Մենք կառավարությունից գումար չենք ուզում, մեր միակ խնդրանքն է, որ հավասար պայմաններ ապահովեն

Մենք կառավարությունից գումար չենք ուզում, մեր միակ խնդրանքն է, որ հավասար պայմաններ ապահովեն

«Արմենիա» ավիաընկերությունը հունվարի 20-ից դադարեցրել է ռուսական Մինվոդի եւ Վորոնեժ ուղղություններով թռիչքները: Պատճառները երկուսն են՝ ռուսական կամակորությունները, որոնք  չի կարողանում կանխել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն, եւ այն, որ տարվա սկզբից «Արմենիային» պատկանող երկու Boeing 737 օդանավերը կանգնել են տարեկան պարտադիր տեխսպասարկման՝ C-check-ի։ Ավիաընկերությունն այս երկու սեփական օդանավերից զատ, իր տրամադրության տակ ունի նաեւ այլ՝ վրացական ընկերություններից լիզինգով վարձակալված օդանավեր, որոնք եւս օգտագործում է իր չվերթների համար։ Երեք տարի շարունակ ռուսական ուղղություններով թռիչքներ են կատարել ինչպես հայկական, այնպես էլ «Արմենիայի» վարձակալած վրացական օդանավերը։ Ռուսներն ամեն անգամ, իհարկե, բարդություններ են առաջացրել, բայց ընկերությանն ու քաղավիացիայի ղեկավարությանը հաջողվել է իրենց անձնական կապերի շնորհիվ համոզել ռուսական կողմին, որ վեր կանգնեն քաղաքական խնդիրներից ու թույլ տան վրացական օդանավերով եւս թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Բայց հիմա մեր Քաղավիացիայի կոմիտեն անզոր է գտնվել, բավարար ջանք չի գործադրել կամ էլ անձնական որեւէ օղակ ի վիճակի չի եղել օգտագործելու, որ ռուսները նորից նույն բարդությունը չառաջացնեն հայկական միակ ավիաընկերության համար։ Սրա հետեւանքով ընկերությունը կրել է զգալի վնաս, հարյուրավոր ուղեւորներ կանգնել են փաստի առաջ, եւ չվերթներն էլ դադարել են արդեն երեք ամիս է։ Պլանավորում են ապրիլի 4-ին եւ 6-ին վերսկսել թռիչքները Վորոնեժ եւ Մինվոդի, երբ որ օդանավերը դուրս գան տեխսպասարկումից։

«Քաղավիացիան, որքանով ես տեղյակ եմ, փորձել է միջամտել, բայց արդյունքների մասին որեւէ տեղեկություն չունեմ։ Տեղյակ եմ, որ տրանսպորտի նախարարությունը փորձեց միջամտել գործին, հանդիպում եղել է Քաղավիացիայի կոմիտեում, խնդիրը բարձրաձայնվել է, իրենք տեղյակ են, ու աշխատանք տարվում է։ Բայց էս աշխատանքը, որը հիմա իրենք փորձում են անել, մենք հուսով ենք, որ հաջորդ տարի, եթե Աստված չանի՝ հերթական խնդիրն առաջանա, էս հարցը պիտի գլոբալ լուծվի։ Այսինքն՝ ոչ թե մեկ-երկու ամսվա կամ մի տարվա համար տրվի չվերթի թույլտվություն, այլ՝ երկարաժամկետ»,- ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը։ 

- Բայց դուք նախկինում նման խնդիր կարծես թե չեք ունեցել։

- Եղել է, դժվարությամբ է միշտ ռուսական կողմը համակերպվում էդ մտքի հետ, որ օդանավի փոփոխություն է տեղի ունենում՝ վրացական գրանցումով․․․ համոզելով, խնդրելով, բացատրելով՝ փորձել ենք լուծել խնդիրը։

- Ի դեպ, վերջերս Քաղավիացիայի կոմիտեի նախագահը հայտարարեց, որ Ryanair ընկերությունը կարող է գալ Հայաստան՝ իրականացնելով թռիչքներ եվրոպական ուղղությամբ։ Սա հավանական համարո՞ւմ եք, եւ արդյոք դա մրցակցություն կստեղծի՞ նաեւ ձեզ համար։

- Երբ որ «Արմենիա» ավիաընկերությունը մտել է շուկա, մենք երբեք մրցակցությունից չենք բողոքել՝ մի պայմանով, որ մրցակցային ստարտային պայմանները ցանկացած ավիաընկերության համար պետք է հավասար լինեն։ Ապահովո՞ւմ են էդ ամեն ինչը, շատ ուրախ ենք, կլինի Ryanairը, կլինի Air France-ը, կլինի այլ lowcost, մենք որեւէ խնդիր չունենք, ավելի լավ։ 

- Իսկ երբեւէ եղե՞լ է անհավասար մրցակցության դրեւորում։

- Անհավասար մրցակցության պարզ օրինակ ռուսական ավիաընկերությունների հետ հարաբերվելն է՝ նույն ուղղության վրա։ Արդեն բոլորը գիտեն, բոլորին հայտնի է, որ ռուսական ավիաընկերությունները Ռուսաստանում աշխատում են արտոնություններով․ նավթի գնից սկսած մինչեւ նավիգացիա՝ արժեքները երեք անգամ գոնե ցածր են, քան տեղական հայկական ավիաընկերության համար։ Բայց երբ իրենք գալիս են Հայաստան, մեզ հետ նույն հավասար պայմաններով են գործում։ Այսինքն՝ էստեղ անհավասարություն կա։

- Ենթադրաբար, Հայաստանում էլ պետք է արտոնություններ սահմանվեն տեղական ավիաընկերությունների համար։

- Էդ մեխանիզմները պետք է ավելի պատասխանատու անձինք որոշեն, թե ինչպես։ Մեզ ընդամենը հավասար պայմաններ են պետք։ Մենք «օդային տաքսիստներ» ենք, այսպես ասած, եթե մեզ վրա թանկ նստի տոմսը, մենք դա թանկ կծախենք, եթե էժան նստի, էժան կծախենք։

- Որքանով տեղյակ եմ, եթե ավիաընկերությունը համաձայնում է, դիցուք, 50 եվրոյով եվրոպական քաղաքներ չվերթներ իրականացնել, բայց դրա իրական արժեքը 150 եվրո է, այդ տարբերությունը սովորաբար տվյալ երկրի կառավարությունն է սուբսիդավորում։ Կա՞ մեզանում նման պրակտիկա, եւ դուք, օրինակ, երբեւէ փորձե՞լ եք դիմել կառավարությանն այդ հարցով։

- Մենք չենք ուզում կառավարությունից կամ էս դեպքում Քաղավիացիայի կոմիտեից որեւէ ֆինանսական աջակցություն խնդրել։ Մենք գիտենք՝ ինչպես բիզնես անել, մենք ուզում ենք բիզնես անել ճիշտ, հավասար պայմաններում։ Այսինքն՝ մենք երբեք չենք դիմի Քաղավիացիայի կոմիտեին ու ասենք՝ ի՞նչ կլինի, դիմեք կառավարությանը, թող մեզ դոտացիա տան։ Մենք հասկանում ենք էդ ամեն ինչը, Դուք հասկանո՞ւմ եք, եթե Հայաստանում ամեն գործարար դիմի կառավարություն, ասի՝ ինձ դոտացիա տվեք, որ ես աշխատեմ, ճիշտ չէ։ Կառավարությունը պետք է ուղղակի ոլորտը կարգավորի՝ իր ունեցած լիազորություններով, օրենքների միջոցով, հարաբերություններ հաստատելով ռուսական կողմի հետ։ Ձեր նշած դոտացիաները, որոնք կան, դա միջազգային պրակտիկա է, դա ամբողջ աշխարհն է կիրառում։ Էսօր ռուսական ավիաընկերություններ «Աէրոֆլոտը» կլինի, թե մեկ ուրիշը, իրենք ազատ նստատեղի համար որոշակի գումար են ստանում։

- Իսկ դուք ազատ նստատեղերի դեպքում ի՞նչ եք անում։

- Վնասով ենք աշխատում, ուրիշ տարբերակ չկա։ Մենք մասնավոր ընկերություն ենք, ու քանի որ մեր պետությունը՝ որպես այդպիսին, որեւէ ռազմավարություն չունի, ոնց որ նշածս երկրները՝ Եվրոպական միությունը կամ Ռուսաստանը, ուստի վնասով ենք աշխատում։ Մեր ավիաընկերությունը երեք տարի շարունակ դեռ վնասով է աշխատում։ Այսինքն՝ մենք գիտենք, որ մեր բիզնես պլանը հինգ տարի է, եւ ակնկալիք ունենք, որ հինգ տարին երբ լրանա, մենք էլ պետք է վնաս չկրենք։ Մենք հիմա վնաս ենք կրում, բայց, փառք Աստծո, տարին տարվա վրա վնասի կրման չափն է քչանում։ Այսինքն՝ մենք գործ անել գիտենք, մենք ոչ մեկից գումար չենք ուզում, մեր միակ խնդրանքն է, որ հավասար պայմաններ ապահովեն։ «Արմենիա» ավիաընկերությունը երեք տարի է՝ աշխատում է ու արդեն խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել։