝ աշխարհաքաղաքական պատկերացումներ, չասեմ՝ պատվերներ, եւ որոնք ցանկացած խնդիր միշտ միեւնույն դիրքերից են մեկնաբանում։ Այսինքն՝ եթե այս մի աշխարհաքաղաքական կենտրոնից է պատվերը, մյուս կենտրոնի դեմ, եւ հակառակը, ինչի արդյունքում այդ բոլոր մեկնաբանությունները նախօրոք կանխատեսելի են։ Չեմ կարծում, որ դրանք արդեն լուրջ քննարկման կարիք ունեն։ Ինչ վերաբերում է Ձեր դիտարկմանը, որ աշխարհի շատ երկրներ քննադատում են Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունները․ պետք է հասկանալ, որ թե՛ աշխարհի շատ երկրներ, թե՛ միջազգային կառույցներ քննադատում են իրենց շահերից ելնելով։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները կամ եվրոպական երկրները չեն քննադատում Սաուդիան Արաբիան կամ այլ երկրներ, որտեղ մարդու իրավունքների խախտումները սարսափելի են, որտեղ սեռական կողմնորոշման համար մարդուն կախաղան են բարձրացնում։ Չեն քննադատում, որովհետեւ իրենց հարմար է այդ երկրների հետ պահպանել հարաբերությունները։ Մենք պետք է սա հասկանանք։ Այսինքն, միշտ չէ, որ անկեղծ են, եւ նման քննադատությունների հետեւում քաղաքական շահն է։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա Հայաստանն այն երկիրը չէ, եւ Նիկոլ Փաշինյանն էլ այն անձը չէ, որ ուղղակիորեն առճակատման գնա Ռուսաստանի հետ։ Կասեք՝ Նավալնու Հ1-ով ուղիղ եթերը։ Իմ կարծիքով, սա մի փոքրիկ արտահայտություն էր, որով Նիկոլ Փաշինյանը փորձում էր իր դժգոհությունը հայտնել Հայաստանի ընդդիմադիր շրջանակների նկատմամբ ունեցած Ռուսաստանի դրական վերաբերմունքին, մասնավորապես, վերջերս Ծառուկյանի հետ կապված դեպքերի առնչությամբ։ Սա ընդամենը Նիկոլ Փաշինյանի պուճուրիկ պատասխանն էր, որից հետո շնորհավորեց ու հայտարարեց, որ դա մեծ քայլ է Ռուսաստանի պետականության ամրապնդման գործում։
- Բայց արդյոք մե՞կ քայլ էր․ հիշենք ռուսական ալիքների սահմանափակումը, ատոմակայանի՝ ռուսական վարկից հրաժարվելու որոշումը, Մոսկվա չգնալը։ Այդ մանր քայլերը մի քիչ շատ չէի՞ն, չե՞ք կարծում, որ դեմարշ էին։
- Բնականաբար՝ դեմարշի խնդիր կար, եւ դրանց նպատակը զուտ Նիկոլ Փաշինյանի անձնական շահի վրա է հենված․ նա ուզում է հաստատել իր բռնատիրական համակարգը եւ չի ցանկանում, որ իրեն խանգարեն։ Բայց քանի որ նա շատ անհավասարակշիռ անձ է եւ իր քայլերը գոնե մի քանի քայլ առաջ չի հաշվարկում, ինչպես մենք տեսել ենք այս ընթացքում այդ բազմաթիվ սխալները, դրանցից մեկ-երկուսը՝ անօրինական սահմանադրական փոփոխությունները, պրոֆեսիոնալիզմի պակասը Սահմանադրական դատարանի կազմը փոխելու քայլերում։ Մենք տեսնում ենք այսպիսի պատկեր՝ նեղացածություն, հետո հետ է գնում, հետո լրիվ հակառակ հայտարարություններն է անում։ Մենք սա անընդհատ տեսնում ենք ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին կյանքում։
- Նաեւ հիշում եք․ երբ Պուտինը եկավ Հայաստան, Փաշինյանը նրան չդիմավորեց, բայց հեռացող Պուտինի ավտոշարասյան հետեւից հասավ «Զվարթնոց»՝ ճանապարհելու։
- Բնականաբար, բազմաթիվ են նման բաներն իր պահվածքներում, իր ստերում, ռուսերեն բառ ասենք՝ «կռուտիտներում», անհավասարակշիռ ելույթներում, չմտածված խոսքերում, բոլոր ոլորտներում։ Վստահ եմ՝ նաեւ անձնական հարաբերությունների դաշտում։ Ամենուր նույն դրսեւորումներն են։
- Հիմա ինչպե՞ս եք գնահատում ՌԴ-Հայաստան հարաբերությունները։
- Ես այնպես եմ հասկանում, որ Ռուսաստանը Հայաստանի ներկայիս իշխանության հետ հարաբերությունները ձեւավորելու խնդիր ունի։ Մի կողմից, ինչպես մենք տեսնում ենք, այդպես է երեւում, որ Պուտինի անձնական հարաբերությունները Փաշինյանի հետ սառեցված են։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հարաբերություններն ահավոր սառն են։ Բայց մենք տեսնում ենք նաեւ, որ Ռուսաստանը փորձում է տարանջատել գործող իշխանություններին եւ հայ ժողովրդին։ Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր, կան Հայաստանի հետ աշխարհաքաղաքական շահեր, եւ իրենք էլ, ունենալով Ուկրաինայի վատ օրինակը, որ իշխանությունների հետ վատ հարաբերությունների պատճառով այդ ամենը կարող է պրոյեկտվել արդեն ժողովուրդների միջեւ հարաբերությունների վրա, եւ դա Ռուսաստանի համար շատ ծանր օրինակ է, իրենք փորձում են այդ նույն սխալը չկրկնել Հայաստանում եւ տարանջատել ու սպասել, տեսնել, թե այս գործող իշխանության ճակատագիրն ինչպես է դասավորվելու։