Կոտայքի մարզի Արամուս գյուղում հեղափոխություն չի եղել

Կոտայքի մարզի Արամուս գյուղում հեղափոխություն չի եղել

ՔՈ կուսակցության ռեյտիգային թեկնածու, զբոսավար, հասարակական ակտիվիստ Քրիստինե Հովհաննիսյանը ընտրություններից առաջ լավատեսորեն էր տրամադրված: Իր ֆեյսբուքյան էջում նույնիսկ գրել էր. «Այսօր մեր երկրում վերջապես առաջին անգամ տեղի կունենան առանց ընտրակաշառքի, առանց զոռբաների, առանց թաղային հեղինակությունների, մեր բոլորիս երազած «Նոր Հայաստանի» ազատ և թափանցիկ ընտրությունները»:

Բայց առավոտյան, Կոտայքի մարզի Արամուս գյուղում իր քաղաքացիական պարտքը կատարելիս, հասկացել է. Կոտայքի մարզում ոչ մի հեղափոխություն էլ չի եղել: «Այստեղ ոչինչ չի փոխվել, ակնհայտ երևում է: Ես նախկինում դիտորդ եմ եղել, և իմ իրավունքները քվեարկության հետ կապված շատ լավ գիտեմ: Այս անգամ որպես ընտրող մտել եմ քվեարկության ու 5 րոպեի ընթացքում մի քանի խախտում եմ տեսել, ինչը ինձ բոլորովին դուր չեկավ: Հանձնաժողովի անդամը իր տեղից դուրս եկավ և ընտրողին ցույց էր տալիս թե ում ընտրի», - ասաց Քրիստինե Հովհաննիսյանը «Հրապարակին»:

Նա նկատել է նաև, որ մի քաղաքացի քվեարկություն է կատարել քվեախցից դուրս: «Հանձնաժողովի անդամների համար նրա քվեարկությունը տեսանելի էր, լավ երևում էր, թե ում է ընտրում», - ավելացրեց Քրիստինե Հովհաննիսյանը:

Ս.Ս.