Փոքր երկրները պետք է հակվեն կա՛մ Արեւմուտքին, կա՛մ Արեւելքին

Փոքր երկրները պետք է հակվեն կա՛մ Արեւմուտքին, կա՛մ Արեւելքին

Հայաստանում լարված հետեւում  են Բելառուսի իրադարձություններին, աղոթում, որ ազատվեն Եվրոպայի վերջին բռնապետից։ Այդ գիծն են բռնել նաեւ որոշ ռուսական շրջանակներ՝ Կրեմլին հարող։ Զրուցել ենք «Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովի հետ։

- Կրեմլը ի՞նչ դիրքորոշում ունի բելառուսական դեպքերի շուրջ։

- Այնտեղ շատ բարդ իրավիճակ է, որը վկայում է քաղաքական լուրջ ճգնաժամի մասին։ Կրեմլը հետեւում է, իրեն շատ զգույշ է պահում։ Ճիշտ այդպիսի դիրքորոշում ուներ այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի էին ունենում Երեւանում, երբ իշխանության էր գալիս Փաշինյանը։

- Բայց Լուկաշենկոն Բելառուսում վիճակն ապակայունացնելու համար մեղադրում է նաեւ Կրեմլին։

- Ցավոք, Լուկաշենկոն սպառվում է, նրա վերջին հայտարարությունները չափազանց իրարամերժ են, նա փորձում էր տանել, այսպես կոչված, բազմավեկտոր քաղաքականություն՝ ե՛ւ Ռուսաստանի հետ ընկերություն անել, ե՛ւ Արեւմուտքի։ Բայց որպեսզի փոքր երկրները կարողանան նման բազմավեկտոր քաղաքականություն վարել, անհրաժեշտ է մեծ ռեսուրս՝ քաղաքական, ռազմական, տնտեսական։ Փոքր երկրները բազմավեկտոր քաղաքականություն տանել չեն կարող։ Նրանք ստիպված են լինելու հակվել որեւէ ճամբարի՝ Արեւմուտքի կամ Արեւելքի։ Լուկաշենկոն փորձեց խորամանկել բոլորին, բայց հայտնվեց ծանր իրավիճակում։

- Բայց ինչո՞ւ․ Քոչարյանի ժամանակ, օրինակ, Հայաստանը վարում էր կոմպլեմենտար քաղաքականություն:

- Դե, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, մենք համարում ենք, որ ռուս-հայկական հարաբերությունների ոսկե դարն էր։ Գիտեք՝ դաշնակցային հարաբերություններում պետք է հասկանալ, որ փոքր եւ մեծ երկրները հավասար չեն կարող լինել, միշտ մեծ երկիրը պետք է աջակցի ու օգնի կրտսեր գործընկերոջը։ Իսկական գործընկերոջը, որն իսկապես գործընկերային ոգով է մոտենում, ոչ թե խաղում է Արեւմուտքի ու Արեւելքի հակասությունների վրա։ Սա որոշ կասկածներ է հարուցում, Քոչարյանի ժամանակ նման զգացողություններ չկային, Փաշինյանի օրոք կան։

- Լուկաշենկոյին «մերժելու» տեխնոլոգիաները նման են 2018թ․ ապրիլյանին` փողոց փակել, երիտասարդներ, տատիկներ, ազգային դրոշներով «սիգնալ» տվող մեքենաներ։ Նմանություններ տեսնո՞ւմ եք։

- Ոչ այնքան, բայց սկզբունքորեն՝ այո՝ տեխնոլոգիաները նույնն են։ Դե․․․ այն ժամանակ Սարգսյանը ցանկացավ փոխատեղում անել եւ նախագահական երկիրը վերածեց խորհրդարանականի։ Նրա մոտ չստացվեց։ Եվ նաեւ այն պատճառով, որ նա իր համար իրավահաջորդ չէր պատրաստել։ Փորձեց երկարացնել իր քաղաքական կարիերայի ժամանակաշրջանը, ինչը բերեց Փաշինյանի կողմից հակաքայլի։ Լուկաշենկոն էլ է իրեն համարում առողջ, ուժեղ, կյանքով լեցուն ու ունակ, եւ թեպետ 27 տարի է՝ իշխանության ղեկին է, նա եւս չի լուծել իշխանության փոխանցման հարցը։ Իսկ, օրինակ, Նազարբաեւը փորձեց լուծել, այլ հարց է, որ դա այնքան էլ չստացվեց։ Հարավային Կովկասում այդ խնդիրները սուր են։ Իսկ Լուկաշենկոն միշտ իրեն դիրքավորել է որպես օպորտունիստ․․․ իր համար ծանր ժամանակներում միշտ դիմելով ռուսներին։ Սա երկակի քաղաքականություն է, որը Լուկաշենկոն այլեւս չի կարող տանել եւ կանգնած է նման ջրբաժանի առաջ։ Արդյունքում՝ կարող եմ ասել, որ օրակարգում իշխանության փոխանցման հարցն է։

- Ի տարբերություն 2018-ին Սարգսյանի, Լուկաշենկոն կոշտ ուժ է կիրառում ցուցարարների դեմ։

- Անկեղծ ասած, իրավապահ մարմիններն իրենց պարտքն են կատարում, հավատարիմ են իրենց հայրենիքի առաջ տված երդմանը։ Այլ բան է, որ չափն անցնում են, սրանք նրբություններ են, որ պետք է հասկանալ։ Սկզբում Բելառուսում իավապահներն իրենց այդպես չէին պահում։ Չեմ կարծում, որ չափն անցնելու հրահանգ կար վերեւից։ Իրենց սադրեցին, եւ նրանք որոշեցին պատասխանել, չէ՞ որ նրանք էլ մարդ են․ երբ իրենց վիրավորում են, ծաղրում, պետք է ժպտա՞ն։

- Ի՞նչ եք կարծում՝ Լուկաշենկոյին կհաջողվի՞ մնալ իշխանության ղեկին։

- Կարծում եմ՝ այո, բայց՝ կարճ։ Ինչու՝ որովհետեւ Արեւմուտքը հետաքրքրված չէ Լուկաշենկոյի հեռացմամբ, նրանք պարզապես ուզում էին իրեն թուլացնել։ Իրենք էլ նրա հետ խաղեր էին տալիս, որպեսզի հեռացնեն Ռուսաստանից։ 

- Ասում եք՝ Մոսկվան լոյալ է, բայց Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ համարվող  Մարգարիտա Սիմոնյանը գրեց, որ Բելառուսում «բարեկիրթ մարդկանց կողմից կարգուկանոն հաստատելու ժամանակն է»։

- Սա Սիմոնյանի անձնական կարծիքն է, ինչպես նաեւ՝ Տարասովի, թեպետ նա RT-ի գլխավոր խմբագրի պաշտոնն ունի, ես շարքային սյունակագիր եմ։ Բայց սա պետական դիրքորոշում չէ, ու սխալ է մոտեցումը, թե տիկին Սիմոնյանը Կրեմլի խոսնակն է։ Տիկին Սիմոնյանը բաձրաձայնում է այն, ինչի մասին մտածում է ՌԴ-ում ապրող հայկական սփյուռքի մի մասը։ Հայ համայնքը լավ է ապրում, հայերը, հատկապես քաղաքացիություն ունեցող, ՌԴ լիիրավ քաղաքացիներ են՝ այստեղ բիզնես եւ կարիերա են անում։ Եվ, իհարկե, նրանք շատ են ցանկանում, որ Ռուսաստանի եւ իրենց պատմական հայրենիքի միջեւ հարաբերությունները նորմալ լինեն, որովհետեւ, ուզենք թե չուզենք, Մոսկվայի ու Երեւանի միջեւ հարաբերությունների լարումն անդրադառնում է իրենց վրա։