Պատերազմի նոր օջա՞խ․ Մերձդնեստրն օգնության է կանչում ՌԴ-ին և աշխարհին
Մերձդնեստրի (չճանաչված հանրապետություն Մոլդովայի կազմում-խմբ․) իշխանություններն օգնության կդիմեն Ռուսաստանին՝ Քիշնևի ճնշումների պատճառով։
Նման որոշում են կայացրել պատգամավորական համագումարի մասնակիցները՝ մասնակցելով Տիրասպոլում՝ չճանաչված հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկու նախաձեռնությամբ անցկացված նիստին։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդին և Պետական Դումային ուղղված դիմումը՝ Մոլդովայի կողմից աճող ճնշման համատեքստում Մերձդնեստրին պաշտպանելուն ուղղված միջոցառումներ իրականացնելու խնդրանքով՝ հաշվի առնելով Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տարածքում Ռուսաստանի ավելի քան 220 հազար քաղաքացիների մշտական բնակության փաստը և Դնեստրում ռուսական խաղաղապահ ուժերի եզակի դրական փորձը, ինչպես նաև բանակցային գործընթացում երաշխավորի և միջնորդի կարգավիճակը»,- ասված է բանաձևում։
Բանաձևում նշվում է, որ Մոլդովան «ըստ էության տնտեսական պատերազմ է սկսել Մերձդնեստրի դեմ՝ միտումնավոր նախադրյալներ ստեղծելով բազմամիլիոնանոց բյուջեի դեֆիցիտի համար»։
Պատգամավորները հայտարարել են, որ Մոլդովան արգելափակում է դեղերի և բժշկական սարքավորումների մատակարարումը։ Բացի այդ Քիշներն օրենք է ընդունել անջատողականության մասին, որը ստեղծել է «մերձդնեստրի բառացիորեն յուրաքանչյուր քաղաքացու քրեական հետապնդման նախադրյալներ»։
«Մոլդովան միտումնավոր արգելափակում է բանակցությունները և խուսափում քաղաքական երկխոսությունից կողմերի բարձրագույն ղեկավարության մակարդակով։ Քիշնևը հրաժարվել է իրականացնել Մերձդնեստրի հետ նախկինում ձեռք բերված գրեթե բոլոր պայմանավորվածությունները»,- ասվում է բանաձևում։
Դիմումն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ-ին, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովին, «5+2» ձևաչափով միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, Եվրախորհրդարանին և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին:
Ավելի վաղ Մերձդնեստրի իշխանությունները դիմել էին ՀԱՊԿ-ին՝ զգուշացնելով Մոլդովայի կողմից իրենց ռազմական կառույցների վրա հնարավոր դիվերսիաների մասին։
Կարծիքներ