Ցանկությունս այն է, որ մարդիկ իմանան իրականությունը․ Սիրուշոն՝ Ռոբերտ Քոչարյանի մասին (Լուսանկար)

Ցանկությունս այն է, որ մարդիկ իմանան իրականությունը․ Սիրուշոն՝ Ռոբերտ Քոչարյանի մասին (Լուսանկար)

Հայտնի երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու եւ սկեսրայրի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համատեղ լուսնկարը։ Նա նաեւ գրառում է կատարել, որտեղ նշված է․ «Տարիներ առաջ խոսակցություն ունեցանք, ասացի. «Գիտե՞ք, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում Ձեր դեմ, փորձում են ջնջել Ձեր անցած ուղին ու սուտ մեղադրանքներ Ձեզ վերագրում, միգուցե հերքե՞ք կամ ինչ-որ բան ասե՞ք»: Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի, որ խելամիտ մարդիկ դրան հավատան: Ասաց. «Իմ արած գործը եղել է մարդկանց աչքի առաջ, մարդիկ գործն են տեսնում ու գնահատում»:
Ցավոք, այդպես չեղավ:

Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Հասկացա, որ որքան երկար ես լռում, այնքան շատ է հորինվում քո մասին պատմություններ, այնքան, որ մի պահ է գալիս, երբ կատարածդ և այն, ինչ աչքովդ ես տեսնում, սկսում են ուղղակի իրար հետ ոչ մի կապ չունենալ:

Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին, ինչը սարսափելի է և չի կարող չունենալ իր ծանր հետևանքները բոլորիս համար: Ես, որպես մարդ, ով ստեղծագործական ուղին նվիրել է հայկական մշակույթին ու դրա տարածմանը (ինչի ապացուցման կարիք կարծում եմ՝ այլևս չունեմ), չեմ կարող չնկատել կամ անտարբեր լինել այն ամենի շուրջ, ինչն այսօր տեղի է ունենում մեր երկրում…Եվ հաշվի առնելով այն, որ ավելի խորքային և ներսից եմ տեսնում, թե ինչ անխնա են մարդկանց խաբում, շատ ավելի եմ ցավում:

Հավատացեք, որ ավելի դժվար է լռելը՝ գիտակցելով այն, որ իմ կողմից ասված խոսքերը կարող են սուբյեկտիվ ընկալվել, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ ես ունեմ իմ սկզբունքները, ու լինի ընկեր, թե ընտանիք, երբեք չեմ կանգնի անարդարության կողքին:

Զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ. այսպիսինն է ՆԱ՝ Աննկարագրելի Մեծ ու դժվար ճանապարհ անցած, բայց դրանից ոչ մի պահ չթուլացած, և իր մարդկային դրական ու օրինակելի տեսակը չկորցրած:

Ցանկությունս այն է, որ մարդիկ իմանան իրականությունը` ԻՐԱԿԱՆ իրականությունը, ամեն ինչի և բոլորի մասին, առանց որևէ վերապահման, և դրանից հետո թող թույլ տան դատել կամ կարծիք կազմել մարդկանց և իրադարձությունների մասին:

Ես նախընտրում եմ այն կողմում կանգնած լինել, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված, բայց իրական հայրենասիրություն կա՝ գործով ապացուցված»: