«Հաղթողները վերցնում են ամեն ինչ» սկզբունքը հեռանկարում կարող է կործանարար լինել

«Հաղթողները վերցնում են ամեն ինչ» սկզբունքը հեռանկարում կարող է կործանարար լինել

Անցնող տարվա ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխության, նրան հաջորդած Երեւանի ավագանու եւ ԱԺ ընտրությունների, նոր խորհրդարանի եւ կառավարության, անցումային արդարադատության  մասին զրուցել ենք սոցիոլոգ, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի հետ։

-Ես ինձ համար քաշել եմ «կարմիր գիծը»։ Այն, ինչ որ կարելի էր ստանալ, ես ստացել եմ։ Ընտրությունն արդեն ձեռքբերում է։ Ես միշտ ամաչում էի այն բանից, որ հասարակությունը չի կարողանում ընտրություն կատարել։

-Սակայն ԱԺ արտահերթ ընտրություններին չմասնակցեց քաղաքացիների 51 %ը։ Ձեզ համար անակնկա՞լ չէր  այդ թիվը։

-Մենք այսօր ապրում ենք շատ արագ տեղի ունեցող գործընթացների մեջ։ Շատ արագ են տեղի ունենում գործընթացները, եւ մենք չենք հասցնում վերլուծել տեղի ունեցողը։ Իսկ 51%-ի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին չմասնակցելը ցույց է տալիս, որ մարդիկ քվեարկել են ոտքերով։ Իրենք համոզված չեն, կողմնորոշված չեն, իսկ չկողմնորոշվածների թիվը մեծ էր։ Մի մասը չի ցանկացել պատասխանատվություն ստանձնել, որովհետեւ պրոցեսն իրենը չէ։ Հնարավոր է, որ այդ մարդիկ ուրիշ բան էին ցանկանում տեսնել կամ էլ չէին հասկանում պրոցեսը։ Հնարավոր է, որ չմասնակցածների անձնական արժեքներն ավելի խիստ են, իրենք ուզում են չմասնակցել այդ խաղին, որը չեն հասկանում։ Նորմալ գործընթաց է։ Ոչ ոք չի հետազոտել, չունի տվյալ, թե այդքան մարդ ինչու չի մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այդ առումով ազնիվ կլինի չխոսել այդ մասին։ Իսկ ընտրություններից բավարարվածության առաջին պայմանն այն էր, որ մարդիկ ոգեւորվեցին, ընդգրկվեցին գործընթացներում,  վերացավ գաղջ մթնոլորտը։ Երկրորդ պայմանն այն էր, որ տեղի ունեցան արդար ընտրություններ։ Ես հավատացի ազնվությանը եւ մեծ հաճույք ստացա նրանից, որ չտեսա ընտրակեղծարարներին։ 

-Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է տարբերվելու նոր խորհրդարանը նախորդներից, միայն նրանո՞վ, որ արդար ընտրությունների արդյունքում է ձեւավորվել։

-Նոր ԱԺ-ն տարբերվելու է նաեւ նրանով, որ իրե՛նք չեն ընտրվել, ընտրվել է շարժումը։ Ժողովուրդը իր քվեն չի տվել ԱԺ պատգամավորի թեկնածուներին, այլ տվել է շարժմանը եւ նրա առաջնորդին։ Անձնավորված չէ այդ քվեն։ Կարծում եմ, որ խորհրդարանը կլուծի իր առջեւ դրված խնդիրները, որովհետեւ միատարր խորհրդարան է։ Այն շրջանառվող միտքը, որ ընդդիմությունը կծնվի իրենցից, դա նշանակում է, որ կարող է լինել վատ խորհրդարան։ Դա նշանակում է, որ կլինի անընդհատ ծեծկռտուք, կլինի ամբոխ։ Այն գաղափարախոսական ընդդիմությունը, որի մասին երազում ենք, չի կարող ծնվել խորհրդարանից։ Հստակ չէ գաղափարախոսական հենքը։ Հայտնի չէ՝ գործի կվերածվե՞ն կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսքերը, թե՞ ոչ։ Ես վախենում եմ, որ օրենսդիր մարմինը կարժեզրկվի, քանի որ գաղափարախոսական չէ։ Չկա հստակ բաժանում, որ մի մասը սոցիալ-դեմոկրատ են, մյուսները լիբերալ են, երրորդները պահպանողականներ են։ Պահպանողականները դուրս մնացին, բոլորն իրենց կոչում են հեղափոխական, իսկ նրանց տեսակարար կշիռը մի քիչ շատ է։

-Չե՞ք կարծում, որ ապրիլյան  թավշյա հեղափոխությամբ եւ ԱԺ արտահերթ ընտրություններով ավարտվեց ղարաբաղյան շարժման գործիչների էպոխան։

-Քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, ղարաբաղյան գործոնը շարունակելու է դեր խաղալ Հայաստանում, որովհետեւ մենք ապրում ենք «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» հասարակությունում։ Եվ մենք չենք կարող ակնկալել, որ այդ գործոնը կարժեզրկվի, քանի որ լուծված չէ խաղաղության խնդիրը։ Ես ունեմ ուրիշ մտավախություն։ Ես վախենում եմ, որ կսկսվի խաղաղության պարտադրումը Հայաստանին, կսկսեն կառուցել խաղաղության կառույցները։ Իսկ ո՛չ մենք, ո՛չ Ադրբեջանը պատրաստ չենք խաղաղության։ Պետք չէ շտապել ձերբազատվել այդ գործոնից։ Ղարաբաղյան հակամարտությունն ունի շատ մեծ պատմություն եւ դժվար հակամարտություն է։ Այն միայն մեր հակամարտությունը չէ, այն աշխարհաքաղաքական է, եւ մենք չենք կարող ակնկալել արագ լուծումներ։ Զիջումներ բառը շատ աղքատիկ է իրավիճակն արտահայտելու համար։ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ չի կորցրել իր ֆունկցիոնալությունը, այն խնդիր է լուծում։ Այդ հակամարտությունն ունի լուրջ նշանակություն տարածաշրջանի համար։ Ղարաբաղյան սինդրոմն էլ է առկա, եւ պատերազմի հետ կապված բոլոր գործոնները կշարունակեն պահպանվել, քանի դեռ կա պատերազմը։ Աշխարհաքաղաքական վիճակը թեժանում է։ Տեսեք, ՌԴ-ին ինչպես են ենթարկում պատժամիջոցների։ ԱՄՆ-ն ուզում է ձեւավորել Մեծ Մերձավոր արեւելքի քարտեզը։ Ղարաբաղյան պատերազմը դասվում է այդ հակամարտությունների շարքում, այդ հակամարտությունը լուծում է աշխարհաքաղաքական հարցեր։ 

-Տեսնո՞ւմ եք նախադրյալներ, որ ընդդիմությունը ծնվի արտախորհրդարանական ուժերից, փողոցից։

-Ես կարծում եմ, որ այս ամենի սկիզբը դրել է «Իմ քայլը» շարժումը։ Ինքը պայքարը տեղափոխեց փողոց, ձեւավորեց փողոցային շարժում, որն էլ պարտադրեց իր կամքը։ 

-Միգուցե՞ Սերժ Սարգսյանը դրեց այդ շարժման սկիզբը՝ իր ավտորիտար կառավարմամբ, ընդդիմությանը լուսանցք մղելով։ Հետ գնալով՝ կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանից առաջ էլ կար այդ ավտորիտար ռեժիմը, որն ընդդիմությանն ուղղորդում էր փողոց։

-Այո, բայց մենք կարծր ավտորիտարիզմից անցել էինք փափուկ ավտորիտարիզմի շրջան։ Հենց փափուկ ավտորիտարիզմը հանգեցրեց նրան, որ շարժումը հաջողվեց։ Ցավոք սրտի, անարդար ձեւով չի գնահատվել, որ փափուկ ավտորիտար գործիչը արյուն չթափեց, խոհեմ ձեւով հեռացավ։ Հիմա ես մտավախություն ունեմ, որ շարժումը չի կարող մնալ ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում եւ վերածվի ամբոխավարության, ինչի նշանները մենք տեսնում ենք։ Ամեն տեղից վեր կացողը փողոց է փակում եւ պահանջներ ներկայացնում։ 

-Ինչպե՞ս եք վերաբերում անցումային արդարադատության գաղափարին։

-Շատ բացասաբար։ Անցումային արդարադատությունն ես նույնացնում են տրոյկայի հետ։ Այն հեղափոխությունները, որոնք չեն կարողանում զսպել ամբոխին, դրանց հետեւանքները կարող են սարսափելի լինել։ Մենք կարող ենք երկիր կորցնել, որովհետեւ մարդիկ կտեսնեն արագ, անարդար դատաստան։ Շատ ավելի դյուրին է արդարադատության համակարգը կարգավորել, քան անցումային արդարադատության համակարգը ստեղծել։ Մենքի գաղափարը հայերի մեջ շատ արտահայտված է, այդ առումով չի կարելի տրոհել մենքի գաղափարը։ Եվ դրա համար շարժման մեջ կողք կողքի քայլում էին երիտասարդները, եկեղեցու գործիչները, ոստիկանները, հարուստներն ու աղքատները։ Ես հասկանում եմ ընտրությունների ժամանակ տարանջատելու հայտնի  տեխնոլոգիան, բայց այդ գնով տրոհելը ծանր կնստի մեր երկրի վրա։ Սկզբունքն այն է, որ հաղթողները վերցնում են ամեն ինչ։ Իսկ գիտության մեջ նշվում է, որ այդ սկզբունքը կարող է արդյունք տալ կարճատեւ ժամանակահատվածում, հեռանկարում այն ունի կործանարար ուժ։ Այսինքն՝ պետք է ամեն ինչ վերցնելու հախուռն սկզբունքը չափավորել։ Նաեւ՝ պետք է հարց տալ, թե ինչն են վերցնում, ինչը՝ ոչ։ Եվ ամեն ինչ վերցնելու հետ մեկտեղ կանգնեցին ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտության առջեւ, ինչին պատրաստ չէին։ Գործընթացը թողնում է հախուռն տպավորություն է թողնում։ Կա ինչ-որ գաղափար, որը պարզունակ է՝ պակասեցնել պետության ադմինիստրատիվ ծախսերը։ Իսկ ինստիտուցիոնալ կառույցի արդյունավետությունը որոշելու է ապագան։