Դանիել Իոաննիսյանի վճռորոշ ձայնը

Դանիել Իոաննիսյանի վճռորոշ ձայնը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 8 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է բարձրագույն դատական ատյանները՝ Սահմանադրական դատարանը եւ վճռաբեկ դատարանը միավորելու եւ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նշված հանձնաժողովի անդամներից մեկը՝ իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը: «Ներկայացված հիմնավորումները ինձ մոտ չեն ձեւավորել այն մասնագիտական տպավորությունը, որ առկա է նշված հիմնարար փոփոխությունն իրականացնելու սահմանադրական անհրաժեշտություն՝ հիմնված վերոգրյալ չափանիշների վրա: Ակնհայտ է, որ Հայաստանի արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական արդարադատության համակարգը ունի զարգացման եւ կատարելագործման անհրաժեշտություն։

Միեւնույն ժամանակ, հարցադրմանը մասնագիտական տեսանկյունից մոտենալու պարագայում դա հնարավոր է իրականացնել նաեւ սահմանադրական արդարադատության գործող մոդելի շրջանակներում»,- գրել է Ա. Մանասյանը։ Տիկնոջ գրառման մեջ ուշագրավ  է «մասնագիտական տպավորություն» արտահայտությունը, որը կարեւոր նշանակություն է ստանում հատկապես այն համատեքստում, որ վերոբերյալ որոշումը կայացվել է կողմ եւ դեմ ձայների գրեթե հավասար պայմաններում՝ 8 եւ 7: Այս պարագայում առանձնակի նշանակություն է ստացել հանձնաժողովի անդամներից Դանիել Իոաննիսյանի ձայնը, որը, փաստորեն, վճռորոշ է եղել՝ հօգուտ որոշման ընդունման: Բայց «մասնագիտական հանձնաժողով» կոչվածի սույն անդամն ամենեւին էլ մասնագետ չէ. Դ. Իոաննիսյանն իրավաբան չէ, նա կրթությամբ ֆիզիկոս է, ինչ-որ ժամանակ Ազգային ժողովում «օրենսդրական փոփոխությունների փաթեթներ» է սարքել՝ որպես պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգնական: Ահա նրա «իրավաբանությունը»: Իսկ եւ իսկ՝ Վահագն Հովակիմյան: 

Ուրեմն կարելի է արձանագրել զավեշտը՝ կարեւորագույն մասնագիտական վճիռները «նոր» Հայաստանում այլեւս կայացնում են ոչ մասնագետները: