«Et tu, Brute?» կամ՝ «Валико джан, я тебе один умный вещь скажу, можешь и обижаться»

«Et tu, Brute?» կամ՝ «Валико джан, я тебе один умный вещь скажу, можешь и обижаться»

«Հրապարակը» գրում է (06.10.2020). «Պատերազմական այս օրերին մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանը շատ տարօրինակ վարքագիծ է դրսեւորում Հայաստանի ու Արցախում ընթացող պատերազմի նկատմամբ։ Նա, մի կողմից, հայտարարում է, որ արգելել է Վրաստանի տարածքով ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան մատակարարվող ռազմական բեռների փոխադրումը, մյուս կողմից տեսնում ենք, թե ինչպես են իսրայելական օդանավերը Վրաստանով թռչում Ադրբեջան՝ են­թադրաբար, ռազմամթերք հասցնելով մեր հակառակորդին»։

Նախ անդրադառնանք մեր «հարեւան եւ բարեկամ» արտահայտությանը: Այո, Վրաստանը դարեր շարունակ եղել է մեր հարեւանը, բայց երբեք՝ բարեկամը: Կամ, ավելի ստույգ՝ մենք ենք վրացիներին համարել բարեկամ, իսկ իրենք ուղղակի մեծահոգաբար մտածել են. «Լավ, թող հայերն իրենց համար այդպես կարծեն»: Իսկ հայերն անկեղծորեն հարգել ու սիրել են վրացիներին: Վրացիներն ուղղակի «տարել» են այդ «անտանելի» հայերին:

Երեք տասնամյակ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի շրջա­փակմանն աջակցել են: Կասեն, թե Ռուսաստանի հետ վատ են իրենց հարա­բերությունները, այդ պատճառով էլ երկաթգիծը փակ է: Հա, էլի՝ էդ ռուսներն են մեղավոր Հայաստանի շրջափակման համար: Կարծես թե հնարավոր չէր Վրաստանի տարածքում առանց կանգի բաց թողնել գնացքները: Այլապես ինչպե՞ս էր հնա­րավոր հսկայական փող աշխատել նավահանգիստների ծանրա­բեռնման ու այլ ճանապարհներով, ինչպե՞ս էր հնարավոր կասեցնել Հայաստանի տնտեսական զարգացումը: 

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով ռազմական բեռների փոխադրման արգելքին, ապա դա կիսով չափ է ճշմարիտ. Վրաստանն արգելել է միայն հայկական ռազմական բեռների փոխադրումը ու ոչ միայն իսրայելական ինքնաթիռներով: Օրինակ, հոկտեմբերի 5-ին 4K-AZ40 գրանցման համարով ադրբեջանական Ilyushin IL-76TD-ն անցնում էր Վրաստանի օդային տարածքով դեպի Իսրայել, իսկ 6-ին՝ Ֆրանկֆուրտից 4L-GEN գրանցման համարով վրացական բեռնատար Boeing 747-236B(SF)-ը վայրեջք կատարեց Բաքվում: Հոկտեմբերի 6-ին, ժամը 10:40-ին 4K-AZ40-ը կրկին Վրաստանի օդային տարածքում էր. ուղղությունը՝ Թուրքիա-Իսրայել:
Վրաստանի անկողմնակալ, հավասարակշռված վերաբերմունքը պատերազմող կողմերի նկատմամբ իսկապես արժանի է «հիացմունքի»: 

Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանն «աչք ունեն» նաեւ Վրաստանի տարածքի վրա: Մինչդեռ հայերիս ցանկությունն է՝ այդ տարածքում տեսնել մեր պատկերացմամբ դրացի վրացիներին ու Վրաստանի պետությանը նվիրյալ ազգային փոքրամասնություններին: Իսկ եթե վրացիները շարունակեն չնկատել թուրք-ադրբեջանական էքսպանսիան, ապա մենք ստիպված կլինենք թուրքերից կռվով վերադարձնել ոչ հեռավոր ապագայում արդեն «նախկին վրացական» անվանվող տարածքը: Не горюй, батоно! Не оставим себе, а вернем вам: Мы же братья?
Այս իրավիճակը ստեղծվել է 100 տարի առաջ: «Ապրեն» թուրքերը: Հիմա փորձում են ավարտին հասցնել իրենց ծրագիրը, որին, կամա թե ակամա, նպաստում է Վրաստանը:
Ինչեւէ, Ադրբեջանն իր հանցավոր գործողություններով ի չիք դարձրեց հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Այսուհետեւ խոսք չի կարող լինել կարգավորման մասին: Խոսքը կարող է վերաբերել բացառապես Հարավային Կովկասում «վերաբաժանման» մասին, այսինքն՝ 100 տարի առաջ անարդարացի վերաբաժանման վերանայման մասին:

ՀԳ 1. Միջազգային հանրությունը նորից կոչ է անում՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ կարգավորել կոնֆլիկտը: Լավ, ուղղակի հետեւյալ հարցադրումներն անենք. 
1. Այդ միջազգային հանրությունը, արդյոք, Մեծ Բրիտանիայի 1895-1902 թվականների վարչապետ Սեսիլ Սոլսբերիի ժառանգորդը չէ՞, ում վերագրվում է «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները» արտա­հայտությունը, եւ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, թուր­քերի հետ համաձայնեցված, Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով փոխա­րինելը: 
2. Այդ այն միջազգային հանրությունը չէ՞ր, արդյոք, որի հանցավոր անգործության կամ որոշ երկրների մասով՝ հանցավոր գործողության պատճառով տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը:
3. Այդ այն միջազգային հանրությունը չէ՞, արդյոք, որը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, շարունակում է աջակցել Թուրքիայի նկրտումներին: Ո՞րն է այդպիսի քաղաքականության նպատակը: Ռուսաստանին դուրսմղելը Կովկասից ու Թուրքիայով նրան փոխարինե՞լը, ինչին, հավանաբար, դեմ չէ նաեւ Վրաստանը: 

Եթե միջազգային հանրությունը ցանկանում է վերջ դնել տարածաշրջանի կոնֆլիկտներին, ապա պետք է դադարեցնի Ռուսաստանին ու Իրանին հետապնդելը, ու Հայաստանն էլ չի դառնա աշխարհաքաղաքական այդ զզվելի «բազարների» զոհը: Թե չէ խոսում են անդեմ մարդու հիմնարար իրավունքներից՝ միաժամանակ հազարավոր մարդկանց քշելով պատերազմների սպանդանոցը: Բա ինչպե՞ս միլիարդներ ու տրիլիոններ աշխատեն:
Վրաստանը, փաստորեն, դարձել է միջազգային հանրության ակումբի գործուն անդամ: Ավելին, Վրաստանի դաշնակիցները Թուրքիան ու Ադրբեջանն են: Այդպես է հրամայել այդ ակումբը կամ NATO-ն:

ՀԳ 2. Ի դեպ, առաջիկա բանակցություններում փոխզիջումների շուրջ քննարկումներ ծավալելիս, հարգելի միջազգային հանրություն, հանուն արդարության, հիշեք Եվրոպայի միգրանտներին, որոնք եկել են ձեր կողմից հարստահարված երկրներից: Որպես փոխզիջում՝ նրանց տվեք ձեր հարստությունը, աշխատատեղերը եւ այլ բաներ: Դա իրապես արդարացի ու արժանապատիվ արարք կլինի:
Փառք մեր փառապանծ զինուժին: Հավերժ հիշատակ հերոսաբար զոհվող հայորդիներին:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր