Ալիեւը գիտի, որ ես գիտեմ, որ Նիկոլը ստախոս է

Ալիեւը գիտի, որ ես գիտեմ, որ Նիկոլը ստախոս է

Վերջին մեկ ամսում Նիկոլ Փաշինյանի բերանից առնվազն մի քանի անգամ լսել ենք, որ Զանգեզուրով ադրբեջանա-թուրքական միջանցք բացելու հարց չի քննարկվում: Շատ կուզենայի հավատալ մեր արեւ ԺՊ-ի այդ վստահեցումներին, բայց, ավաղ, դրսիններն այլ բան են ասում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, օրինակ, ընդունելով Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի գլխավորած պատվիրակությանը, միանգամայն հակառակ պնդումն է արել. «Պատերազմի ավարտից հետո առաջին փուլում Հայաստանը դեմ էր հանդես գալիս այս հարցին: Սակայն վերջերս ինձ տեղեկացրել են, որ հայկական կողմը պատշաճ կերպով ուսումնասիրում է այդ միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»: Կարող է հարց ծագել՝ ո՞վ է Ալիեւին տեղեկացրել, որ հայկական կողմը պատշաճ կերպով քննարկում է միջանցքի հարցը: Գուցե նա հորինո՞ւմ է, գուցե այդկերպ ջուր է լցնում ՀՀ նախկին իշխանությունների ջրաղացի՞ն: Իսկ եթե ճիշտ է ասում, եւ իրեն այդ մասին ուղիղ կապով տեղեկացնողն էլ Նիկոլ Փաշինյա՞նն է: Ու հենց այստեղ թագավորի տղեն մատը կծում է՝ հիշելով, թե ինչ բոյի սուտասան է Նիկոլ Փաշինյանը: 

Մի քիչ էլ լսենք Ալիեւին. «Այդ հարցը քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի շրջանակում»: Ի՞նչ կասեք, Ալիեւը ստո՞ւմ է, փորձում է ճնշո՞ւմ բանեցնել Փաշինյանի վրա, թե՞ ճշմարտությունն է բարբառում: Ի վերջո, նա ինչո՞ւ պետք է Թուրքիայի ներկայացուցչի առաջ դրվատեր Փաշինյանի կառավարությանը՝ ասելով, որ այնտեղ խելքի են եկել եւ պատշաճ կարգով քննարկում են միջանցքի հարցը: Ուզում եմ հասկանալ՝ Ալիեւի շահը ո՞րն է: Հասկանալի է, չէ՞, որ հակառակ դեպքում նա վայնասուն կբարձրացներ, կդիմեր Մոսկվային, որ այնտեղից հայերին ստիպեին՝ բացել միջանցքն ու կատարել եռակողմ պայմանավորվածությունները:

Բայց՝ ոչ, Ալիեւն Էրդողանի բանագնացին մի բան էլ հանգստացնում է, որ միջանցքը շուտով կբացվի. «Զանգեզուրի միջանցքը նոր կապ կստեղծի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք արդեն սկսել ենք Հորադիզից մինչեւ Հայաստանի հետ սահմանը ձգվող երկաթուղու կառուցումը: Վստահ եմ, որ առաջիկա երկու կամ երկուսուկես տարում այդ երկաթուղին կշահագործվի: Նախիջեւանի երկաթուղու մեծ մասը գործում է, պակասող հատվածը կկառուցվի: Զանգեզուրի միջանցքի կարեւոր հատվածը պետք է կառուցվի Հայաստանում: Այդպիսով նոր միջանցք կբացվի, եւ կապը Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ավելի ամուր կդառնա»: 

