Մոսկվայում ևս սկանդալ՝ հայ գինեկոլոգի մասնակցությամբ քրգործում 

Մոսկվայում ևս սկանդալ՝ հայ գինեկոլոգի մասնակցությամբ քրգործում 

Երեխաների վաճառքի հետ կապված սկանդալի կիզակետում Ռուսաստանում՝ կրկին նորածինների մահացության հետ կապված, աղմկահարույց քրեական գործ է քննվում, որտեղ գլխավոր ամբաստանյալը Մոսկվայի թիվ 27 ծննդատան հայազգի տնօրեն Մարինե Սարմոսյանն է։
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրված ՌԴ Քրեական օրենսգրքի երկու՝ 293-րդ՝ պաշտոնեական անփութություն, և 238-րդ՝ անվտանգության կանոններին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը։ Քրեական գործը հարուցվել է տուժած ճանաչված 4 կանանց բողոքների հիման վրա։ Կանանց կլինիկայում հրաժարվել են անցկացնել կեսարյան հատումներ, և տեղի է ունեցել ծննդալուծում՝ բնական ճանապարհով, ինչի արդյունքում, ըստ տուժողների, նորածինները վնասվածքներ են ստացել։

Կանանցից մեկը իրավապահներին հայտնել էր, որ թեպետ հղիության ընթացքում պտղի մոտ որևէ պաթոլոգիական շեղումներ ի հայտ չեն եկել, երեխան բժշկական սխալի, այդ թվում՝ ցավազրկողների գերդոզավորման ու ծննդօգնության ժամանակ մի շարք ագրեսիվ մարտավարությունների՝ վակուումի ու սեղմման պատճառով ծնվել է բազմաթիվ վնասվածքներով։ Երեխայի մոտ արձանագրվել են ուղեղի այտուց և կլինիկական մահ, նա չի մահացել ու դարձել հաշմանդամ։ Դեկտեմբերի 20-ին Մոսկվայի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը՝ մինչև 2020 թվականի փետրվարի 6-ը։  

Մեզ հետ զրույցում ՌԴ-ում բնակվող հայ քաղաքագետ, վերլուծաբան Մարիամ Հովսեփյանը հարցին, թե հայ համայնքն ինչպես է արձագանքում հայազգի բժշկի նկատմամբ մեղադրանքին, հայտնեց․ «Շատ ժամանակ, երբ ինչ-որ սկանդալի մեջ հայտնվում է հայ, սովորաբար, խառնվում են, և ամեն մեկը փորձում է աջակցություն ցուցաբերել։ Այս պարագայում բացարձակ ոչ մի օգնություն կամ միջամտություն համայնքի կողմից չկա։ Իսկ իր կողմնակիցները հիմնականում իր գործընկերներն են, ընկերները, հարազատները, որոնք սոցցանցերի մակարդակով ինչ-որ աջակցություն հայտնում են։ Բայց, որպես այդպիսին, հայ համայնքի որևէ կառույցից չկա։ Բայց նաև կա ռուս մայրիկների մի խումբ, որոնք իր հիվանդանոցում ծննդաբերել են և պաշտպանում են նրան»։

Մարիամը նշեց, որ նման խիստ մոտեցումը ՌԴ պարագայում նորմալ է, քանի որ այս երկիրն իր նորածին քաղաքացիների առողջական խնդիրների հետ կապված բավականին խիստ և յուրահատուկ չափորոշիչներ է սահմանում։ «Եվ այս զուգահեռը եթե նայենք, ուղղակի սարսափելի է, որ Հայաստանում կարող է 50, 100 երեխա անհետանալ։ Եվ նոր են ուշքի գալիս։ Մինչդեռ այստեղ մեկ երեխայի մահացության դեպքում տեսեք, թե ինչ խիստ մոտեցում է։ Եվ գիտեք՝ ես բժիշկ չեմ, բայց ծանոթացել եմ մասնագիտական կարծիքների հետ, որ «Դե Ցե Պե»-ն չի լինում հետծննդաբերական պրոցեսների հետ կապված»,- հավելեց Մարիամը։

Բայցև՝ նա հարց է տալիս․ եթե լիներ հակառակ իրավիճակը՝ եթե մահացած երեխան լիներ հայազգի, իսկ բժիշկը՝ ռուս, արդյոք նման օպերատիվ և խիստ արձագանք կլինե՞ր։

Նշենք, որ Մոսկվայի քաղաքապետարանի առողջապահական դեպարտամենտն ավելի վաղ հայտնել էր, որ ներքին ծառայողական քննության արդյունքներով՝ որոշում է ընդունվել թիվ 27 ծննդատան ղեկավարությանն աշխատանքից ազատելու մասին։