Իմ ու Աբրահամ Մանուկյանի ցուցմունքները նույնն են` տառի տարբերություն չկա

Իմ ու Աբրահամ Մանուկյանի ցուցմունքները նույնն են` տառի տարբերություն չկա

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումն ու նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորումը հիմնված են «Երեւանշին» ԲԲԸ տնօրեն, հայտնի շինարար Վազգեն Պողոսյանի տված մեկ ցուցմունքի վրա։ Պողոսյանի ցուցմունքի հիման վրա են իրավապահները եզրակացրել, որ Ծառուկյանն ու Աբրահամ Մանուկյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք են բաժանել։ Վերջերս անգամ առերեսում է տեղի ունեցել Ծառուկյանի ու Պողոսյանի միջեւ։ Երեկ մեզ հետ զրույցում Վազգեն Պողոսյանը չէր ցանկանում պարզաբանել, թե ինչ ցուցմունք է տվել, արդյոք կաշառքի հարց եղե՞լ է, ի՞նչ է ասել իր ցուցմունքում։ Ասաց՝ ինքը մեկ շաբաթից հայտարարությամբ հանդես կգա եւ բոլոր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կներկայացնի։ Այդուհանդերձ, մի քանի հարցի նա պատասխանեց։
- Ի վերջո, Գագիկ Ծառուկյանը Ձեզ գումար տվե՞լ է, այսպես կոչված, ընտրակաշառքի համար։
- Ես Ձեզ ասացի՝ մեկ շաբաթ հետո ես հայտարարությամբ հանդես կգամ։
- Իսկ Ձեզ նորից կանչե՞լ են հարցաքննության։
- Ոչ, բայց կկանչեն։ Հո գործը փակվա՞ծ չէ, կկանչեն, էլի։
- Փաստորեն, Ձեր ցուցմունքի հիման վրա են կալանավորել Աբրահամ Մանուկյանին։
- Ես Ձեզ այդպիսի բան չասացի։
- Իսկ ի՞նչ եք ասել Դուք իրավապահ մարմիններին։
- Իրավապահ մարմիններին՝ ոչ մի բան։ Իմ ցուցմունքն ու Աբրահամ Մանուկյանի ցուցմունքը նույնն են, տառի տարբերություն չկա։
- Խոսքն ընտրակաշառքի՞ մասին է, թե՞ ընտրակաշառք չի եղել։
- Ես չգիտեմ՝ Դուք դրա անունն ինչ եք դնում, ես այդպիսի բան չասացի, Դուք եք դա ասում։
- Այդ գումարներն ի՞նչ նպատակով են օգտագործվել։
- Վահե ջան, ես խնդրեցի Ձեզ, որ ես մեկ շաբաթ հետո հայտարարությամբ հանդես կգամ, կլսեք, այդ ժամանակ արդեն ամեն մեկդ ձեր մեկնաբանությունը կանեք։
- Լավ։ Մի բան ասեք միայն՝ այս մեղադրանքը, ըստ Ձեզ, շինծո՞ւ է, թե՞ ոչ։
- Ո՞ւմ համար է շինծու։
- Ձեզ համար, նաեւ՝ Ծառուկյանի ու մյուսների։
- Ես չեմ կարող էդ հարցին պատասխանել՝ ում համար շինծու է, ում համար՝ ոչ շինծու, չեմ կարող ասել։
- Ձեզ համար կոնկրետ այս ամենի տակ քաղաքական ենթատեքստ կա՞, թե՞ զուտ իրավական պրոցես է։
- Չեմ կարող ասել, դեռ պարզ չէ։
- Այսինքն, չեք կարող ասել՝ ընտրակաշառքի մասով տվյալները սխա՞լ են, թե՞ ճիշտ։
- Ես դրա անունը չգիտեմ՝ էդ ինչ տերմին եք օգտագործում, ընտրակաշառքը Դուք եք ասում, ես էդպիսի բան չասացի։ Դրա ճիշտն ու սխալը քննչական մարմինները կորոշեն։
- Բայց մեղադրանքն այն է, որ ընտրություններին ԲՀԿ-ի կողմից կաշառք է բաժանվել։
- Չգիտեմ, չեմ կարող ասել։
- Դուք Գագիկ Ծառուկյանի հետ առերեսում եք ունեցել եւ նրա դեմ ցուցմունք տվե՞լ եք։
- Ես այլեւս հարցերի չեմ պատասխանի, ես խնդրեցի՝ մեկ շաբաթ անց հայտարարությամբ հանդես կգամ։
ՀԳ․ Խոսեցինք նաեւ Աբրահամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանի հետ։ Նա ասաց, որ Վազգեն Պողոսյանն առերեսման ժամանակ հաստատել է, որ երբեւէ Աբրահամ Մանուկյանի հետ ընտրակաշառքի թեմայով չի խոսել, նման հարց չի քննարկել, նման հանգամանք նրա հետ, այսպես ասած, չի կիսվել։ Մեր դիտարկմանը, թե Պողոսյանն ասել է, որ իր եւ Մանուկյանի ցուցմունքները նույնն են, իրարից չեն տարբերվում, Անանյանն ասաց․ «Ըստ էության՝ համընկնում է, որովհետեւ Աբրահամ Մանուկյանն էլ է ասում, որ ընտրակաշառքի հետ կապված հարցով իր հետ չի առնչվել, ներգրավված չի եղել։ Վազգեն Պողոսյանն ասում է՝ ինքը ներգրավված է եղել, գործողություններ է կատարել, բայց Աբրահամ Մանուկյանի հետ այդ հարցը չի քննարկվել։ Ու այդ հաշվետվությունը, որ շրջանառվում է մամուլում, այդ հաշվետվություններն ինքը չի ներկայացրել Աբրահամ Մանուկյանին»։ Մանուկյանի փաստաբանն ասաց նաեւ, որ այս պահին իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ ակնկալելով, որ կփոխվի Աբրահամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը։ Մեր աղբյուրներն ասում են, որ Վազգեն Պողոսյանը մի քանի ցուցմունք է տվել, որից մեկում միայն կա մեղադրանքը հիմնավորող արտահայտություն, որից հետո ինքը հրաժարվել է ասածից, սակայն նախաքննությունը դրա վրա է կառուցել մեղադրանքը։