Թունավոր օղի վաճառած Աշոտ Հովսեփյանն ազատ է արձակվել

Թունավոր օղի վաճառած Աշոտ Հովսեփյանն ազատ է արձակվել

Արմավիրի մարզի բնակիչների թունավորման գործով` կեղծ օղի պատրաստելու մեջ մեղադրվող Աշոտ Հովսեփյանը երեկ ազատ է արձակվել 2 միլիոն դրամի դիմաց։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը։ Որոշումը  կայացրել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա․ Ադամյանի նախագահությամբ։

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ կան, թե դրանք որքանով են «դեմ», վիճելի է․ «Ինքն ուղղակի եղել է խաբված։ Բայց ով որ վաճառել է սպիրտը, նա էլ է իմացել, որ խմելու է»։

Նա նաեւ նշեց, որ այս գործով որեւէ այլ մեկը կալանավորված չէ: «Վաճառողն էլ չի իմացել, որ մեթիլ է։ Այ, երրորդ անձից այն կողմ տեղեկություն չունեմ։ Մեզ հասած տեղեկություններով՝ ներմուծողը չի հայտնաբերվել, իսկ Ավետիք Վարդանյանին ով է վաճառել, որը վաճառել էր Արշակին։ Ջանֆիդեցի Արշակն էլ իր հերթին վաճառել էր պաշտպանյալիս, այդ շղթայից վերեւ տեղեկություն չունեմ»։

Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սկսած, Արմավիրի մարզում զանգվածային թունավորման դեպքեր գրանցվեցին: Քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ մարզի բոլոր բնակիչները թունավորվել են իրենց համաքաղաքացի Աշոտ Հովսեփյանից գնած օղուց, որի մեջ փորձաքննությամբ հաստատվել է մեթիլ սպիրտի թույլատրելի չափաբաժինը բազմակի անգամ գերազանցող առկայություն:

Հարուցված քրեական գործի շրջանակում Հովսեփյանից բացի մեղադրանք է առաջադրվել եւս 2 քաղաքացու՝ Արշակ Արշակյանին ու Ավետիք Վարդանյանին. նրանք մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 38-207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի պատրաստելուն օժանդակելու համար: