30 տարվա դասերը

30 տարվա դասերը

Ազգս Նիկոլ Փաշինյան է վերծանում։ Մի մասը հայհոյում եւ անիծում է այն օրը, երբ նրան համատեղ ուժերով բերեցինք իշխանության, ավելի փոքր մասը շարունակում է գովերգել ու օրհնել այդ օրը։ Բայց մենք այլեւս 2018-ի միամիտ, շուտ ոգեւորվող, նախկիններից ազատվելու տենչով տոգորված հանրությունը չենք։ Մեր գլխով շատ փորձանքներ են անցել այս երեք տարում, եւ այդ փորձանքները նաեւ հասունացրել են մեզ ու ավելի շրջահայաց դարձրել։ Բայց նաեւ ցավալի կորուստներ ենք ունեցել, որոնք անշրջելի հետեւանքներ են թողել մեր ճակատագրի ու նկարագրի վրա։

Ցավով պետք է խոստովանենք, որ մենք այսօր ավելի քիչ ենք գնահատում այն անկախությունը, որը ձեռք բերեցինք 1990-91 թվականներին եւ որով այնքան հպարտանում էինք շուրջ 30 տարի։ Մենք ավելի ռուսամետ ենք դարձել, չնայած ավելի ու ավելի շատ ենք գիտակցում, թե ինչ խաղաթղթի ենք վերածվել մեր ռազմավարական դաշնակցի ձեռքում, եւ նա ինչպես է այդ խաղաթուղթը հարմար պահերին օգտագործում։

Այսօր մենք ավելի մեծ ատելությամբ ենք լցված մեր անմիջական հարեւանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, քան 90-ականներին, եւ ավելի անհնարին է թվում խաղաղ համակեցության ու բարիդրացիության հեռանկարն այս տարածաշրջանում։ Բայց նաեւ հասկացել ենք, որ կառավարման փորձը, դիվանագիտական հմտությունները, հավասարակշռվածությունը, գրագիտությունը, հանդուրժողականությունը ամենակարեւոր որակներն են պետական գործիչների դեպքում։

 Գիտակցել ենք, որ փողոցից կառավարական կաբինետներում հայտնված մարդիկ կարող են չարիք դառնալ եւ մի ամբողջ հասարակության կործանման տանել։ Հասկացել ենք, որ ընտրություններով միշտ չէ, որ պետականամետ իշխանություն է ձեւավորվում, եւ, առհասարակ՝ պետությունը խաղալիք չէ, ու այն ամեն մեկին վստահել չի կարելի։