Կարծում եմ՝ Փաշինյանը լսել է Ալիեւի այս հայտարարությունը, եւ դա էր նաեւ պատճառը, որ Լոռու մարզում կիրակի օրն իրեն այդքան վատ պահեց: Է՛լ հպարտ եմ, որ պարտվել եմ, է՛լ ուրախ եմ, որ կարող եմ նայել ձեր աչքերի մեջ ու չամաչել… Աչքին էլ ինչ-որ բան էր երեւացել, որ, իբր, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գալու են իր հետ բանավիճելու: Տխուր վիճակ էր Լոռիում: Սպիտակի ու Վանաձորի հանդիպումների մասսովկան Երեւանն ու Գյումրին էին ապահովել, ինչից ոգեւորված՝ Փաշինյանն սկսեց գլուխ գովել՝ կա՞ այստեղ մեկը, որին զոռով են բերել ինձ հետ հանդիպման: Եվ նա ինչ-որ չափով ճիշտ էր: Լոռեցիներին, սյունեցիներին, գեղարքունիքցիներին, տավուշցիներին, մյուսներին ոչ ոք չէր կարող զոռով բերել Փաշինյանի հետ հանդիպման: Փոխարենը Փաշինյանի հետ էր իր «անկաշառ» խաժամուժը, որին զանգվածային տեսարաններ բեմադրելու համար, ով գիտի, աշխատավարձ ու պարգեւավճար են բաժանում:

Ալիեւը, այո, հարված հարվածի հետեւից է հասցնում: Առջեւում ընտրություններ են, իսկ նա չի թողնում, որ Փաշինյանը կենտրոնանա ընտրարշավի վրա: Փաշինյանի քարոզչությունը վերածվում է խայտառակության, եւ նույնիսկ այդ հանրահայտ ստախոսն արդեն չի կարողանում ապագայի հետ կապված նոր ստեր մոգոնել: Միայն «ապագա կա» ասելով՝ հեռու չես գնա, մեղր ասելով՝ բերանը չի քաղցրանում: Նախադասություններ են պետք, մտքեր, մինչդեռ Փաշինյանի գլխում արդեն կատարյալ փանջունիություն է կամ օստապբենդերություն: Եվ շատ բնական է, որ Փաշինյանը մեկ էլ հպարտանում է պարտությամբ: Բա էլ ինչո՞վ հպարտանա, եթե պարտությունից բացի այլ բան չունի վաճառելու ընտրողին, վաղվա ի՞նչ ծրագիր ներկայացնի, եթե մինչ օրս ներկայացրածներից ոչ մեկը չի կատարել:

Ապագա կա… Իհարկե՝ կա, բայց ո՞ւմ հետ, ո՞ւմ ուժերով եւ ո՞ւմ շնորհիվ: ՔՊ-ի ցուցակին ծանո՞թ եք: Ավելի տխուր բան ես չէի տեսել: Փչան Թոդորոս, Դդում, դոկտոր Մահ, թուրքական շպիոն ու լիքը այսպիսի բաներ, նաեւ՝ օլիգարխներ՝ Գուրգեն ու Գռզո: Եվ սա, որ կոչվում է թիմ, ծափահարում է պարտությամբ հպարտացող եւ վարչապետլամիշ լինող Փաշինյանին: Ու երբ մտածում ես, որ այս ոհմակի մեկ օր, մեկ ժամ շուտ հեռանալը կարող է երկիրը փրկել թուրքի երախից, հասկանում ես՝ նրանց հետ ոչ միայն ապագա, այլեւ անցյալ ու ներկա էլ չկա: Երեք տարի առաջ հայտնվեցին, երեք տարի գոյություն քարշ տվեցին խեղկատակությամբ, հիմա էլ գնում են՝ այդպես էլ դրական ոչինչ չթողնելով երկրին ու հասարակությանը: Բացասական՝ ինչքան ուզեք. հիվանդություն, մահ, պատերազմ, տարածքային կորուստներ, պարտություն:

Իսկ Ալիեւը փորձում է պահել «տրիպաչների» այս խմբակը՝ համոզված լինելով, որ եթե թռան, հօդս են ցնդելու նաեւ այն խոստումները, որ ստացել է վարչապետի ԺՊ Փաշինյան Նիկոլից: Ալիեւը հրաշալի գիտի, որ Նիկոլի ստերին Հայաստանում այլեւս ոչ ոք չի հավատում: Եվ, ահա, նա սկսել է բացել Փաշինյանի հետ ձեռք բերված խրթին պայմանավորվածությունների կծիկը: Դա զայրացնում է Նիկոլ Փաշինյանին, բայց ես Ալիեւին չեմ կարողանում մեղադրել, որովհետեւ Ալիեւն արդեն գիտի, որ ես գիտեմ, որ Նիկոլը շարքային ստախոս է: