Փաստաբանները ի պաշտպանություն դատավորի ակցիա են անելու

Փաստաբանները ի պաշտպանություն դատավորի ակցիա են անելու

Երեկ մինչեւ ուշ գիշեր Բարձրագույն դատական խորհուրդը քննում էր դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ-ի կողմից անձեռնմխելիությունից զրկելու, քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությունը։ ԲԴԽ-ն, ի վերջո, թույլ է տվել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ 

Ի պաշտպանություն դատավորի, մի խումբ փաստաբաններ այսօր հավաքելու են Աջափնյակի նստավայրի դիմաց։ Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացնում է, որ այնտեղ են հավաքվելու դատավորների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումների դեմ․ «Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի վերականգնման` այսօր լինելու եմ Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում` ոչ ասելու դատավորների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումներին...
...Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը, մի գնացեք դեպի կործանում տանող ճանապարհով»։

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։

Նշենք, որ Աջափնյակի դատարանում քննվելու է Բ․Բախշիյանին կալանավորելու՝ դատախազության միջնորդությունը։

Կարինե Մովսիսյան