1-2 ժամ տևող գործընթացը կատարվում է շաբաթների ընթացքում․ Թավադյանի պաշտպան

1-2 ժամ տևող գործընթացը կատարվում է շաբաթների ընթացքում․ Թավադյանի պաշտպան

Այս շաբաթ վարույթ իրականացնող մարմնի հետ քննարկումներ կունենանք։ Պետք է հասկանանք՝ իրենք այս գործով ինչ հեռանկարներ են տեսնում։ Ի սկզբանե մենք այս գործով որևէ հեռանկար չենք տեսել։ Կարծում եմ՝ մի օր վարույթ իրականացնող մարմինը պետք է հասկանա, որ նմանատիպ գործելաոճը հարիր չէ իրավական պետությունում քրեական դատավարություն իրականացնող սուբյեկտներին։ Պետք է անհապաղ անձի իրավունքների սահմանափակումները վերացվեն։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Խուդոյանը պնդեց, որ այն գործողությունները, որոնք առաջին ատյանի դատարանում կարող են տևել մեկ կամ երկու ժամ, տևում են շուրջ մեկ շաբաթ։

«Այո, տոնական օրերն էլ էին խանգարում բողոքարկման գործընթացին, բայց սա միայն այս գործի մասին չէ, խոսքը բոլոր քրեական գործերի մասին է, այսինքն՝ սա հատուկ վերաբերմունք չէ այս գործի նկատմամբ։ Չնայած, մենք բազմիցս ասել ենք, որ երբ խոսք է գնում անձին կալանավորելու, անձի ազատությունը սահմանափակելու մասին, և դատարանները, և դատախազությունն ու քննիչները կարող են նույնիսկ դեկտեմբերի 31-ի գիշերը ներկայանալ դատարան և քննարկել անձի կալանքի հարցը։ Այս պահին ակնկալում ենք, որ մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ կունենանք վերաքննիչ դատարանի որոշում՝ պրն Թավադյանի խափանման միջոցի վերաբերյալ»,-ասաց փաստաբանը։

Խուդոյանի խոսքով՝ դատավորը դեռևս հայտնի չէ. «Դիմում-խնդրանքով դիմել ենք վերաքննիչ դատարանի նախագահին, որպեսզի հնարավորություն ստեղծի գործի մակագրման գործընթացին մասնակից դարձնի նաև մեզ։ Սա արել ենք, քանի որ վերջին շրջանում մենք հակված չենք հավատալ գործի մակագրաման գործընթացին։ Քանի որ մեկ այլ գործով նմանատիպ միջնորդությունը բավարարվել , կարծում ենք՝ այս գործով նույնպես դա կլինի ու հնարավորություն կստանանք մասնակցել գործընթացին։ Հավանաբար դա տեղի կունենա այսօր, կտեսնենք՝ որ դատավորին է մակագրվում գործը»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

Մանրամասները՝ տեսանյութում։