Նոր նախարարությունը բարձր ոգի կհաղորդի բարձր տեխնոլոգիաների ոլորտին
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի՝ մամուլում շրջանառվող նախագծից ավելի շատ աղմուկ ու հետաքրքրություն առաջացավ կրճատվող սփյուռքի եւ միավորվող մշակույթի նախարարությունների նկատմամբ։ Սակայն նույն օրենքի նախագծում, հայտնի չէ, թե ում գաղափարով եւ նախաձեռնությամբ առաջարկվել է ստեղծել բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը դրական է գնահատում այդ նախաձեռնությունը, երբ բարձր տեխնոլոգիաներն ու ռազմարդյունաբերությունը մեկտեղվում են։
«Դա շատ ուժեղ ոգի կհաղորդի բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Եթե պետությունը շեշտադրում է բարձր տեխնոլոգիաներն ու ռազմարդյունաբերությունը, ապա բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարող է պաշտպանված լինել։
Իսկ բարձր տեխնոլոգիաների արդյունքը կկիրառվի ոչ միայն ռազմարդյունաբերության մեջ, այլեւ տեղ ունենա այդ ոլորտի միջազգային շուկայում։ Դա նշանակում է, որ մենք կմիացնենք այն գործարանները, որոնք կային ռազմարդյունաբերության մեջ, դրանք կդառնան մեծ ընկերություններ, որոնք բարձր տեխնոլոգիական լուծումները կարող են վերածել արտադրանքի, եւ դա լրացուցիչ մուտքերի աղբյուր կարող է դառնալ մեր երկրի համար։ Գիտեք, որ ռազմարդյունաբերական արտադրանքը տասն անգամ ավելի է, քան՝ քաղաքացիական արտադրանքը, որովհետեւ խիստ պահանջների է բավարարում։ Իսկ դա նշանակում է, որ կարող ենք մասնակցել ռազմարդյունաբերական արտահանման եւ դառնալ արտահանող երկիր»,- նշեց մեր զրուցակիցը։
Կարծիքներ